Քունն օրգանիզմի երկու կարևոր վիճակներից է։ Յուրաքանչյուրս մեր կյանքի մոտ 2/3-ը անց ենք կացնում արթուն վիճակում, իսկ 1/3-ը՝ քնած։ Չնայած որոշակի նվաճումներին ու ձեռքբերումներին քնի ուսումնասիրման ոլորտում, մինչ օրս մնում է բավական խորհրդավոր և «մոգական»։ Ի շնորհիվ էլեկտրաուղեղագրության (ԷՈՒԳ) և սոմնոգրաֆիայի մեթոդների պարզվել է, որ քունը միատարր երևույթ չէ։ Մարդը քնում է որոշակի ֆրագմենտներով, որոնք կոչվում են ցիկլեր։ Յուրաքանչյուր ցիկլը բաղկացած է երկու փուլից՝ դանդաղ և արագ քնից, որոնք հաջորդում են մեկը մյուսին, ընդհանուր առմամբ քնի ընթացքում դրսևորվելով 4-6 ցիկլով։

Դանդաղ քունը (ֆազան) կազմում է քնի տևողության մոտավորապես 75%-ը, արագը՝ 25%։ Դանդաղ քունն այդպես է կոչվում՝ ի շնորհիվ ԷՈՒԳ-ի դանդաղ ակտիվության, վեգետատիվ գործունեության նվազման, պուլսի դանդաղման, զարկերակային ճնշման նվազման։ Սա չափազանց կարևոր շրջան է (փուլ է), որը հնարավորություն է ընձեռում օրգանիզմին ուժ և էներգիա կուտակել անաբոլիկ պրոցեսների ակտիվացման հետևանքով։

Արագ քունն այնքան արտասովոր է, որ հաճախ կոչվում է պարադոքսալ քուն։ Ուղեղում այս փուլի ընթացքում գրանցվում է ռիթմիկ ակտիվություն, տեղի են ունենում ակնագնդերի արագ շարժումներ, մկանների լարվածությունն ավելի է նվազում։ Դիտվում են վեգետատիվ և էնդոկրին «փոթորիկներ»՝ տատանվում է արյան ճնշումը, շնչառությունը, սրտի կծկումների հաճախականությունը, վերջապես, հենց այս փուլում է, որ տեսնում ենք երազներ։ Երազներն իրականության և երևակայության արգասիք են, երբևէ վերապրածի և, կարծես թե, երբեք չճանաչածի համադրություն են, դրանք մեր շփումներն են անգիտակցական ոլորտի հետ։ Մարդն այդ ժամանակ լուծում է փնտրում իր համար արդիական և նշանակալից պրոբլեմների համար։ Արագ քնի ընթացքում մարդը լուծում է նաև ստեղծագործական խնդիրներ։ Դա են վկայում բազմաթիվ դեպքերը, երբ ստեղծագործողը կամ գիտնականն իրեն հուզող խնդիրների լուծումը գտել է քնի մեջ։

Քնի և արթուն վիճակի փոխհարաբերություններից ելնելով մարդիկ բաժանվում են «արտույտների» և «բուերի», ովքեր հարմարված են ավելի վաղ կամ ավելի ուշ աշխատանքի, ակտիվության, ինչպես նաև «աղավնիների», որոնք որևէ կախվածություն չունեն այդ հարաբերություններից և հեշտությամբ հարմարվում են թե՛ գիշերային, և թե՛ ցերեկային ակտիվությանը։ Հոգեկան ակտիվության ապահովման տեսակետից քունը չափազանց կարևոր գործոն է, քանի որ անքնությունը բերում է այնպիսի հոգեկան հյուծվածության (դյուրագրգռություն, քնկոտություն, սոցիալական և մասնագիտական դեզադապտացիա), ինչը չի դիտվում անգամ ամենածանր ֆիզիկական լարվածության ընթացքում։ Քնի խանգարման հիմնական ախտանիշները հետևյալն են՝ քուն մտնելու և արթնանալու խանգարում, քնի զգացողության կորուստ, քնի տևողության խանգարում, ընդմիջվող քուն, քնի խորության խանգարում, երազներ, լուսնոտություն (սոմնամբուլիզմ), քունարթմնի ռեժիմի խանգարում։ Քնի խանգարումները շատ բազմազան են, չնայած, սովորաբար, բոլորն էլ կոչում ենք անքնություն։ Համաձայն ՀՄԴ-10-ի՝ «քնի խանգարումներ» (ինսոմնիա) հասկացությունը ընդգրկում է քնի քանակի, որակի և տևողության խանգարումները, որոնք իրենց հերթին կարող են բերել քնկոտության ցերեկային ժամերին, ուշադրության կենտրոնացման խանգարումների, հիշողության թուլացման, տագնապայնության։ Հարկ է նշել, որ քնի խանգարումները, հիմնականում, երկրորդային բնույթ են կրում, և հաճախ արտահայտում են մարդու հոգեկան անհանգստությունը, հիմնականում՝ տագնապն ու դեպրեսիան, որոնք հիվանդը կարող է անգամ չգիտակցվել։ Բացի այդ, քնի խանգարումները որոշակի առումով, տարիքային պրոբլեմ են. մարդիկ կարող են վատ քնել ցանկացած տարիքում, պարզապես նախածերունական և ծերունական տարիքում այն հանդիպում է ավելի հաճախ։ Քնի խանգարումները բնորոշ են նաև հոգեբանական որոշակի վիճակների, որոնք ընթանում են կյանքի իմաստազրկմամբ։ Անկասկած, քնի խանգարումները կապված են մարմնական հիվանդությունների հետ, հատկապես՝ քրոնիկական ցավերով ընթացող հիվանդությունների։

Քնի խանգարումներն ամենահաճախ հանդիպող խանգարումներից են։ Այսպես, գրեթե յուրաքանչյուր մարդ (90%) կյանքում գեթ մեկ անգամ տառապել է անքնությունից։ Իսկ մարդկանց 1/3-ը «կարոտ է» բավարար և լավ քնի։ Քնի խանգարում ունեցողների 60%-ը գանգատվում են քուն մտնելու խանգարումից, մոտ 20%-ը՝ արթնանալու, մնացած 20%-ը՝ զանազան խանգարումներից։ Քնի խանգարումների ժամանակ խախտվում են քնի բոլոր փուլերն ու բաղադրիչները։ Ըստ ՀՄԴ-10-ի՝ դրանք ընդգրկում են խանգարումների երկու մեծ խումբ՝ դիսսոմնիա և պարասոմնիա։։ Դիսսոմնիաներն առաջնային փսիխոգեն վիճակներ են, որոնք բնութագրվում են քնի քանակի, որակի և տևողության հուզականորեն պայմանավորված խանգարումներով, այսինքն՝ ինսոմնիա, հիպերսոմնիա և քուն-արթմնի ռեժիմի խանգարում։ Պարասոմնիա տերմինով առանձնացվում են քնի ընթացքում առաջացած ոչ նորմալ էպիզոդիկ վիճակները՝ սոմնամբուլիզմ, գիշերային սարսափներ, մղձավանջներ։ Նշված անօրգանական բնույթի քնի հոգեծին խանգարումներից բացի, ՀՄԴ-10-ը առանձնացնում է նաև օրգանական բնույթի քնի խանգարումներ՝ նարկոլեպսիա, կատալեպսիա, քնի ապնոէ։

1.Դիսսոմնիաներ
Դիսսոմնիաները նկատվում են բնակչության 28-45%-ի մոտ և, մոտավորապես, դրանց կեսի համար այն դրսևորվում է որպես լուրջ կլինիկական պրոբլեմ։

Ինսոմնիան սահմանվում է որպես քուն մտնելու և այն պահպանելու ախտաբանական վիճակ, երբեմն զուգորդվող ցերեկային թուլությամբ, քնկոտությամբ, աշխատունակության անկմամբ։ ՀՄԴ-10-ում օգտագործվում է «անքնություն» տերմինը։ Հիմնական կլինիկական գանգատներն են դժվար քնելը, հաճախակի արթնանալը և վատ քնելը։ Այս վիճակը տևում է առնվազն մեկ ամիս և դիտվում 2-3 օրը մեկ անգամ։ Հիվանդները մտահոգված են իրենց վիճակով և դրա հետևանքներով, առաջանում են խնդիրներ, որոնք խոչնդոտում են, անգամ արգելակում, հիվանդների սոցիալական և մասնագիտական գործունեությունը։ 

Ինսոմնիայի պատճառները շատ տարբեր են՝

1. Հոգեֆիզիոլոգիական (հակազդումներ զանազան սթրեսներին),
2. Նևրոտիկ խանգարումներ,
3. Փսիխոզներ (շիզոֆրենիա, աֆեկտիվ փսիխոզներ),
4. Սոմատիկ հիվանդություններ,
5. Էնդոկրին հիվանդություններ,
6. Ալկոհոլի չարաշահում,
7. Գլխուղեղի օրգանական հիվանդություններ,
8. Ժամանակի գոտիների փոփոխություն և այլն։


Ինսոմնիայի կլինիկան, սովորաբար, բաժանում են երեք փուլի՝ պրեսոմնիկ, ինտրասոմնիկ և պոստսոմնիկ խանգարումների։

Պրեսոմնիկ խանգարումների ժամանակ հիմնական գանգատը քուն մտնելու դժվարությունն է։ Այս դժվարությունը հաղթահարելու նպատակով հիվանդները մշակում են որոշակի «ծեսեր քնելու համար», որոնք ժամանակի ընթացքում անկողին մտնելու վախերի» հետ միասին դառնում են հիվանդագին երևույթներ։

Ինտրասոմնիկ խանգարումներն ընդգրկում են գիշերվա ընթացքում հաճախակի արթնացումները, որից հետո հիվանդը երկար ժամանակ չի կարողանում քնել, ինչպես նաև՝ «մակերեսային», «ոչ խորը» քնի զգացողությունը։ Հիվանդները, հաճախ, գանգատվում են, որ «ամբողջ գիշեր աչք չեն կպցրել»։

Պոստսոմնիկ խանգարումներն արտահայտվում են անմիջապես արթնանալուց հետո և դրսևորվում են «հոգնածությամբ», «մարմնի ջարդվածությամբ», գլխացավերով, շշմածության զգացումով։

Հիպերսոմնիան բնութագրվում է արտահայտված քնկոտությամբ ցերեկային ժամերին, տևական (մի քանի ժամ) արթնացմամբ և քնի նոպաներով։ Հիվանդները չեն կարողանում ազատվել ցերեկային ժամերին քնելու ցանկությունից ցերեկային ժամերին, նշում են, որ «կարծես հարբած լինեն»։ Հիպերսոմնիայի պատճառներն էլ բավական շատ են՝ հոգեֆիզիոլոգիական հիպերսոմնիա, նարկոլեպսիա, նևրոտիկ խանգարումներ, դեղորայքային չարաշահումներ, ժամանակային գոտիների փոփոխումներ, զանազան հոգեկան և մարմնական հիվանդություններ։ Հարկ է նշել, որ հիպերսոմնիա կարող են ունենալ նաև լիովին առողջ մարդիկ փսիխոֆիզիոլոգիական լարվածության հետևանքով։ Հիվանդության (կամ խանգարման մասին) կարող ենք խոսել, եթե այս վիճակները տևում են առնվազն մեկ ամիս և բերում սոցիալական ու մասնագիտական դեզադապտացիայի։

«Քուն-արթմնի» ռեժիմի խանգարումը դրսևորվում է «գիշեր-ցերեկ» և «քուն-արթունության» հարաբերությունների խախտմամբ և անգամ՝ աղավաղմամբ, այսինքն՝ ցերեկային քնով և գիշերային արթունությամբ։ Այս խանգարումը ևս ունի իր պատճառները, որոնցից հիմնականներն են՝ անկազմակերպ և փոփոխական քնի ռեժիմը, գիշերային աշխատանքը, ժամանակային գոտիներում տեղափոխությունները, ինչպես նաև՝ «կենսաբանական ժամացույցի» անսարքինությունը։ Խանգարման կլինիկական հիմնական ախտանշանը արտահայտվում է կոնկրետ սոցիալական պահանջներին և շրջապատում ընդունված նորմերին անհամապատասխան «քուն-արթունություն» ռեժիմի դեսինխրոնիզացիայով. հիվանդը տառապում է անքնությունից՝ քնելուն հատկացված ժամանակահատվածում, և քնկոտությունից՝ արթունությանը հատկացված ժամանակահատվածում։ Քնի անբավարար տևողությունը և որակը բերում են ընդգծված դիսթրեսի և սոցիալական ու մասնագիտական դեզադապտացիայի։

2.Պարասոմնիաներ
Զանազան պարասոմնիկ բնույթի խանգարումների շարքում իր յուրահատուկ տեղն ունի սոմնամբուլիզմը։ Սա գիտակցության խանգարման մի յուրահատուկ վիճակ է, որի ժամանակ զուգորդվում են քնի և արթունության ֆենոմենները։ Սոմնամբուլիզմի ժամանակ հիվանդը ելնում է անկողնուց և քայլում սենյակում, երբեմն փորձելով դուրս գալ բնակարանից, ընդ որում՝ այդ ընթացքում նա դրսևորում է գիտակցման, հակազդման և շարժողական հմտությունների ցածր մակարդակ։ Արթնանալուց հետո հիշողությունը կատարվածի մասին, սովորաբար, բացակայում է։ Դրվագի ընթացքում հիվանդի դեմքը «բացակայող» է, ոչինչ չի արտահայտում։ Հիվանդները բավական թույլ են արձագանքում շրջապատի ազդակներին, և ջանքեր են պահանջվում նրանց «արթնացնելու» համար։ Արթնանալուց հետո մի քանի րոպեի ընթացքում բացակայում է հոգեկան ակտիվության որևէ դրսևորում։ Սակայն, երբեմն կարող է հետևել շփոթվածության և ապակողմնորոշման կարճ փուլ։

Գիշերային սարսափները ծայրահեղ վախի, սարսափի և խուճապի գիշերային դրվագներն են, որ ընթանում են շարժողական, վեգետատիվ ակտիվությամբ և վոկալիզացիայով (ձայնային երևույթներով)։ Հիվանդները սարսափահար ճիչով վեր են թռչում անկողնուց, երբեմն փորձելով փախչել, փրկվել։ Հանգստացնելու և օգնելու փորձերն ավելի են ահաբեկում նրանց, քանի որ վերջիններս ի վիճակի չեն արձագանքել և հակազդել միջավայրի ջանքերին և գտնվում են ապակողմնորոշված վիճակում։ Արտահայտված են հաճախասրտությունը, շնչարգելությունը, քրտնարտադրությունը, բբերը լայնացած են։ Դրվագը կարող է տևել 1-10 րոպե։ Արթնանալուց հետո գրեթե ոչինչ չեն հիշում կամ էլ՝ միայն մի քանի դրվագ։

Մղձավանջները վախով և տագնապով հագեցած երազներ են, հիվանդները դրանք լավ են հիշում, ընդհուպ մինչև մանրուքները։ Ըստ թեմայի՝ երազներն ահաբեկող են, նվաստացնող, սպառնացող հիվանդների կյանքին ու անվտանգությանը։ Մղձավանջի ընթացքում նկատվում են արտահայտված վեգետատիվ դրսևորումներ՝ հաճախասրտություն, շնչարգելություն, քրտնարտադրություն, գունատություն և այլն։ Արթնանալուց անմիջապես հետո հիվանդները վերադառնում են նորմալ ակտիվությանը, ընդունակ են հանգիստ շփվելու։ Սակայն երազների կրկնությունն ու դրա հետ կապված քնի խանգարումները լրջորեն անդրադառնում են հիվանդների ընդհանուր ինքնազգացողության վրա և բերում դեզադապտացիայի։ Օրգանական բնույթի քնի խանգարումներից, որպես հաճախ հանդիպող և անհանգստություն պատճառող, հարկ ենք համարում նշել «ապնոե քնի մեջ» համախտանիշը, որը բավականին տարածված է բնակչության շրջանում (3-24%)։ Այս համախտանիշի հիմնական ախտանշաններն են արտահայտված խռմփոցները, ընդգծված ցերեկային քնկոտությունը, զարկերակային հիպերտոնիան, առավոտյան գլխացավերը, շարժողական ակտիվությունը քնի մեջ և այլն։ Ապնոեն հիմնականում դիտվում է զանազան նյարդաբանական և մարմնական հիվանդությունների ժամանակ։

Շփման ձևերն ու միջոցները
Մարդուն, սովորաբար, բնորոշ է շփվելու, հարաբերվելու պահանջը, որը և նրա կենսասոցիալական էության հետևանքն է։ Շփումը մարդու հոգեկանի, նրա մտածողության, խոսքի, անձի առանձնահատկությունների ձևավորման կարևորագույն հանգամանքներից է։ Այն պայմանավորված է մարդու հասարակական վիճակով և այլ մարդկանց հետ շփվելու ներքին մղումներով։ Շփման ընթացքում կատարվում է փորձի ձեռք բերում, գիտելիքների կուտակում և փոխանակում, հուզական զարգացում և այլն։

Առանձնացնում են շփման երեք ձև՝

1. Կոմունիկատիվ՝ ինֆորմացիայի փոխանակում,
2. Ինտերակտիվ համագործակցելու միջոց,
3. Պերցեպտիվ՝ այլ անձի ընկալման միջոց կամ ձև։


Կոմունիկատիվ շփումը դասվում է խոսքային (վերբալ) շփման ձևերին, ինտերակտիվ և պերցեպտիվ տեսակները՝ ոչ խոսքային (ոչ վերբալ)։ Խոսքային շփումը ենթադրում է համագործակցային հարաբերություններ։ Որպես գործընկերներ կարող են հանդես գալ երկրորդ, երրորդ անձինք (միջանձնային շփում), ինչպես նաև ինքը՝ սուբյեկտը, որը կարող է շփվել ինքն իր հետ (ներանձնային շփում)։ Շփման հիմնական միջոցը լեզուն է, որն արտահայտվում է խոսքի միջոցով։ Շփման այս միջոցը բնորոշ է բացառապես մարդուն և այն ձևավորվել է մարդու պատմական զարգացման գործընթացում։ Յուրաքանչյուր անհատ իր օնտոգենեզի ընթացքում տիրապետում է խոսքային շփման միջոցներին։ Խոսքը խիստ անհատական բնույթ է կրում յուրաքանչյուր մարդու համար։ Խոսքի նշանակությունն ու դերը մարդ էակի համար անսահման է։ Այն ունի մի քանի կարևոր ֆունկցիա.

  • Շփման ֆունկցիան որպես գիտելիքների, փորձի, մտքի, կարծիքի, հուզական վիճակի, վերաբերմունքի մեկ այլ մարդու փոխանցելու, ինչպես նաև՝ գործելու կամ համագործակցելու դրդման միջոց է,
  • Նշման ֆունկցիա առարկաների, երևույթների, հատկությունների, որակների և այլնի նշման (անվանման) միջոց է,
  • Ընդհանրացման և վերացարկման ֆունկցիան մտքերի առաջացման, ձևավորման և արտահայտման, երևույթների էական հատկությունների արտացոլման միջոց է,
  • Դրդման ֆունկցիա ակտիվության կամ գործունեության դրդման միջոց է,
  • Ցուցողական (ինդիկատիվ) ֆունկցիան ցուցումներ և ուղղություններ տալու միջոց է,
  • Պրեդիկատիվ ֆունկցիան մտքերի շարադրումն է,
  • Արտահայտչական ֆունկցիան խոսքի հուզական կողմն արտահայտելու միջոց է։
  • Խոսքային շփումը ենթադրում է, որ երկու անհատ շփվում են միմյանց հասկանալի լեզվով։ Այլ, անհասկանալի լեզվի օգտագործումն անիմաստ է դարձնում շփումը, ավելի ճիշտ՝ լիովին բացառում է կոմունիկացիան, քանի որ այն, իր հերթին, ենթադրում է փոխադարձ կապի հնարավորություն՝ խոսքային կոմունիկացիան միշտ երկխոսություն է։ Հակառակ դեպքում՝ խոսքը կարող է լինել անարդյունք։

Ոչ խոսքային շփումը ենթադրում է միջոցների կիրառում և իրականացվում է հետևյալ հնարավորությունների և միջոցների օգնությամբ՝

  • Միմիկա՝ դեմքի մկանների կոորդինացված շարժումներ, որոնք արտահայտում են իրավիճակին բնորոշ հույզեր, արձագանքներ և այլն,
  • Ժեստիկուլյացիա՝ ձեռքերի և մարմնի կոորդինացված շարժումներ, որոնք արտահայտում են համապատասխան հույզեր,
  • Հպման համակարգ,
  • Էքսպրեսիա (պարալինգվիզմ)՝ ձայնի տեմպը, ուժը, լարվածությունը, նրա ինտոնացիան, տեմբրը, հոդաբաշխությունը,
  • Վարքի ընդհանուր ոճը և առանձին իրավիճակային քայլերը,
  • Արտաքին տեսքը,
  • Պայմանական նշումներ՝ դաջվածք, սպի և որոշ պարագաների օգտագործում (գոտի, փողկապ, ապարանջան և այլն)։




Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին