Բոլոր բժիշկ-մասնագետներր ակնհայտ կապ են նշում հոգեկան խանգարումների և սոմատիկ հիվանդությունների միջև։ Ընդհանուր բժշկական փորձը ապացուցում է, որ այն անձիք, որոնք ունեն հոգեկան խանգարումներ, ցուցաբերում են սոմատիկ հիվանդության ավելի բարձր մակարդակ։ Պսիխոսոմատիկ խանգարումներն արտահայտում են հոգեկան և սոմատիկ պրոցեսների միջև գոյություն ունեցող սերտ կապերը։ Այդ կապերի ուսումնասիրությունը հանգեցրել է երկու տեսակետի՝ մի կողմից հոգեբանական գործոնները (սթրեսները) կարող են նպաստել սոմատիկ հիվանդության առաջացմանը, մյուս կողմից հոգեկան խանգարումները կարող են դրսևորվել սոմատիկ ախտանիշների ձևով։

Առաջին տիպի պսիխոսոմատիկ կապերի վրա հիմնված տեսության կողմնակիցները համարում են, որ մարդու օրգանիզմում էմոցիոնալ փոփոխությունները ուղեկցվում են ֆիզիոլոգիական փոփոխություններով, և եթե այդ փոփոխությունները հաճախակի են տեղի ունենում կամ կայուն են, ապա կարող են առաջացնել ախտաբանական սոմատիկ փոփոխություններ և դրանց հետևանքով մի շարք հիվանդություններ՝ բրոնխային ասթմա, էսենցիալ զարկերակային հիպերտենզիա, թիրեոտոքսիկոզ, ռևմատոիդ հոդաբորբ, ոչ յուրահաուկ խոցային կոլիտ, սեպտիկ խոց, նեյրոդերմիտ և այլն։ Ընդ որում, մի տեսության համաձայն այդ հիվանդությունների առաջացումը պայմանավորված է անձի յուրահատկություններով։ Մյուս տեսության կողմնակիցները համարում են, որ հոգեբանական գործոնները ախտաբանական պրոցեսներ են առաջացնում այն օրգաններում, որոնք ունեն նախատրամադրվածություն։ Այդ հիվանդությունները հայտնի են օրգան-նևրոզների անվանմամբ՝ սրտի նևրոզ, ստամոքսի նևրոզ և այլն։

Պսիխոսոմատիկ կապերի երկրորդ տիպը ընկած է այն ախտաբանական պրոցեսների հիմքում, որոնց շնորհիվ հոգեկան խանգարումները դրսևորվում են սոմատիկ ախտանշաններով։ Սոմատիկ ախտանշանները, որոնք պայմանավորված չեն որևէ ֆիզիկական պատճառով, մարմնական հիվանդությամբ, հաճախ հանդիպում են ընդհանուր պրակտիկայի բժիշկների այցելուների շրջանում։ Նման սոմատիկ ախտանշությունը փաստորեն հոգեկան խանգարումների դրսևորում է, և այդ հոգեկան խանգարումները բավական բազմազան են։ Մարմնական ախտանիշների ձևով արտահայտվող հոգեկան խանգարումների շարքին են պատկանում կոնվերսիոն հիսթերիան,հիպոխոնդրիան, դիսմորֆոֆոբիան, տագնապային խանգարումը, սոմատոֆորմ ցավային խանգարումը, ադապտացիայի խանգարումները, սոմատիգացված խանգարումը։ Գոյություն չունի հստակ պատկերացում, թե ինչպիսի մեխանիզմով է հոգեկան խանգարումը վերածվում մարմնական ախտանիշի։ Այդ մեխանիզմը, այդ պրոցեսը կոչվում է սոմատիզացիա, սակայն ինչն է այդ սոմատիզացիայի հիմքը առայժմ պարզ չէ։ Սոմատիզացիան հանդիպում է բազմաթիվ հոգեկան խանգարումների ժամանակ, սակայն այն ավելի բնորոշ է ադապտացիայի, տրամադրության տագնապային խանգարումներին, դեպրեսիային։

Պսիխոսոմատիկ խանգարումների տարածվածությունը։ Պսիխոսոմատիկ խանգարումների հիվանդացությունը կազմում է 15– 50%։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին