Մտածողության խանգարումները մեծ տեղ են գրավում ընդհանուր հոգեախտաբանության մեջ։ Մտածողության ախտաբանությունը դրսևորվում է.

ա) ասոցիատիվ պրոցեսների խանգարումներով
բ) մտածողության բովանդակության (դատողությունների) խանգարումներով։

Ասոցիատիվ պրոցեսների խանգարումներ։ Այդ խմբին են պատկանում մտածողության տեմպի փոփոխությունները, որոնք արտահայտվում են ասոցիացիաների դանդաղումով կամ արագացումով։ Մտածողության տեմպի դանդաղելու դեպքում հիվանդները դժվարությամբ են կատարում ցանկացած մտավոր աշխատանք, ուշացումով են ըմբռնում ասվածի իմաստը, նրանց խոսքը լինում է սակավաբառ։ Ասոցիացիաների դանդաղումը հիմնականում բնորոշ է դեպրեսիվ վիճակներին։ Մտածողության արագացումը բնութագրվում է մտքերի ընթացքի աշխուժությամբ։ Այդ արագացումը կարող է վերաճել «մտքերի թռիչքի, երբ անհնար է դառնում որսալ մտքի թելը։ Ուշադրության շեղվածության պատճառով հիվանդները, մի միտքը չավարտած, անցնում են մյուսին։ Հիվանդները լինում են շատախոս, մտածողությունը դառնում է մակերեսային։ Ասոցիացիաների արագացումը հատուկ է մանիկալ վիճակներին։

Մտածողության ճեղքվածությունը (շիգոֆագիա) դիտվում է շիզոֆրենիայի ժամանակ։ Դրան բնորոշ է մտքերի միջև տրամաբանական կապի բացակայությունը, թեև խոսքը լինում է քերականորեն ճշգրիտ։ Այսպես, օրինակ «Պողպատը տիեզերքի կորելյացիոն կայունությունն է։ Գրեցի 17 սխալ, քանի որ ճշգրտել եմ 2 կարգի սիմետրիայի, դաշտի հզորությամբ։ Պարզ է, ճշգրտումը ճկուն է։ ժամանակը կայուն է։ Էդիկ, լավ պահիր կայունության աստիճանը։ Հարգանքներով՝ Գևորգ։

Մտքի խցանում կամ կանգ (շպերունգ)՝ հիվանդը անսպասելիորեն պապանձվում է, մտքերն ասես արգելակվում են։ Դա տեղի է ունենում պարզ գիտակցության ֆոնի վրա. հիվանդն զգում է, որ միտքը չքացավ, բայց մի քանի ակնթարթ անց շարունակում է կիսատ թողած խոսքը։ Այդ երևույթը հաճախ դիտվում է շիզոֆրենիայի ժամանակ։

Աուտիստական (ներամփոփ) մտածողությունը իրականությունից կտրված է և պայմանավորված է հիվանդի ներաշխարհով, երևակայությամբ, հիվանագին ապրումներով, ցնորքներով ու զառանցանքով: Հիվանդը ընկղմվում է իրականության հետ կապ չունեցող երևակայության և հիվանդագին ապրումների աշխարհը: Բնորոշ է շիզոֆրենիային և շիզոիդ պսիխոպաթիային:

Սիմվոլիկ (խորհրդանշական) մտածողություն՝ հիվանդները հատուկ, միայն իրենց հասկանալի իմաստ են նկատում շրջապատող իրերի ու երևույթների մեջ։ Այսպես, կանաչ գույնը հիվանդի համար կարող Է հանդիսանալ դժբախտության ահազանգ, ասված նախադասության մեջ եղած բառերի թիվը հուշում է, թե քանի օր է մնացել նրան ապրելու և այլն։ Սիմվոլիկան կարող է արտահայտվել հիվանդի գրավոր խոսքում, նկարներում և այլն:

Մտածողության պերսևերացիան միևնույն բառի կամ արտահայտության, արդեն ասված խոսքի, նախադասության միօրինակ կրկնությունն Է։ Օրինակ, հարց. "Ինչ՞ գանգատներ ունեք"։ Հիվանդի պատասխան. "Գանգատներ չունեմ"։ Հարց. "Դեղորայք ընդունել՞ եք"։ պատասխան. "Գանգատներ չունեմ", և այսպես շարունակ։

Մտածողության խանգարումներից է նաև դատարկաբանությունը (փիլիսոփայական ինտոքսիկացիա), երբ հիվանդը անպտուղ, անմիտ իմաստականություն է անում, անկարող լինելով արտահայտել ասելիքի նպատակն ու էությունը։ Աղքատ և անբովանդակ դատողությունները նա համեմում է վերամբարձ բառերով ու արտահայտություններով, փիլիսոփայում է չկարողանալով փաստերով հաստատել իր ասածը։

Մտքահոսություն (մենտիզմ՝ մտքերի ակամա հորդահոսք). մտքերի, պատկերների, պատկերացումների հորձանք է, այդ հորձանքը հսկելու անկարողություն, ինչպես նաև դրանք կողմնակի ուժերի կողմից հարուցված լինելու զգացում։ Սա Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշի ախտանիշներից մեկն է, բնորոշ է շիզոֆրենիային։

Մտածողության անկապությունը (ինկոհերենցիա) դիտվում է գիտակցության խանգարումների ժամանակ։ Դա վերլուծելու և ասոցիացիաների քաոսային ընթացք է, երբ բացակայում են ոչ միայն տրամաբանության տարրերը, այլ նաև խոսքի քերականական կանոնավորությունը։ Խոսքը վեր է ածվում բառերի և արտահայտությունների անկապ հավաքածուի. «Կանչեք... վազում են... սև, սև... սեղաններ և աթոռներ։

Մտածողության հանգամայնությունը, մտածողության դանդաղեցումը, մտքի դժվարահոսությունը«մածուցիկությունը բնորոշ է էպիլեպսիային և գլխուղեղի օրգանական հիվանդություններին։ Իներտության, մի մտքից մյուսին անցնելու դժվարության հետ մեկտեղ հիվանդը կանգ է առնում ավելորդ մանրամասների վրա չկարողանալով կարևորը, էականը տարբերել երկրորդականից, անկարևորից։

Մտածողության բովանդակության խանգարումներ։ Այս խանգարումների խմբին են պատկանում զառանցական մտքերը, կպչուն (սևեռուն) վիճակները և գերարժեքային մտքերը։

Զառանցական մտքերը ախտաբանական հողի վրա ծագող սխալ դատողություններ են։ Դրանք ուղղման չեն ենթարկվում և չեն փոխվում՝ հակառակը համոզելիս։ Հիվանդը համոզված է իր դատողությունների, մտահոգությունների ճշմարտացիության մեջ, դրանց նկատմամբ քննադատություն չի ցուցաբերում։ Սխալ, ոչ ճիշտ դատողություններ կարող են լինել նաև հոգեպես առողջ մարդկանց մոտ։ Սակայն դրանց վրա, ի տարբերություն զառանցանքի, կարելի է ազդել, որոշակի պայմաններում դրանք հնարավոր է շտկել, հաղթահարել (մակարդակի բարձրացում, կրթություն, համոզիչ փաստարկների մեջբերում և այլն)։ Զառանցական մտքեր պարունակող հոգեախտաբանական համախտանիշները դիտվում են հոգեկան շատ հիվանդությունների ժամանակ։ Զառանցանքը լինում է առաջնային (մեկնաբանողական) և երկրորդային (զգացմունքային, պատկերավոր)։ Առաջնային զառանցանքի համար հիմք են ծառայում փաստերը, իրադարձությունները, որոնք հիվանդի կողմից աղավաղված և սխալ մեկնաբանվում են յուրօրինակ ծուռ տրամաբանությամբ։ Այն ամենը, որը հակասում է զառանցանքի սկզբունքներին, մի կողմ է նետվում որպես ոչ էական։ Այսպես, հիվանդի կարծիքով անցորդները փողոցում խոսում են իր մասին, թերթերում տպագրված հոդվածները նվիրված են իր կյանքի իրադարձություններին և այլն։ Զառանցանքը առաջանում է հոգեկան խանգարման սկզբնական շրջանում և նրա միակ հատկանիշն է։ Այդ խմբի զառանցական մտքերին են պատկանում հայցամոլական, խանդի, սիրային, հիպոխոնդրիկ, բարձրատոհմիկ ծագման բարեփոխումների, հետապնդման (հետապնդող-հետապնդվողներ) զառանցական մտքերը: Առաջնային զառանցանքը աստիճանաբար համակարգվում և պրոգրեսիվում է:

Երկրորդային կամ զգայական զառանցանքը ի սկզբանե ձևավորվում է ցնորքների, պսիխոսենսոր և հուզական և հոգեախտաբանական այլ խանգարումներին զուգահեռ (օրինակ ցնորքների, աֆեկտիվ խանգարումների հետ) դրանց ազդեցության հետևանքով։ Այդ զառանցական մտքերը բազմատեսակ են, փոփոխական, մերթ քիչ թե շատ մոտ են իրական իրադարձություններին, մերթ ֆանտաստիկական հետապընդման, թունավորման, նիհիլիստական, մեծամոլական, ֆիզիկական ազդեցության, ինքնամեղադրման և այլ բնույթի են։ Այստեղ տրամաբանական կապերը թույլ են «փաստարկումները անհետևողական։ Առաջնային զառանցանքի դեպքում խանգարվում է գերազանցապես դատողական, տրամաբանական ճանաչողությունը, զգացողական զառանցանքի ժամանակ՝ իրական աշխարհի առարկաների և երևույթների անմիջական ընկալումը, արտացոլումը։ Այսպիսով, առաջնային զառանցանքը սովորաբար լինում է համակարգված, հետևողականորեն հիմնավորված հիվանդի սուբյեկտիվ, աղավաղված տրամաբանությամբ, մինչդեռ երկրորդային զառանցանքը համակարգված չէ, կցկտուր է, անկայուն, անավարտ, բազմաբնույթ։ Առանձնացնում են հետևյալ բնույթի զառանցական մտքեր։ Վերաբերման և նշանակության զառանցանք, երբ հիվանդը համոզված է, թե շրջապատում գոյություն ունեցող երևույթներն առնչվում են իր հետ։ Նա ամենուրեք (մարդկանց խոսակցություններում, վարքագծում և արարքներում, իրերի տեղադրության մեջ) տեսնում է իր հասցեին ուղղված ակնարկ, ազդանշաններ, սպառնալիքներ։ Օրինակ՝ եթե երկու մարդ կանգնած են կանգառում, ապա՝ հետևում են իրեն, եթե մեկը հարց է տալիս, ապա՝ ծաղրում իրեն և այլն։

Հետապնդման զառանցանքի առկայության դեպքում հիվանդը համոզված է լինում, որ ինքը թշնամիներ ունի, որոնք հետևում են իրեն նպատակ ունենալով վնասել և ֆիզիկապես ոչնչացնել իրեն։ Թշնամիները կարող են լինել առանձին մարդիկ, կազմակերպություններ, պետական օրգաններ։ Հիվանդը գտնում է, որ իրեն կարող են և պատրաստվում են թունավորել (թունավորման զառանցանք), որը հաճախ ամրապնդվում է համապատասխան ցնորքներով։ Նման հիվանդները մի որոշ ժամանակ ցուցաբերում են ծայրահեղ զգուշավորություն, ապա սկսում են հետապնդել իրենց կարծեցյալ հետապնդողներին (հետպնդվող-հետապնդողներ)։ Ֆիզիկական ազդեցության զառանցանքի առկայության դեպքում հիվանդը գտնում է, թե իր վրա ներգործում են «մագնիսական դաշտով «կոսմիկական ճառագայթներով» «էլեկտրական հոսանքով, որ այդ ներգործությունը իրականացվում է հատուկ սարքերի, հարմարանքների միջոցով, կորզում են նրա մտքերը, կառավարում գործողությունները, առաջ բերում տհաճ զգացողություններ։ Խանդի զառանցանքի առկայության դեպքում հիվանդը համոզված է լինում ամուսնական անհավատարմության մեջ, օրինակ հիվանդ ամուսինը մանրակրկիտ ստուգում է կնոջ անկողինը, սպիտակեղենը, հետևում, թե նա ուր է գնում, ինչպես է հագնվում, դիմահարդարվում, ում հետ է խոսում և այլն։ Ցանկացած փաստին տալով սխալ մեկնաբանություն, հիվանդը ոչ հազվադեպ կատարում է ագրեսիվ արարքներ։ Խանդի զառանցանքը ավելի հաճախ առաջանում է տղամարդկանց շրջանում։

Հայցամոլական զառանցանքը դրսևորվում է հիվանդի համոզվածությամբ, որ անբայրացակամ մարդիկ կամ թշնամիները ոտնահարում են իր անձնական իրավունքները, որ ինքը հանուն արդարության մղած պայքարի հետևանքով ենթարկվում է հետապնդումների։ Այդ պատճառով էլ հիվանդները բազմաթիվ բողոքներ են գրում տարբեր գերատեսչություններ, հանդիպումներ ունենում պաշտոնատար անձանց հետ։ Հիվանդին հակառակն համոզելու փորձերը միայն ավելացնում են նրա թշնամիների» թիվը։ Հիպոխոնդրիկ զառանցանք հիվանդները համոզված են լինում, թե տառապում են այս կամ այն անբուժելի հիվանդությամբ։ Նրանք դիմում են բժշկական տարբեր մասնագետների, ենթարկվում լաբորատոր բազմաթիվ հետազոտությունների։ Դրանց ժխտական պատասխանները նրանց չեն հանգստացնում, այլ իրենք են սկսում մշակել բուժման մեթոդներ, հատուկ ռեժիմ, սննդակարգ։ Ոչ հազվադեպ այս զառանցանքը վերաճում է բացարձակ անհեթեթության, հիվանդը ժխտում է իր ներքին օրգանների առկայությունը «սիրտը չկա, «թոքերը արմատից պոկված են,անոթները դատարկ են: Սա կոչվում է նիհիլիստական կամ ժխտողական զառանցանք: 

Դիսմորֆոֆոբիան և դիսմորֆոմանիան ֆիզիկական արատավորության զառանցանք է: Հիվանդները համոզված են, որ իրենց քիթը տձևացած է, ծայրանդամները՝ ծուռտիկ են, դեմքը և մարմինը անտանելի մազակալված, կամ զարգանում է հարաճուն մազաթափություն։ Չնայած էական ապացույցների բացակայությանը այնուամենայնիվ հիվանդները դիմում են տարբեր բժիշկների, ստիպում են իրենց նկատմամբ կիրառել զանազան միջոցներ, ընդհուպ մինչև վիրաբուժական գործողություններ։ Ինքնամեղադրման կամ մեղավորության զառանցանքը ծագում է տրամաբանության դեպրեսիվ ֆոնի վրա։ Հիվանդներն իրենց մեղադրում են իբր զանազան անբարոյական արարքների, ծանր հանցագործությունների համար։ Նրանք համոզված են, որ մարդիկ իրենց մեղադրում, դատապարտում են այդ արարքների համար (որոնք իրականում նրանց կողմից չեն կատարվել)։ Նման հոգեվիճակում հիվանդները հաճախ ինքնասպանության փորձեր են կատարում։ Մեծամոլական զառանցանքը զարգանում է բարձր տրամադրության ֆոնի վրա։ Դրա տարատեսակներն են` հարուստ լինելու, բարձրաշխարհիկ ծագման, գյուտարարական, ռեֆորմատորական «բարեփոխության, սիրային զառանցանքները։ Մնացորդային «ռեզիդուալ զառանցանքը կրած սուր պսիխոզի հետևանք է, երբ հոգեխանգարման վիճակից դուրս գալուց և մյուս ախտանիշների (ցնորքներ, գիտակցության խանգարումներ, հոգեշարժական գրգռվածություն) անհետանալուց հետո հիվանդի մոտ դիտվում է վերացած որոշ հոգեախտաբանական վիճակների զառանցանքային մեկնաբանություն։ Օրինակ հիվանդը դելիրիումի վիճակից դուրս գալուց հետո շարունակում է պնդել, թե իր մորը «փոխել են, և ում որ ներկայացնում են, ուրիշ կին Է։ Որոշ ժամանակ անց ռեզիդուալ զառանցանքը հետ է զարգանում, և հիվանդի քննադատությունը լիովին վերականգնվում է։ Ինդուկցված (ներշնչված, մակածված) զառանցանքը ձևավորվում է այն առողջ մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ շփում են ունեցել հիվանդ հարազատի կամ աշխատակցի հետ։ Զառանցանքի այս տեսակի դեպքում նույնությամբ կրկնվում է հիվանդի «ինդուկտորի զառանցանքի բովանդակությունը։ Դրսևորվում է այն անձանց մոտ, որոնց քննադատական դիտողականությունը թույլ է, ինտելեկտը բարձր չէ, ներշնչվող են։ Համեմատաբար ավելի հաճախ ինդուկցվում են երեխաները, ընտանիքի անդամները։

Զառանցակազմության մեխանիզմները.

1. Կատաթիմ մեխանիզմ՝ զառանցաքը ձևավորվում է չիրականացված հակումների, ձգտումների հիման վրա (գյուտարարական, հայցամոլական զառանցանքներ և այլն)։
2. Հոլոթիմ մեխանիզմ զառանցաքը ձևավորվում է պայմանավորված զգացմունքային, հուզական վիճակներով (մեծամոլական, ինքնամեղադրման զառանցանքներ և այլն):
3. Կատեստետիկ մեխանիզմ զառանցաքը ձևավորվում է ցնորքների ագդեցությամբ (թունավորման, հետապնդման զառանցանքներ և այլն)։
4. Սենեստոպատիկ մեխանիզմ զառանցանքը ձևավորվում է սենեստոպատիկ խանգարումների ներքո (հիպոխոնդրիկ, ֆիզիկական ազդեցության զառանցանքներ և այլն)։

Կպչուն վիճակները արտահայտվում են կպչուն կամ սևեռուն մտքերի, կասկածների, հիշողությունների, պատկերացումների, ցանկությունների, վախի, գործողությունների ձևով։ Կպչուն վիճակները զառանցական և գերարժեքային մտքերից տարբերվում են նրանով, որ պահպանվում է հիվանդների քննադատական վերաբերմունքը։ Նրանք հասկանում են, որ դա հիվանդագին վիճակ է, ջանում են ազատվել այդ կպչուն ապրումներից, դիմում են բժշկական օգնության ակտիվորեն փորձելով հաղթահարել դրանք, բայց ի վիճակի չեն լինում ազատվել դրանցից։

Կպչուն մտքերը (օբսեսիա) կարող են արտահայտվել այս կամ այն, ոչ հազվադեպ՝ անհեթեթ գաղափարի ձևով, որը մշտապես գրավում է հիվանդի ուշադրությունը։ Այսպես, հիվանդը անդադար մտածում է այն մասին, թե ինչ կկատարվեր, եթե լուսինը մերթ հեռանար երկրից, մերթ մոտենար։

Կպչուն վախերը (ֆոբիա) խիստ բազմազան են։ Նման դեպքում հիվանդին համակում է ուժեղ երկյուղ, որը նա ոչ մի կերպ ի վիճակի չի լինում հաղթահարել։ Մի դեպքում ծագում է կպչուն վախ փակ տարածություններից (կլաուստրոֆոբիա), երբ հիվանդները չեն կարողանում վերելակից օգտվել, ինքնաթիռ նստել, մնալ կողպված սենյակում։ Այլ դեպքում հիվանդի մոտ առաջանում է վախ բաց տարածությունից (ագրոֆոբիա), երբ նա չի կարողանում հրապարակով քայլել կամ փողոցն անցնել: Գոյություն ունի նաև վախ ամբոխի նկատմամբ, երբ հիվանդը մարդաշատ վայրում վախենում է շնչահեղձ լինել (անտրապոֆոբիա), վախ մահվան հանդեպ (թանատոֆոբիա), վարակիչ կամ անբուժելի ախտով հիվանդանալու վախ (սիֆիլիոֆոբիա, կանցեռոֆոբիա)։ Ոչ հազվադեպ, վախերի առկայության դեպքում հիվանդները սկսում են կատարել այս կամ այն գործողությունը, որը հիվանդի համար ունի պաշտպանական բնույթ և հետապնդում է սևեռուն վախը հաղթահարելու կամ մեղմելու նպատակ։ Դրանք կոչվում են ծիսակարգեր (ռիտուալներ)։ Վերջիններս ծագում են վախերի հետ միաժամանակ։ Այսպես, թանատոֆոբիա ունեցող մի հիվանդ փողոց դուրս գալուց առաջ սեղանի շուրջը երեք անգամ պտույտ էր գործում, ագորաֆոբիայով տառապող մի այլ հիվանդ փողոցն անցնելուց առաջ մի քանի կքանիստ էր կատարում։ Սկզբնական շրջանում ծիսակարգը որոշ թեթևություն է բերում հիվանդին, սակայն ավելի ուշ կորցնում է իր հանգստացնող նշանակությունը և այլևս չօգնելով հիվանդին վեր է ածվում կպչուն գործողության։ Կպչուն գործողությունները նույնպես դրսևորվում են հիվանդի կամքին հակառակ, ժամանակի ընթացքում դառնում են սովորություն, որից դժվար է ազատվել (եղունգները կրծելը, յուրահատուկ ձևով պարանոցը ձգելը և այլն)։

Գերարժեքային մտքեր։ Գիտակցության մեջ գերիշխող տեղ են զբաղեցնում, հիվանդը դրանց տալիս է այնպիսի մեծ նշանակություն, որը ամենևին էլ տեղին չէ։ Գերարժեքային մտքերն ունեն աֆեկտիվ հագեցվածություն, ուղեկցվում են հուզական լարվածությամբ, աչքի են ընկնում կայունությամբ։ Ի տարբերություն կպչուն կամ զառանցական մտքերի դրանք անհեթեթ բովանդակություն չունեն, քանի որ իրական դեպքերի նկատմամբ ցուցաբերած բնական հակազդեցություն են։ Օրինակ խանդը գերարժեքային միտք կարող է դառնալ այն դեպքում, երբ այն առաջ է գալիս իրական փաստերի կամ կողմնակի լուրերի հիման վրա։ Սակայն, եթե իրավիճակը բարերար ելք է ունենում, կամ հաջողվում է հիվանդին ապացուցել և համոզել, որ նա սխալվում է, ապա գերարժեքային մտքերը կորցնում են իրենց կարևորությունը։ Գերարժեքային մտքերը հաճախ ծագում են պսիխոպաթ անձնավորությունների, մասնավորապես պարանոյալ շրջանի պսիխոպաթների մոտ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին