Խալ (naevi) տերմինը դերմատոլոգիայում ունի տարբեր նշանակություն։ Լայն իմաստով այս անվան տակ ընդունված է հասկանալ մաշկի զարգացման զանազան սաղմնային արատներ։ Անատոմիորեն նրանք ամենից հաճախ իրենցից ներկայացնում են մաշկային ծածկույթի այս կամ այն բաղկացուցիչ տարրի հիպերպլազիան։ Նեղ իմաստով խալ են անվանում յուրահատուկ գոյացությունները, որոնք կազմված են, այսպես կոչված, խալային բջիջներից։ Խալերը կամ լինում են ծնված օրվանից, կամ առաջանում են կյանքի առաջին կամ ավելի ուշ տարիներին։

Անոթային խալեր՝ հեմանգիոմաներ։ Տարբերում են երկու հիմնական տարատեսակներ՝ մազանոթային ու փապարային (կավերնոզ)։ Մազանոթային հեմանգիոման ունի բծի տեսք՝ վարդագույնից մինչև բալագույն, տարբեր մեծության, անհարթ սահմաններով, սեղմելիս (դիասկոպիա)՝ գունատվող։ Լինելով ամենից հաճախ տափակ, երբեմն նրանք որոշ չափով բարձրանում են մաշկի մակերեսից վեր։ Գոյություն ունենալով ծնված օրից, մազանոթային խալերը կարող են հետագայում մեծանալ։ Տեղակայվում են սովորաբար դեմքի մաշկի վրա, ավելի պակաս՝ մաշկային ծածկույթի այլ տեղամասերում։ Հյուսվածաբանորեն իրենցից ներկայացնում են լայնացած լուսանցքով, ուռած և երբեմն բազմաշերտ էպիթելով պաստառված մազանոթների նորագոյացություններ։ Մազանոթային հեմանգիոմաների յուրահատուկ ձևն է աստղանմանանգիոման։ Ունի ոչ մեծ, գնդասեղի գլխիկի չափ կարմիր հանգույցիկի տեսք, որից ճառագայթաձև հեռանում են անոթային ճյուղեր։ Տեղակայվում է ամենից հաճախ դեմքի մաշկի վրա (քիթ, այտեր)։

Փապարային (կավերնոզ) կամ խոռոչային հեմանգիոման իրենից ներկայացնում է սահմանափակ հանգուցային գոյացություն, տեղադրված բուն մաշկի մեջ (երբեմն ենթամաշկում), սիսեռից մինչև հավի ձվի մեծության և ավելի հարթ կամ թմբիկավոր մակերեսով։ Մակերեսային տեղադրման դեպքում մաշկը նրա վրա ունի կապտակարմիր գույն, խորը տեղադրման դեպքում՝ թեթև երկնագույն նրբերանգ։ Սեղմման ժամանակ կարող է հարթվել, բարձր գոռալիս և հազալիս՝ չափերով մեծանալ։ Հյուսվածաբանորեն բնութագրվում է խոշոր, արյունով լցված խոռոչների առկայությամբ, որոնք պաստառված են էնդոթելով և միմյանցից բաժանված բարակ շարակցահյուսվածքային շերտերով։

Բուժումը։ Աստղաձև անգիոմաները հեշտությամբ քայքայվում են էլեկտրոլիզով։ Փապարային անգիոմաները, կախված նրանց մեծությունից, խորությունից ու տեղակայումից, հեռացվում են դիաթերմոկոագուլյացիայի մեթոդով, էլեկտրոլիզով, սառնաբուժմամբ։ Երբեմն ցուցված է վիրաբուժական հեռացում, ռենտգենաճառագայթաբուժում։

Գորտնուկավոր խալեր։ Հայտնաբերվում են կյանքի առաջին տարիներին կամ ավելի ուշ, մեծ կամ փոքր չափերի վահանիկների ձևով, միայնակ կամ բազմաքանակ, կեղտոտմ մոխրագույն կամ գորշ գույնի։ Նրանց մակերեսն անհարթ է, ծածկված եղջերային հոծ կուտակումներով։ Երբեմն գորտնուկավոր խալը տեղադրվում է գծայնորեն, զոլի ձևով։ Հյուսվածաբանորեն բնութագրվում է գերեղջերացումով, ականթոզով (էպիթելային, ելունների երկարումով) և պապիլոմատոզով։

Բուժումը։ Սառնաբուժում, դիաթերմոկոագուլյացիա, վիրաբուժական հեռացում։

Գունակային խալեր։ Ոչ մեծ, գնդասեղի գլխիկից մինչև ոսպի չափ տափակ կամ մաշկից քիչ բարձրադիր գոյացություններ են, մուգ շագանակագույն, երբեմն գրեթե սև գույնի։ Առաջանում են մերթ միայնակ, մերթ շատ մեծ քանակով և կարող են տեղակայվել մաշկային ծածկույթի ցանկացած տեղամասում։ Գունակային խալերը գոյանում են ներարգանդային կամ արտաարգանդային կյանքում, ամենից հաճախ պատանեկան հասակում։ Երկրորդ տարատեսակն են կազմում խոշոր պիգմենտային խալերը՝ մեծ կամ փոքր չափի վահանիկների ձևով, որոնք երբեմն զբաղեցնում են մաշկային ծածկույթի զգալի մակերեսը։ Այդպիսի խալերի մակերեսը մերթ հարթ է, մերթ թմբիկավոր, երբեմն ծածկված է լինում մազերով (պիգմենտամազային խալեր)։

Հյուսվածաբանորեն խալերը բնութագրվում են որպես հատուկ, այսպես կոչված, խալային բջիջների (նյարդային ծագումով) կուտակումներ։ Գունակային խալերի առանձնահատկությունն այն է, որ ընդունակ են վերափոխվելու չարորակ նորագոյացությունների, այսպես կոչված, մելանոմաների, որոնք աչքի են ընկնում արագ մետաստազներ տալու հակումով։ Չարորակացմանը ամենից հաճախ նպաստում են նրանց վնասվելը (կտրվածքներ, ճանկռում, գազում՝ հեռացման նպատակով և այլն), ինչպես նաև էնդոկրին ազդեցությունները (սեռական հասունացում, կլիմաքս)։ Սկսվող չարորակացման նշաններն են, խալի աճելը ու պնդանալը, նրա մակերեսի վրա ամուր հանգույցիկների (արբանյակների) գոյանալը, գունակի ուժեղացումը կամ, ընդհակառակը, նվազումը, խալի շուրջը նոր, ոչ մեծ գունակային բծերի գոյանալը, շրջակա ավշային հանգույցների մեծանալը։ Արտաարգանդային խալերը ավելի հաճախ են չարորականանում, քան ներարգանդայինները։

Բուժումը։ Գունակային խալերը պետք է հեռացնել այն դեպքում միայն, երբ նրանք համապատասխան տեղակայման հետևանքով ենթարկվում են հաճախակի վնասման, որը կարող է պատճառ դառնալ նրանց չարորակ կազմափոխության։ Խորհուրդ է տրվում արմատական վիրաբուժական հեռացում կամ էլեկտրաարտհատում առողջ մաշկի լայն ընդգրկումով՝ ինչպես լայնությամբ (1-2 սմ), այնպես էլ խորությամբ։ Ցուցված է նաև կարճ ֆոկուսային ռենտգենարուժում։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին