Կոտրված կամ հիվանդությունների հետևանքով քայքայված ոսկրերի ծայրերի միջև սերտաճման կայուն բացակայությունը կոչվում է կեղծ հոդ:

Պատճառներ
Կոտրվածքը կարող է չսերտաճել ոսկրաբեկորների միջև մկան կամ այլ հյուսվածք ընկնելիս, դրանց մեծ տեղաշարժի, ոսկորի մեծ հատվածի կորստի, ինչպես նաև ոսկրաբեկորների արյունամատակարարման խանգարումների (օրինակ` ազդոսկրերի վզիկի կոտրվածքների) ժամանակ: Ավելի հաճախ կեղծ հոդ առաջանում է սրունքի վրա` նրա 2 ոսկրերի կոտրվածքից հետո: Հազվադեպ կեղծ հոդը լինում է բնածին` գոյանում է պտղի ոսկրի սաղմնային արատի տեղում: Ժամանակի ընթացքում կեղծ հոդի տեղում կարող է ձևավորվել իսկական հոդի նմանակը` բեկորների ծայրերում աճառի զարգացմամբ, որը շրջապատված է հոդային ձուսպահեղուկ պարունակող սպիական հոդապատյանով:

Պաթոգենեզ
Հիմնական ախտանշաններն են` վերջույթի ֆունկցիայի խանգարումը (ձեռքն աշխատեցնելու, ոտքի վրա կանգնելու անհնարինությունը), կեղծ հոդի շրջանում ցավերը, սրունքի, ազդրի կեղծ հոդի մակարդակի վրա ոչ բնականոն շարժողունակությունը:

Բուժում
Բուժում է բժիշկը (վնասվածքաբանը, օրթոպեդը): Հիմնական մեթոդը վիրաբուժական միջամտությունն է, որի օգնությամբ բեկորներն ամուր կպչում են և սերտաճում: Լայնորեն կիրառվում են պլաստիկ վիրահատությունները` հիվանդի սեփական ոսկորի փոխպատվաստումը, ինչպես նաև ոսկրաբեկորների միացումը մետաղե կամ պլաստմասսայե կառուցվածքներով, որոնք երբեմն հյուսվածքներում մնում են ընդմիշտ, մյուսները հեռացվում են ոսկրի սերտաճումից և կեղծ հոդի վերացումից հետո: Բուժելիս լայնորեն օգտագործում են նորագույն բժշկական սարքեր, որոնք հնարավորություն են տալիս ոսկրաբեկորները հպել իրար` դրանց արագ սերտաճեցնելու և միաժամանակ ծայրանդամի կարճացումը կանխելու նպատակով: Այդպիսի սարքերի շնորհիվ հիվանդը կարող է քայլել` հենվելով հիվանդ ոտքին` վիրահատությունից հետո հենց առաջին օրերին: Վիրահատական բուժման ելքը, որպես կանոն, բարեհաջող է, որը, սակայն, մեծ համբերություն և հաստատակամություն է պահանջում, քանի որ հետվիրահատական բուժումը սովորաբար երկարատև է (1 տարի և ավելի): Որոշ դեպքերում, երբ կեղծ հոդը ցավ չի պատճառում և քիչ է խանգարում ֆունկցիային (դա հիմնականում հնարավոր է նախաբազկի ոսկրերի կեղծ հոդի ժամանակ), ինչպես նաև, եթե վիրահատությունը որևէ պատճառով հակացուցված է, խորհուրդ է տրվում կրել օրթոպեդիական սարքեր:

Կանխարգելում
Կանխարգելման համար անհրաժեշտ է բուժման ժամանակ խստորեն կատարել բժշկի նշանակումները: Հատկապես անթույլատրելի է ինքնուրույն, ժամանակից շուտ գիպսակապը հանելը, եթե հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել` տանը և պոլիկլինիկայում բուժումն ավարտելու նպատակով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին