Կատատոնիկ համախտանիշները ձևավորում են երկու բևեռային խանգարում՝ կատատոնիկ գրգռվածություն և կատատոնիկ ստուպոր։ Հիմնական խանգարումներն այս համախտանիշի կառուցվածքում արտահայտվում է կամային և շարժողական ոլորտներում՝ հիպերկինեզների կամ ակինեզների ձևով։

ա) Կատատոնիկ ստուպորի (ակինեզի) ժամանակ առկա է բարձր մկանային տոնուս (լարվածություն), որը սկսում է դեմքի մկաններից, անցնում պարանոցի, այնուհետև՝ ուսերի մկանների և այդպես մինչև ստորին վերջույթները։ Մկանային հիպերտոնուսը ուղեկցվում է մոմանման ճկունության ախտանշաններով (կատալեպսիա). հիվանդները երկարատև պահպանում են իրենց վերջույթներին տրված հարկադրված դիրքը։ Մոմանման ճկունության դրսևորումներից է նաև օդային բարձի ախտանիշը. եթե մեջքի վրա պառկած հիվանդի գլխատակից հանվի բարձը, նա երկար ժամանակ մնում է նման դիրքում, կարծես, բարձը գլխի տակ լինի։

Հաճախ հանդիպող ախտանիշներից է նաև բոլոր արտաքին ազդակներին պասսիվ ենթարկումը. հիվանդն ամենևին չի դիմադրում հետազոտողի կողմից իր հետ կատարվող գործողություններին։ Ստուպորի ժամանակ դիտվում է նաև մեկ այլ երևույթ, որը կոչվում է նեգատիվիզմ։ Այն արտահայտվում է որևէ ձևով չբացատրվող և անհասկանալի հակազդեցությամբ և դիմադրությամբ իր հետ շփման մեջ մտնող մարդկանց բոլոր խոսքերին և գործողություններին։ Տարբերում ենք նեգատիվիզմի մի քանի ձև։ Պասսիվ նեգատիվիզմի ժամանակ հիվանդը չի կատարում իրեն ուղղված հրահանգները, իսկ արտաքին միջամտության դեպքում (կերակրելիս, հագցնելիս, հետազոտելիս) դիմադրում է, ինչն ուղեկցվում է մկանային տոնուսի բարձրացմամբ։ Ակտիվ նեգատիվիզմն արտահայտում է հրահանգին կամ խնդրին անհամապատասխան մեկ այլ գործողության կատարմամբ։ Երբ հիվանդը կատարում է ճիշտ հակառակ գործողություն, ապա խոսք է գնում պարադոքսալ նեգատիվիզմի մասին։

Խոսքի խանգարումները կատատոնիկ ստուպորի ժամանակ, հիմնականում, արտահայտվում են մուտիզմի ձևով՝ լուռ են, անհաղորդակից։ Հիվանդներին կարելի է տեսնել ժամերով միևնույն և բնորոշ դիրքերից մեկում՝ պտղի դիրք, ուղիղ կանգնած, ձեռքերը ձիգ՝ մարմնի ուղղությամբ և գլուխն իջեցրած, ինչպես նաև՝ կքանստած, կողքի պառկած։ Որոշ հիվանդներ գլխին են քաշում խալաթը կամ վերմակը։ Կատատոնիկ ստուպորին բնորոշ են նաև մարմնական խանգարումներ։ Հիվանդները նկատելիորեն նիհարում են, վերջույթները ցիանոտիկ են, թաթերն ու ափերը՝ այտուցված, մաշկի վրա արտահայտվում են էրիթեմաներ, ճնշումն իջնում է, բբերը նեղանում (ընդհուպ մինչև ռեակցիայի բացակայություն), արտահայտված է թքարտադրությունը։ Տարբերում են կատատոնիկ ստուպորի երեք տեսակ՝ մոմանման ճկունություն, նեգատիվիզմ և մկանային քարացում։

Մոմանման ճկունությամբ ստուպորը առաջանում է թեթև արտահայտված մկանային տոնուսի և մուտիզմի ֆոնի վրա։ Մուտիզմը խորը և համատարած չէ։ Երբեմն հիվանդները կարող են պատասխանել ցածր ձայնով կամ շշուկով տրված հարցերին (Պավլովի ախտանիշ)։ Օրվա ընթացքում, լինելով անշարժ և լռակյաց, հիվանդները գիշերային ժամերին լռության մեջ սկսում են շարժվել, քայլել։ Չպատասխանելով իրենց ուղղված հարցերին, կարող են միջամտել ուրիշների զրույցին։ Կարող են չպատասխանել բանավոր խոսքին, բայց արձագանքել գրավորին։ Գիշերային ակտիվության շրջանում այս հիվանդները կարող են նաև սնվել։

Նեգատիվիզմով ընթացող ստուպորը բնորոշվում է լրիվ անշարժությամբ, մուտիզմով և կտրուկ արտահայտված նեգատիվիզմով։ Յուրաքանչյուր միջամտություն անմիջապես առաջացնում է հակազդություն՝ մկանային տոնուսի կտրուկ աճի ձևով։ Մկանային քարացումով ստուպորն ամենածանր ձևն է։ Հիվանդները մշտապես գտնվում են պտղի դիրքում մկանների, հատկապես՝ ծալիչների, չափազանց լարվածության պատճառով պառկում են որևէ կողքի վրա, ոտքերը ծալում են ծնկային հոդերում և քաշում դեպի որովայնը, ձեռքերը՝ սեղմում կրծքավանդակին, մատները՝ բռունցքում, գլուխն իջեցնում դեպի կուրծքը, աչքերը՝ փակ, ծնոտները՝ սեղմած, շրթունքները՝ ձգված առաջ (կնճիթի ախտանշան)։

բ) Կատատոնիկ գրգռվածությունը ներքին միասնությունից զուրկ և հախուռն գրգռված վիճակ է, որը սահմանափակ է տարածության մեջ՝ ի տարբերություն հոգեշարժական գրգռվածության և ավելի տարածուն է և անհասկանալի, քան ամենտիվ խանգարումը։ Հիվանդների գործողություններն ու քայլերն անբնական են, անհետևողական, շատ դեպքերում՝ անհիմն և հանկարծակի (իմպուլսիվ)։ Շարժումները կրկնվող են և միանման (ստերեոտիպիա), հիվանդները հակված են կրկնօրինակելու իրենց շրջապատող մարդկանց ժեստերը, միմիկան, խոսքերը, դիրքը և այլն (էխոպրաքսիա, էխոմիմիա, էխոլալիա)։ Նրանց խոսքը բավականին անկապ է և հարուստ զանազան սիմվոլիկ արտահայտություններով, նեոլոգիզմներով, կրկնություններով (վերբիգերացիա)։ Իրենց ուղղված հարցերին հաճախ տալիս են այնպիսի պատասխաններ, որոնք իմաստային և բովանդակային տեսակետից չեն բխում հարցից։ Նման անկապ և անտեղի խոսակցական գրգռվածությունը կարող է անսպասելիորեն ընդհատվել լռությամբ։

Կատատոնիկ գրգռվածությունը ուղեկցվում է զանազան աֆեկտիվ խանգարումներով՝ խանդավառ ոգևորությամբ, հափշտակվածությամբ, զայրույթով, ցասումով, ժամանակավոր անտարբերությամբ։ Կատատոնիկ գրգռվածությունը, սկզբում, ընթանում է ոգևորությամբ, շփոթվածությամբ, բարձր տրամադրությամբ, շարժողական գրգռվածությամբ։ Սակայն գրգռվածության ուժեղացման հետ կապված պաթետիկ վիճակը (իմպուլսիվ կամ պաթետիկ կատատոնիա) փոխակերպվում է դեպի հիմարավունը (հեբեֆրենիա)։ Այս վիճակը կոչվում է կատատոնիկ-հեբեֆրենիկ գրգռվածություն, որն անիմաստ միմոսության, ծամածռության, ապուշ և հիմար ծիծաղի, դատարկ և փուչ կատակների շիլա-շփոթ է։

Զարգացման գագաթնակետին կատատոնիկ գրգռվածությունը դառնում է իմպուլսիվ։ Խոսքը դառնում է ինկոհերենտ, վարքը` անկանխատեսելի և անկառավարելի, հիվանդները հանկարծ թռչում են մահճակալից, փորձում փախչել, տեղում պտտվում են, պարում, գոռում։ Կոտրում են ձեռքի տակ ընկած ցանկացած իր, հարձակվում մարդկանց վրա, ընդունում անհեթեթ դիրքեր, շարունակ ծամածռվում, կեղտ քսում իրենց վրա, ցիր ու ցան անում իրենց մատուցված կերակուրը, անիմաստ դիմադրում իրենց բռնելու յուրաքանչյուր փորձի։ Հիվանդների խոսքը բաղկացած է առանձին բառերի կամ բառակապակցությունների կրկնությունից (վերբիգերացիա)։ Իրենց ուղղված հարցերին պատասխանում են ոչ ըստ էության, հաճախ կրկնում են հարցը, շրջապատում հնչող խոսքը, նաև՝ շրջապատում գտնվող մարդկանց շարժումները (էխոպրաքսիա, էխոկինեզիա)։ Կատատոնիկ գրգռվածությունն, առավել ծանր դեպքերում, դառնում է քաոտիկ, անընդմեջ, խելահեղ դես ու դեն են նետվում՝ ինքնավնասումներով, ամեն ինչին մոլեռանդ դիմադրում են։ Այսպիսի գրգռվածությունն ուղեկցվում է լռությամբ և կոչվում խելահեղ համր կատատոնիկ գրգռվածություն։

Կատատոնիկ համախտանիշները բաժանվում են նաև 2 խմբի` լուցիդ և օնեյրոիդ։ Լուցիդ կատատոնիայի ժամանակ պահպանվում է գիտակցությունը, իսկ օնեյրոիդի ժամանակ՝ առաջանում գիտակցության երազանման մթագնում։ Այս երկու ձևերի ժամանակ հաճախ դիտվում են աֆեկտիվ, ցնորային, զառանցանքային խանգարումներ, հազվադեպ է կատատոնիան ընթանում մաքուր ձևով։ Փսիխոտիկ վիճակի ավարտից հետո լուցիդ կատատոնիայով հիվանդը կարող է ամենայն մանրամասնությամբ պատմել ոչ միայն իր ներքին ապրումները, այլև այդ ընթացքում շրջապատում կատարված իրադարձությունները։ Օնեյրոիդ կատատոնիայի դեպքում հիվանդները իրականության վերաբերյալ որևէ պատկերացում չեն պահպանում։ Կատատոնիկ խանգարումներն, առաջին հերթին, հանդիպում են շիզոֆրենիայի, նաև՝ գլխուղեղի ուռուցքների, տրավմաների ժամանակ (հիվանդության հեռավոր շրջաններում), ինֆեկցիոն և ինտոքսիկացիոն փսիխոզների, սուր էպիլեպտիկ փսիխոզների ժամանակ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին