Այս հիվանդության հարուցիչները, որ կոչվում են rubivirus, պատկանում են տոգավիրուսների դասին, արբովիրուսների և այլ կենդանիների մանրէների շարքին։ Rubivitrus-ը միակն է, որ համարվում է մարդու մակաբույծ։ Հիվանդությունն ընթանում է ոչ ծանր ախտաբանական երևույթներով (ջերմության աննշան և կարճատև բարձրացում, ցան, ավշային գեղձերի բորբոքում)։
Սակայն կարմրախտի ազդեցությունը մեծանում է այն ժամանակ, երբ դրանով վարակվում են հղի կանայք։ Հիվանդության գաղտնի շրջանը 11-ից մինչև 22 օր է։ Վերին շնչուղիներում, սկսած հիվանդության գաղտնի շրջանի վերջին 2 օրից մինչև ցանավորում սկսվելը, հարուցիչներն հայտնաբերվում են 100%-ով։

Ցանավորման շրջանում հարուցիչները կարելի է հայտնաբերել 5-7 օրվա ընթացքում, հետո դրանք աստիճանաբար անհետանում են։ Այլ կերպ ասած՝ հիվանդները վարակիչ են 10-12 օրվա ընթացքում։ Հանդիպում են նաև վարակարության դեպքեր, որոնք բավական դժվար է ախտորոշել։ Այսպիսի դեպքերում հիվանդը առողջ մարդկանց համար վտանգավոր է 3-4 օրից ոչ ավելի։ Հղի կանանց համար կարմրախտը վտանգավոր է ինչպես կլինիկական երևույթներով ընթանալիս, այնպես էլ դրանց բացակայության դեպքում։ Հատկապես վտանգավոր են հղիության առաջին 16 շաբաթները։ Վիրուսն անցնում է պլացենտա և ախտահարում է պտուղը, որից հետո առաջանում են զանազան ախտաբանական երևույթներ (վիժում, ի ծնե կատառակտ, խլություն, ֆիզիկական, հոգեկան զանազան խանգարումներ և այլն)։

Կարմրախտի վիրուսն արգելակում է բջջի միտոգեն ակտիվությունը, առաջացնում է բջիջի դեստրուկցիա, որն իր հերթին հանգեցնում է հյուսվածքի, էմբրիոնի զարգացման արգելակման, և արդյունքում ի հայտ են գալիս էմբրիոպատիայի երևույթներ։ Հիվանդությունը որոշակի չափով սեզոնային է, առավելագույն աճ նկատվում է փետրվար-մայիս ամիսներին։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Վարակվածի մեզում, կղանքում վիրուսի առկայությունը դեռևս ապացույց չէ այդ ճանապարհով հիվանդության փոխանցման հնարավորության։ Կարմրախտի նկատմամբ մարդկանց ընկալությունը բավականին բարձր է, բայց կարմրուկի համեմատ ցածր։

Հիվանդության դեմ սպեցիֆիկ բուժում գոյություն չունի։ Բուժումը սիմպտոմատիկ բնույթի է։ Հիվանդներին մեկուսացնում են 4 օրով հաշված ցանավորման սկզբից։ Սակայն այսպիսի մեկուսացման արդյունավետությունը բարձր չէ, քանի որ հիվանդության ժամանակ հաճախակի են ոչ տիպիկ, անսիմպտոմ դեպքերը։ Հղիության առաջին ամիսներին կարմրախ¬տով վարակվածություն հայտնաբերելիս խորհուրդ է տրվում կատարել արհեստական վրժեցում (բժշկի ցուցումներով)։ Հիվանդ երեխաների մեկուսացումը կոլեկտիվից այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ մարդիկ վարակվում են հիվանդության գաղտնի շրջանի վերջին օրերին և նաև այն պատճառով, որ այս հիվանդության ժամանակ բավականին մեծ տոկոս են կազմում անսիմպտոմ դեպքերը։ Շատ կարևոր նշանակություն ունի վակցինոպրոֆիլակտիկան, որը մի շարք երկրներում պարտադիր է (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին