Կարճատեսությունը տեսողության խանգարում է: Նորածինների աչքերը, որպես կանոն, հեռատես են: Երեխայի աճմանը համընթաց նրա ակնագունդը մեծանում է և 9-12 տարեկանում դառնում է գնդաձև: Սակայն երբեմն այն մի քիչ երկարում է առաջ-հետին ուղղությամբ, որի հետևանքով բբի և ցանցաթաղանթի միջև ընկած հեռավորությունը մեծանում է: Այդպիսի աչքերում հեռավոր առարկաների պատկերները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևում: Այդ առարկաները մարդը տեսնում է ոչ հստակ. առաջանում է կարճատեսություն:

Կարճատեսության ժամանակ մեծ մասամբ ակնագնդի ձևի փոփոխություններն աննշան են լինում, սակայն, երբ ակնագունդը շարունակում է երկարել, կարճատեսության աստիճանը մեծանում է: Նրա առաջընթացը կարող է հանգեցնել աչքի լուրջ փոփոխությունների և տեսողության նշանակալի կորստի: Տարբերում են կարճատեսության 3 աստիճան` թույլ, միջին և բարձր: Կարճատեսության աստիճանը որոշվում է ոսպնյակի օպտիկական ուժով, որն աչքն ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունը փոխում է այնպես, որ դրանք հատվում են ցանցաթաղանթի վրա:

Պատճառներ
Կարճատեսության առաջացման վրա ազդում է աչքի ակոմոդացիայի (ոսպնյակի փոխվելու` ավելի կամ պակաս ուռուցիկ դառնալու հատկություն) վիճակը: Կարճատեսություն սովորաբար առաջանում է թույլ ակոմոդացիայով անձանց աչքերում` մոտ տարածության վրա երկարատև և անկանոն տեսողական աշխատանք կատարելիս: Կարճատեսության առաջացմանը նպաստում են աշխատատեղի անբավարար լուսավորվածությունը, կարդալիս կամ գրելիս ոչ ճիշտ դիրքը, հաճախ` ժառանգական նախատրամադրվածությունը:

Պաթոգենեզ
Կարճատեսության դեպքում դիտվող առարկան պարզ տեսանելի է միայն մոտ տարածության վրա: Հեռավոր առարկաների պատկերները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևում և առարկաները մարդը տեսնում է ոչ հստակ:

Բուժում
Կարճատեսության խորացումը դադարեցնելու կամ դանդաղեցնելու համար շատ կարևոր է առաջին ախտանշանները նկատելը: Դպրոցականը դժգոհում է, որ գրատախտակին գրվածն սկսել է վատ տեսնել, առարկաները դիտելիս կկոցում է աչքերը: Կարդալիս գիրքը մոտեցնում է աչքերին, գրելիս գլուխը խոնարհում է սեղանին, կինոյում կամ թատրոնում ձգտում է զբաղեցնել էկրանին, բեմին մոտ աթոռ: Դա ազդանշան է ծնողների և մանկավարժների համար. անհրաժեշտ է անմիջապես դիմել ակնաբույժի, ով կնշանակի համապատասխան բուժում: Կարճատես աչքի օպտիկական թերությունը կարելի է շտկել համապատասխան ակնոցով, որը ցանցաթաղանթի վրա վերականգնում է հեռավոր առարկաների պարզորոշ պատկերը և ուժեղացնում տեսողության սրությունը, որպես կանոն, մինչև բնականոն մակարդակը: Ակնոցն սկզբում կարող է առաջացնել տհաճ զգացողություններ (առարկաների թվացյալ տեղաշարժ, թեթևակի գլխապտույտ), այդ ժամանակհարկավոր է նորից դիմել ակնաբույժի: Սակայն բարձր աստիճանի կարճատեսության ժամանակ տեսողությունը նույնիսկ ակնոցի օգնությամբ բարելավվում է աննշան: Այդպիսի դեպքերում հաճախ նպատակահարմար է երկկիզակետային ակնոց, որի ապակիները կազմված են 2 կեսից. վերինը ծառայում է հեռավոր առարկաները տեսնելու համար և օժտված է կարճատեսության լրիվ կամ համարյա լրիվ շտկող հատկությամբ: Ստորին կեսի ապակին նախատեսված է մոտ տարածության վրա աշխատելու համար: երբեմն, երբ բարձր աստիճանի կարճատեսության ժամանկ սովորական ակնոցը չի օգնում, նշանակում են հպվող ոսպնյակներ, որոնք անմիջականորեն հպվում են աչքի եղջերաթաղանթին և ցանցաթաղանթի վրա ավելի շգրիտ կիզակետում առարկայի պատկերը:

Սկզբնական կարճատեսության խորացումը հաճախ հաջողվում է դադարեցնել կամ դանդաղեցնել աչքի ակոմոդացիան լավացնող հատուկ վարժությունների շնորհիվ: Կարճատեսության առաջընթացի ժամանակ արդյունավետ է դեղորայքային բուժումը: Բարձր աստիճանի կարճատեսության և դրա առաջընթացի ժամանակ հարկավոր է տեսողական աշխատանքը հաջորդաբար փոխարինել հանգստով: Բարձր աստիճանի կարճատեսությամբ անձանց հակացուցված են ծանրություն բարձրացնելու, մանրառարկաները դիտելու հետ կապված աշխատանքները, երկար ժամանակ կորացած և գլուխը ներքև խոնարհած մնալը: Չի կարելի նաև զբաղվել մարմնի կտրուկ տեղաշարժեր և ցնցումներ պահանջող մարզաձևերով (ծանր աթլետիկա, մարմնամարզություն, ակրոբատիկա, ջրացատկեր և այլն): Բարձր աստիճանի կարճատեսություն ունեցող անձինք պետք է մանրակրկիտ կատարեն բժշկի բոլոր հանձնարարությունները, քանի որ դրանց անտեսումը կարող է հանգեցնել ծանր բարդությունների:

Կանխարգելում
Կարճատեսության առաջընթացը կանխելու համար հատկապես կարևոր է տեսողական աշխատանք կատարելիս պահպանել հիգիենային պահանջները: Դպրոցում ուսուցման կամ մասնագիտական գործունեության հետ չկապված տեսողական բեռնվածությունը հարկավոր է իջեցնել հնարավոր սահմանների:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին