Յուրահատուկ հիվանդություն է, որը հանդիպում է միայն նորածնային շրջանի երեխաների մոտ և բնորոշվում է մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքներում, գերազանցապես ենթամաշկային բջջանքում, կալցիումական աղերի կուտակումով։ Նորածնային կրակալման համար հատկանշական է, որ կալցիումի փոխանակության կողմից որևէ փոփոխություններ չեն արձանագրվում։
Էթիոլոգիան։ Վերջնականապես պարզաբանված չէ։ Կալցիումական աղերի կուտակմանը նպաստում են պտղի ներարգանդային հիպոքսիան, ծննդաբերության ընթացքում զարգացող շնչահեղձուկը, կենդանացման նպատակով պորտալարի անոթներով ներարկվող կալցիումի աղերի լուծույթները։ Հիվանդության աոաջին նշաններն արդեն նկատվում են ծնվելուց անմիջապես հետո կամ նորածնի կյանքի առաջին օրերին, երբ ենթամաշկային բջջանքում պնդացման (կարծրացման) օջախներ են հայտնվում։ Կալցիումական աղերի կուտակումը շատ հաճախ հանդիպում է հետույքի, շեքի, շուրջպորտային շրջաններում։ Տեղակայման հաճախականությամբ երկրորդ տեղում է միզատար ուղիների՝ հարերիկամային, հարմիզապարկային, հարմիզուկային բջջանքը։
Ենթամաշկային բջջանքում պնդացման օջախներին միանում են նաև մաշկի երկրորդային փոփոխությունները։ Ախտահարված օջախները պաստառող մաշկը դառնում է պինդ, մուգ կապտակարմիր գույնի։ Ախտահարված օջախները ցայտուն սահմաններ են ունենում և չփոփոխված մաշկի մակերեսից թեթևակի բարձրանում են։ Մի քանի օր անց կրակալման օջախները ծածկող մաշկը բարակում է, ենթարկվում նեկրոզի։ Գոյացած խոցերի հատակում կալցիումական աղերի փշրանքներ են երևում։ Հարուղիղաղիքային (պարառեկտալ) տեղակայման դեպքում 2-3 շաբաթական երեխայի հետանցքի շրջանում հայտնաբերվում են արագ զարգացող բորբոքման երևույթներով ինֆիլտրատներ։ Գոյանում են հարուղիղաղիքային խուղակներ։ Ամենածանր ընթացքը նկատվում է միզատար ուղիների կրակալման ժամանակ։ Այդպիսի հիվանդներն ունենում են արյունամիզություն, թարախամիզություն, հնարավոր են ուրոսեպսիսի երևույթներ։ Հիվանդության ախտորոշումը ճշտվում է ռենտգենաբանական հետազոտությամբ։ Կատարվում են ախտահարման օջախների ուղիղ և կողմնային ռենտգեննկարահանումներ։ Ռենտգեննկարների վրա ախտահարված հյուսվածքներում կրակալման խտություն ունեցող ստվերներ են հայտնաբերվում։
Բուժումը։ Միակ մեթոդը վիրահատական ճանապարհով կալցիումական կուտակումների հեռացումն է։ Ախտահարման սահմանափակ օջախների դեպքում կատարվում է ախտահարված հյուսվածքների քերում։ Միզատար ուղիների կալցինոզի, ինչպես նաև կրակալումների հեռացման հնարավորության բացակայության դեպքում բուժումը նպատակամղվում է բարդությունների կանխարգելմանը։ Սովորաբար կալցիումական կուտակումների հեռացումից հետո հիվանդության կրկնումներ չեն նկատվում։
Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին