Կակազությունը խոսքի արագության և ռիթմի խանգարում է, որը բնորոշվում է հնչյունների և վանկերի ակամա կարճատև հապաղումով կամ դրանց կրկնությամբ: Սովորաբար առաջանում է նախադպրոցական տարիքում, ավելի հաճախ բնորոշ է տղաներին:

Պատճառներ
Կարող է առաջանալ վախի, ընտանիքում ծագած ընդհարումների, վարակիչ հիվանդությունների (գրիպ, քութեշ, կապույտ հազ), գլխի վնասվածքների հետևանքով: Կակազությանը երբեմն նպաստում է ծնողների, հարազատների, ուրիշ երեխաների սխալ խոսքի ընդօրինակումը: Կակազությունը հաճախ բնորոշ է թույլ նյարդային համակարգով դյուրագրգիռ երեխաներին: Ընտանիքում և մանկական կոլեկտիվում բարենպաստ պայմանների դեպքում այն կարող է վերանալ առանց բոուժման, սակայն ավելի հաճախ պահպանվում է, ոչ հազվադեպ (հատկապես պատանեկան տարիքում)` ուժեղանում: Սովորաբար 25-30 տարեկանից հետո կակազությունը նվազում է, իսկ հասուն և տարեց մարդկանց մոտ նկատվում է խիստ հազվադեպ:

Պաթոգենեզ
Կակազող երեխաները ծանր ապրումներ են ունենում այդ թերության համար, դառնում են երկչոտ, դյուրաբորբոք, ամաչում են խոսել կողմնակի մարդկանց ներկայությամբ: Կակազելիս նրանք կակազում են, քրտնում: Հուզվելիս կակազությունն ուժեղանում է, հաճախ ուղեկցվում ձեռքերի, ոտքերի ակամա շարժումներով, դեմքի մկանների լարվածությամբ: Երբեմն կակազողներն իրենց ջանքերով կամ շրջապատողների խորհրդով կարողանում են հասնել արտաքուստ սահուն խոսքի` կակազելիս առաջացող դադարի ժամանակ որևէ վանկ կամ բառ արտասանելով: Այդպես վարվել չի կարելի, որովհետև լրացուցիչ բառերի կամ վանկերի օգտագործումը դառնում է սովորություն, հաճախ պահպանվում է ողջ կյանքում և տգեղացնում խոսքը:

Բուժում
Բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է վաղ: Ամենից առաջ անհրաժեշտ է ընտանիքում և կոլեկտիվում ստեղծել բարյացակամ և հանգիստ մթնոլորտ, երեխայի ուշադրությունը չսևեռել կակազելու վրա: Երբեմն այլ կոլեկտիվ (օրինակ` ուրիշ դպրոց) տեղափոխվելիս կակազությունը վերանում է: Բուժման համար հարկավոր է դիմել լոգոպեդի, ով երեխայի հետ պարապում է հատուկ ծրագրով: Լոգոպեդի հարկավոր է դիմել նաև այն դեպքում, երբ կակազությունով տառապող երեխայի ծնողները ևս կակազում են: Որպես կանոն` բուժմանը մասնակցում է նաև նյարդահոգեբույժը, ով օգնում է երեխային խոսելիս հաղթահարել վախը, դառնալ վստահ և հանգիստ: Վաղ սկսած կանոնավոր բուժման դեպքում կակազությունը վերանում կամ բավականին նվազում է: Առանձին երեխաների նշանակում են ընդհանուր կազդուրիչ բուժում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին