Սուր վարակիչ, վիրուսային էթիոլոգիայի հիվանդություն է, որի ժամանակ բարձրանում է հիվանդի ջերմությունը, առաջանում է մաշկի և լորձաթաղանթների պապուլոզ-վեզիկուլոզ ցան, ինտոքսիկացիա։ Հիմնականում հիվանդանում են մինչև 10 տարեկան երեխաները։
Հիվանդության հարուցիչը 1911 թվին հայտնաբերվել է Արագոնի կողմից, վիզիկուլայի պարունակությունը քննության ենթարկելու ժամանակ։ Հիվանդության հարուցիչը ԴՆԹ պարունակող վիրուս է, պատկանում է հերպես վիրուսների շարքին և անվանվում է Varicella virus:

Վարակի աղբյուր.
Հիվանդ երեխաներն են՝ սկսած հիվանդության գաղտնի շրջանի 1-2-րդ օրից, միչև ցանը դուրս գալու 5-րդ օրը։ Ոմանք այն կարծիքին են, որ հիվանդությունը կարող է առողջին փոխանցվել մինչև ցանի լրիվ թափվելը։
Հիվանդության գաղտնի շրջանը 10-ից 21 օր է (միջինը՝ 14 օր)։ Նախաշնանային երևույթները, ի տարբերություն բնական ծաղկի, բավականին թույլ են արտահայտված (սուբֆեբրիլ ջերմություն, թուլություն, երբեմն՝ պրոդրոմալ ցան, որը հիշեցնում է քութեշային ցանը կամ այն առհասարակ բացակայում է)։

Հիվանդության նշանները սկսվում են իսկական ցանով, ջերմության բարձրացմամբ (38-39°): Ցանը հանդես է գալիս մարմնի զանազան մասերում, այն ռոզեոլ բնույթի է, որը մի քանի ժամից հետո դառնում է վեզիկուլա՝ լցված թափանցիկ հեղուկով։
Ցանը տևում է մեկ շաբաթ։ Հիվանդության ծանր դեպքերի ժամանակ վեզիկուլաները թարախակալվում են և վերածվում են թարախաբշտերի (պուստուլա)։ Հիվանդությունը մինչև կեղևների թափվելը տևում է 2-3 շաբաթ։

Բնական ծաղկի թեթև, ոչ տիպիկ ձևերը հաճախ շփոթում են ջրծաղիկի հետ և ընդհակառակը։ Քանի որ այս ինֆեկցիաների կլինիակական պատկերը բավականին նման է, ուստի անհրաժեշտ ենք համարում բերել բնական ծաղիկի և ջրծաղիկի կլինիկական, համաճարակագիտական տարբերությունները :
Հիվանդները վտանգավոր են առողջների համար՝ սկսած հիվանդության գաղտնի շրջանի վերջին 1-2 օրերից մինչև հիվանդության կլինիկական նշանների ժամանակ ցանը դուրս գալու առաջին 5 օրերը։ Մնացած ժամանակաշրջանում հիվանդները միանգամայն անվտանգ են թե՛ արտաքին միջավայրի համար, թե համաճարակագիտական տեսակետից։

Փոխանցման մեխանիզմը.
Իրագործվում է օդակաթիլային ճանապարհով։ Ջրծաղիկի վիրուսը անկայուն է արտաքին միջավայրում։ Աա է պատճառը, որ օջախում ախտահանման միջոցառումներ չեն ձեռնարկվում։ Համաճարակաբանական նշանակություն չունեն հիվանդի իրերը, անկողնային պարագաները։ Հիվանդին սենյակից հանելուց 10-15 րոպե անց շինությունը դառնում է միանգամայն անվտանգ։

Ընկալունակություն և անընկալունակություն.
Հատկապես մինչև 10 տարեկան երեխաների ընկալությունը բավականին բարձր է։ Ավելի բարձր տարիքում ընկալությունն աստիճանաբար նվազում է։ Հիվանդանալուց հետո ձեռք են բերում անընկալություն և ջրծաղիկով այլևս չեն հիվանդանում։
Հիվանդությունն ունի օդակաթիլային ինֆեկցիաներին բնորոշ սեզոնայնություն, սակայն արձանագրվել են նաև շեղումներ։

Պայքարը և կանխարգելումը.
Հիմնական միջոցառումները տարվում են վարակի աղբյուրի ու նրա հետ շփման մեջ մտած երեխաների նկատմամբ։ Առաջին հիվանդացած երեխային անհրաժեշտ է մեկուսացնելուս ունի խոշոր համաճարակաբանական նշանակություն վարակի հետագա տարածումը կանխարգելելու առումով։ Հիվանդների մեկուսացումը համարվում է ավարտված, երբ ցանի կեղևները լրիվ թափվում են։
Հիվանդների հետ շփման մեջ մտած երեխաներին (մինչև 10տ.) մեկուսացնում են 21 օրով։ Եթե հայտնի է հիվանդի հետ շփման օրը, ապա այդպիսիներին առաջին 10 օրերի ընթացքում կարելի է չմեկուսացնել, որից հետո մեկուսացնում են մինչև 21-րդ օրը։
Առողջ մարդկանց (երեխաներին) այս հիվանդությունից զերծ պահելու համար գոյություն չունեն արդյունավետ պատվաստումներ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին