Սեռական կարողության խանգարումը, որի դեպքում տղամարդն անկարող է կատարել սեռական հարաբերություն, անվանվում է իմպոտենցիա (սեռական անկարողություն): Սեռական ֆունկցիան ապահովում է բնածին (հորմոններ) և ձեռքբերովի` անհատական զարգացման ընթացքում ձեռք բերված գործոններով: Նյարդահումորալ կամ նյարդաներզատական գործոնները, որոնք կապված են գլխուղեղի և ներզատիչ գեղձերի գործունեության հետ, ապահովում են սեռական հակման ապահովվածությունն ու աստիճանը: Տղամարդու առնանդամի գրգռումը (էրեկցիա) տղամարդու սեքսուալության առավել բնորոշ դրսևորումն է և հնարավորություն է տալիս իրականացնել մերձեցումը սեռական հարաբերության ժամանակ:
Սերմնաժայթքումը (էյակուլյացիա) ապահովում է սեռական ակտիվության հիմնական կենսաբանական նպատակը` սերմնահեղուկի արտազատումը: Բնականոն սեռական ֆունկցիայի իրականացման համար հսկայական նշանակություն ունի հոգեկանը, որը որոշում է սեռական հակման ուղղվածությունը, այսինքն` սեքսուալ օբյեկտի ընտրությունը և մարդու համար առանձնահատուկ սեռական ակտիվության դրսևորումը:

Պատճառներ
Որպես կանոն, իմպոտենցիան առաջանում է մարմնական (սոմատիկ) փոխհարաբերությունների, անձնային և միկրոսոցիալական երևույթների հետևանքով: Ուստի, դեպքերի մեծամասնության շրջանակներում պետք է խոսելիմպոտենցիայի համալիր բնույթի մասին, որը, սովորաբար, պայմանավորված է սեռական օրգանների, ներզատիչ համակարգի, ծայրամասային նյարդերի և գլխուղեղի բարձրագույն բաժինների ֆունկցիաների խանգարումներով: Սովորաբար իմպոտենցիան ինքնուրույն հիվանդություն չէ, այլ առաջանում է և գոյություն ունի որպես հիմնական հիվանդությանն ուղեկցող հիվանդագին երևույթ: Իմպոտենցիայի պատճառ կարող են դառնալ գլխուղեղի խորը կառուցվածքների կամ առանձին ներզատիչ գեղձերի օրինակ` սեռական գեղձերի կամ վահանագեղձի ախտահարումից առաջացած խանգարումները: Կարող է պայմանավորված լինել նաև առնանդամի լարման խանգարումներով` ողնուղեղի, առնանդամը նյարդավորող նյարդաթելերի և նյարդահյուսակների ախտահարումների կամ առնանդամի հիվանդությունների հետևանքով: Սերմնաժայթքման խանգարումները սովորաբար առաջանում են ինչպես տարբեր ուռոլոգիական հիվանդությունների, այնպես էլ գլխուղեղի տեղադրված կենտրոնների (միզապարկի և սեռական ֆունկցիաների կարգավորման) ախտահարումների ժամանակ: Շատ սեքսոպաթոլոգների կարծիքով` իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը կապված է բարձրագույն նյարդային գործունեության, այդ թվում` նյարդահոգեկան բնածին և ձեռքբերովի խանգարումների հետ: Հաճախ իմպոտենցիան սպիրտային խմիչքների չարաշահման, ինչպես նաև արատավոր սեքսուալ կենսանախադրյալների և սեռական սանձարձակության հետևանք է:

Պաթոգենեզ
Սերմնաժայթքման խանգարումը կարող է դրսևորվել նրա բացարձակ արագացմամբ` սեռական հարաբերության հենց սկզբում կամ նույնիսկ մինչև առնանդամի մուտքը հեշտոց, և հարաբերական` մինչև կնոջ օրգազմի ի հայտ գալը կամ կասեցմամբ, երբ սեռական ակտը կրում է ձգձգվող, երբեմն ուժասպառ բնույթ (ընդ որում` սերմնաժայթքումն այդպես էլ տեղի չի ունենում): Երբեմն սերմնաժայթքումը կարող է վրա հասնել սեռական ազդեցությունից դուրս` սեքսուալ գրգռիչների ազդեցության տակ (օրինակ` կնոջ տեսքը, որն էրոտիկ գրգռում է առաջացնում) և սեքսուալ-էրոտիկ գունավորում չունեցող գրգռիչներից (փոխադրանու թրթռում, հուզական ապրումներ, հաճախ` իմպոտենցիայի հանդեպ վախի զգացում):

Բուժում
Սեռական կարողության խանգարումները կարող են ծանր ապրումների և ընտանեկան աններդաշնակության պատճառ դառնալ, ուստի, իմպոտենցիան ի հայտ գալիս հարկավոր է դիմել սեքսոպոթոլոգի: Մի շարք դեպքերում կարող է նկատվել << այսպես կոչված >> կեղծ անկարողություն, որն առաջանում է սեռական կյանքի աններդաշնակության ժամանակ` սեքսուալ դրսևորումների ֆիզիոլոգիական տատանումների (օրինակ` տարիքային) հանդեպ անհատի անհամապատասխան հակազդեցության հետևանքով, ինչպես նաև զուգընկերոջ ոչ ճիշտ վարքագծի, ինչպես նաև կնոջ սեռական սառնության և այլ դեպքերում: Սեռական կյանքի աններդաշնակությունը վերացնելու համար հաճախ բավարարում է պսիխոթերապիայի մեկանգամյա զրույցը: Մյուս դեպքերում իմպոտենցիայի պատճառները պարզելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն և հատուկ բուժում: Ժամանակին բժշկին դիմելու դեպքում հաջողության հավանականությունը մեծ է, քանի որ երկարատև սեքսուալ խանգարումները սևեռվելու միտում ունեն և կարող են դառնալ քրոնիկական:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին