Ստրեպտոկոկային իմպետիգո (impetigo streptogenes): Բնորոշվում է հիպերեմիկ ֆոնի վրա առաջացող ոչ մեծ, մակերեսային բշտերի (ֆլիկտեններ) սուր ցանավորումով, որոնք շրջապատված են վարդագույն պսակով։ Արագորեն, մի քանի ժամվա ընթացքում ֆլիկտենները բացվում են, և նրանց պարունակոլթյունը չորանում է, գոյացնելով շերտավոր կամ թմբիկավոր, մեղրադեղին գույնի կեղևներ, որոնք աստիճանաբար մեծանում են միաձուլման և ծայրամասային աճի հետևանքով։ Բարձիթող դեպքերում նրանք կարող են ծածկել մաշկի զգալի տեղամասեր։ Երկրորդային ստաֆիլոկոկային ինֆեկցիայի միացման հետևանքով կեղևները ձեռք են բերում կանաչադեղին, իսկ քորելու դեպքում՝ արյունային, մուգ կարմիր գույն (այսպես կոչված ստրեպտոստաֆիլոկոկային կամ սովորական իմպետիգո (impetigo vulgaris): Կեղևների հեռացման ժամանակ մերկանում է խոնավ, կարմրագույն էրոզիա, շրջապատված նեղ երիզով, որը շերտազատվում է վերնամաշկի եղջրաշերտից։ Սուբյեկտիվորեն՝ քոր։

Շրջանային ավշային հանգույցները ոչ հազվադեպ մեծանում են, դառնում ցավոտ։ Ւմպետիգոն գերազանցապես տեղակայվում է դեմքի մաշկի վրա, տղամարդկանց մոտ՝ հաճախ մորուքի և բեղերի աճման շրջանում, կանանց մոտ` գլխի մազածածկ մասում։ Իմպետիգոն առավել հաճախ դիտվում է երեխաների մոտ։ Պետք է նկատի ունենալ սովորական իմպետիգոյի զարգացման հնարավորությունը որպես բարդություն, հատկապես քորվող, մաշկային ախտահարումների ժամանակ, ինչպիսիք են՝ էկզեման, քորպտիկը, քոսը, ոջլոտությունը և այլն։ Երբեմն, հատկապես երեխաների մոտ, դեմքի մաշկի ախտահարման հետ մեկտեղ դիտվում է բերանի խոռոչիդ քթի լորձաթաղանթի և շաղկապենու ախտահարում։ Այստեղ նույնպես՝ առաջանում են ֆլիկտեններ, որոնք արագ բացվելով, վեր են ածվում ցավոտ էրոզիաների։

Օղականման իմպետիգոն (impetigo circinata) սկսվում է ոչ մեծ, պղտոր պարունակությամբ լցված տափակ բշտերի սուր ցանավորումով։ Արագորեն մեծանալով ծայրամասային աճի ճանապարհով, բշտերն իրենց կենտրոնական մասում չորանում են, առաջացնելով թերթիկավոր, ղեղնաշագանակագույն կեղևիկներ, որոնց շուրջը օղակի ձևով տեղադրվում է ֆլիկտենը։

Բշտային իմպետիգոն (impetigo bullosa) բնորոշվում է բշտերի ցանավորումով, որոնք աստիճանաբար մեծանում՝ են ու կարող են հասնել շագանակի կամ աղավնու ձվի մեծության։ Բշտերը լցված են պղտոր պարունակությամբ։ Եթե բուշտը բացվում է, ապա առաջանում է էրոզիա, որը նույնպես մեծանում է ծայրամասային աճի ճանապարհով, շրջապատված լինելով բշտի ծածկի մնացուկների ծվեններով: Իմպետիգոյի բշտային և օղականման ձևերն ամենից հաճախ տեղադրվում են ձեռնաթաթերի մեջքի վրա, ավելի պակաս՝ ոտնաթաթերի և սրունքների վրա։ Ոչ հազվադեպ բուշտն սկսվում է եղունգի գլանիկից և, աճելով ու տարածվելով, պայտաձև շրջապատում է եղունգաթերթիկը (մակերեսային մատնաշունչ՝ "տուրնիոլ")։

Ուտիճ կամ ճեղքային իմպետիգո (impetigo fissurica): Բերանի անկյունում (միակողմանի կամ երկկողմանի) գոյանում է ոչ մեծ էրոզիա, շրջապատված նեղ եղջերային օձիքով՝ մնացած ֆլիկտենի ծածկից։ Էրոզիայի կենտրոնում հայտնաբերվում է ոչ խորը ճեղք։ Բերանի անկյունի մաշկի վրա երբեմն նկատվում են մեղրադեղնագույն կեղևիկներ։ Հիվանդությունն ավելի հաճախ դիտվում է երեխաների մոտ, որը բացատրվում է բերանի անկյունները լիզելու նրանց սովորությամբ, ինչպես նաև պրոթեզներ կրող տարեց մարդկանց մոտ՝ բերանի անկյունների մաշկը թքով թրմվելու հետևանքով (թուքը հոսում է քնած ժամանակ, սովորաբար այն կողմում, որի վրա քնում է հիվանդը)։ Ուտիճները, բացի ստրեպտոկոկերից, կարող են առաջանալ նաև խմորասնկերից։ Ստրեպտոկոկային ուտիճը տարբերվում է նրանցից էրոզիաների ավելի հյութեղությամբ և կեղևիկների առկայությամբ։ Բերանի անկյունների սիֆիլիսային պապուլաներից ուտիճները տարբերվում են ինֆիլտրատի բացակայությամբ։

Սիֆիլիդանման հետէրոզային պապուլային իմպետիգո (impetigo papulosa posterioris siphyloides): Երեխաների նստատեղերի և ազդրերի ետին մակերեսի վրա հանդես են գալիս ֆլիկտեններ, որոնք բացվում են, իրենցից հետո թողնելով էրոզիաներ։ Էրոզիաների հիմքում շուտով զարգանում է պապուլային ինֆիլտրատ, որի առաջացրած տարրերը հիշեցնում են պապուլաէրոզիային սիֆիլիդը։ Տարբերական ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է կատարել էրոզիաների արտադրուկի լաբորատոր հետազոտություն դժգույն տրեպոնեմների նկատմամբ։ Իմպետիգոն շատ հպավարակիչ է, որով և բացատրվում են երբեմն նկատվող բռնկումները կամ մաշկային ախտահարման մասսայական տարածումը մանկական հիմնարկներում։ Երեխաների մոտ իմպետիգոյի առաջացման նախատրամադրող պատճառն ամենից հաճախ դեմքի մաշկի թացանալն է թքով, քթի լորձով և նրա թրմումը, չափահասների մոտ՝ մանր վնասվածքները, սափրվելու ժամանակ դեմքի վրա առաջացած կտրվածքները, ձեռնաթաթերի վրա աշխատանքի ժամանակ առաջացած կտրվածքներն ու ծակումները, մանր այրվածքները։ Հաճախ իմպետիգոն առաջանում է քերծվածքների ու արյունածծիչ միջատների խայթվածքների ֆոնի վրա (օրինակ, գլխի մազածածկ մասի իմպետիգոն գլխի ոջլոտության դեպքում)։ Մակերեսային մատնաշունչի առաջացման պատճառը հաճախ հանդիսանում են ծլեպները։

Հյուսվածաախտաբանորեն իմպետիգոյի բոլոր ձևերի ժամանակ դիտվում է խոռոչի առաջացում վերնամաշկի եղջերային շերտի տակ։ Խոռոչը լցված է շճային էքսուդատով և շատ թե քիչ քանակությամբ նեյտրոֆիլներով, որոնց մեջ հանդիպում են առանձին պոկված էպիթելային բջիջներ։ Փշաձև բջիջների վերին շարքերում նշված է աննշան միջբջջային այտուց։ Ինչպես փշաձև, այնպես էլ հիմային շերտի բջիջների ստորին շերտերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվում։ Դերմայում նշվում է անոթների լայնացում և աննշան շուրջանոթային ինֆիլտրացիա, գերազանցապես նեյտրոֆիլներով ու լիմֆոցիտներով։

Դեմքի հասարակ որքինը (pityriasis simplex) իմպետիգոյի յուրահատուկ ձևն է, որը դիտվում է գերազանցապես երեխաների մոտ, չափահասների շրջանում՝ գլխավորապես այն անձանց մոտ, որոնք աշխատում են բացօթյա։ Դեմքի մաշկի վրա գոյանում են տարբեր մեծության բաց վարդագույն բծեր, ծածկված մանր թեփուկներով, որի պատճառով նրանք սպիտակ են երևում, դա առանձնապես խիստ է արտահայտվում պիգմենտավորված մաշկ ունեցող անձանց մոտ (մյուս անվանումն է՝ pityriasis alba): Հիվանդությունը կարող է ծագել և առաջնայնորեն, և երկրորդայնորեն, նախկինում տարած սովորական իմպետիգոյից անմիջապես հետո։ Ամռանը արևի ճառագայթների ազդեցության տակ մաշկային ախտահարումը կարող է անցնել, սակայն դեմքի մաշկը ախտահարված տեղամասերում թխանալով ավելի թույլ, քան առողջ մասում, ձեռք է բերում խայտաբղետ գունավորում։

Բուժումը հիմնականում արտաքին է, օգտագործվում են ախտահանիչ միջոցներ։ Կեղևների առկայության դեպքում՝ քսուքային վիրակապեր (2 %-անոց սպիտակ սնդիկային, 5 %-անոց բորա-նաֆթալանային՝ ավելացրած 0,5 %-անոց էտակրիդին, 5 %-անոց ստրեպտոցիդային, 1 %-անոց էրիթրոմիցինային քսուք, լոկակորտեն նեոմիցինով, օքսիկորտ)։ Էրոզիաների ու թացության դեպքում՝ ախտահանիչ դեղանյութերի լուծույթներ (արծաթի նիտրատի 0,25 %-անոց լուծույթ, ռեզորցինի 2 %-անոց լուծույթ, Ալիբուրի հեղուկ, էտակրիդինի 1:1000 լուծույթ), որոնք օգտագործվում են խոնավ– չորացնող վիրակապերի ձևով, կամ էմուլսիաներ (5 %-անոց ստրեպտոցիդային)։ Բշտերը պետք է պատռել և մկրատով կտրել նրանց ծածկը։ Մաշկի ախտահարված օջախների շուրջը անհրաժեշտ է մանրազնին շփել 2 %-անոց սալիցիլային սպիրտով (չափահասներին 70°, երեխաներին՝ 40°)։ Pityriasis simplex faciei-ի դեպքում ամենից լավ է 2-5 %-անոց սպիտակ սնդիկի քսուք, ավելացրած ռեզորցին (1%) կամ սալիցիլաթթու (1-2 %): Եթե իմպետիգոն հանդես է գալիս որպես մաշկային մեկ այլ հիվանդության բարդությունը, միաժամանակ պետք է կատարել հիմնական հիվանդության բուժում։ Ձեռքով ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով հիվանդի մատների ծայրերը և եղունգների ազատ եզրերը պետք է մշակել յոդի 2 %-անոց սպիրտային լուծույթով։ Ւմպետիգոյով տառապող երեխաներր պետք է շրջապատից մեկուսացվեն։ Այդ հիվանդություններով տառապող անձանց ժամանակավորապես արգելում են մանկական հիմնարկներում աշխատել։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին