Հիսթերան հոգեկան հիվանդություն է, որը պատկանում է նևրոզների խմբին: Բնորոշ է հոգեկան վնասվածքի ազդեցությունից թուլացած նյարդային համակարգ ունեցող անձանց և հանդիսանում է տվյալ անձի հակազդեցությունը այն իրադրության հանդեպ, որը նա ի վիճակի չէ հաղթահարել:

Պատճառներ
Հիվանդությունը պայմանավորված է նյարդային համակարգի թուլացմամբ: Առաջացման հիմնական պատճառները հուզումներն ու ծանր ապրումներն են:

Պաթոգենեզ
Հիսթերիայի դրսևորման ձևերը բազմազան են` տարբեր նյարդային նոպաներ, լուծանքներ, որոշակի մկանախմբերի գերձգվածություն, զգացողության խանգարումներ և այլն: Այդ ախտանշանները կարող են խորանալ, և այդ ժամանակ դրանցից ազատվելը շատ դժվար է: Երբեմն հիսթերիայի նոպաները դրսևորվում են թեթև ցնցումներով, բայց կարող են ընթանալ ուշագնացության, կրծքային հեղձուկի, բրոնխային հեղձուկի, աղիքների կծկանքի և այլ վիճակների նման: Հիսթերիայի դեպքում հիվանդները մի կողմից ընդգծում են իրենց տառապանքների չափից ավելի արտահայտվածությունը, "անտանելի, սարսափելի" ցավերը, ցնցող դողը, հիվանդագին ախտանշանների արտասովոր բնույթը, հիվանդության բացառիկությունն ու անհասկանալիությունը և այլն, մյուս կողմից անտարբեր են "լուծանքի ենթարկված վերջույթի" հանդեպ, չեն տանջվում "կուրությունից" կամ խոսելու անհնարինությունից:

Հիվանդության երկարատև ընթացքի ժամանակ, երբ համապատասխան բուժում չի կիրառվում, հիվանդները դառնում են դյուրագրգիռ, եսասեր, նրանց արարքներում դրսևորվում են ցուցամոլություն, թատերականություն, ձգտում են ցանկացած գնով գրավել շրջապատի ուշադրությունը: Տրամադրությունը փոփոխական է: Սովորաբար հիվանդները ղեկավարվում են ոչ թե տրամաբանությամբ, այլ հուզական ապրումներով: այս բոլոր ախտանշանները վկայում են, որ հիվանդությունը դարձել է քրոնիկական: Հարկավոր է հիշել, որ այս դրսևորումները հիվանդի համար ծառայում են որպես յուրատեսակ պաշտպանական միջոց: Շրջապատողների կողմից հիվանդության ժխտումը, խորհուրդները ("Խելքդ գլուխդ հավաքիր, ոչ մի հիվանդություն չկա, այդ բոլորը նյարդերից են") կարող են հիվանդի վիճակը միայն վատացնել:

Բուժում
Հիսթերիան կարելի է բուժել, քանի որ հայտնի են հիվանդության առաջացման պատճառները: Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել բժշկի: Եթե առկա է հիսթերիկ ռեակցիա, ապա, չժխտելով հիվանդության փաստը, հարկավոր է հիվանդին հանգստացնել, պառկեցնել անկողնում, ջուր տալ, թողնել մենակ որպեսզի հանգստանա և լույսը հնարավորինս թուլացնել: Խորհուրդ չի տրվում հիվանդի ներկայությամբ ցուցաբերել ավելորդ տագնապ, անհանգստություն, ինչպես նաև ցանկալի չէ հիվանդի ներկայությամբ քննարկել վիճակի ծանրությունը:

Կանխարգելում
Հիսթերայի կանխարգելումը նշանակում է նյարդային համակարգի վրա անբարենպաստ գործոնների ազդեցության բացառում: Օգտակար են կանոնավոր աշխատանքը, մարզվելը և մաքուր օդում զբոսնելը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին