Հասուն նորածինների մոտ բնածին հիպոտրոֆիա հայտնաբերելու նպատակով օգտվում են մարմնի զանգվածի և հասակի ցուցանիշից։ Առողջ հասուն նորածինների մարմնի զանգվածը (գ) մարմնի երկարության վրա (սմ) բաժանելիս պետք է կազմի 60-80։ Ըստ այդ ցուցանիշի նվազման չափի, որոշվում է և թերսնուցման աստիճանը։
Առաջին աստիճանի դեպքում այդ ցուցանիշը լինում է 59-56, երկրորդ աստիճանում՝ 54-50, իսկ երրորդ աստիճանում՝ 50-րց ցածր (Ե. Մ. Ֆատեևա)։ Նախածննդյան (պրենատալ) հիպոտրոֆիայով ծնված հասուն նորածնի մարմնի զանգվածը 2800 գ պակաս է, մինչդեռ հասակը նորմալ է (48 սմ ավելի)։
Բնածին հիպոտրոֆիայի առաջացման հիմնական պատճառներն են՝ հղիության տոքսիկոզները, մոր սուր և քրոնիկական հիվանդությունները, հղի կնոջ սննդի ռեժիմի խախտումները, զանազան մասնագիտական վնասակարությունները, հաճախակի կատարվող արհեստական վիժումները և այլն։ Պետք է նշել, որ հղիության առաջին կեսի բարդությունների դեպքում երեխաների մոտ առավել հաճախ լինում է հասակի, իսկ երկրորդ կեսում՝ զանգվածի կասեցում։ Բնածին թերսնուցում ունեցող երեխաներն արդեն ծնվելիս թվում են երկարահասակ և նիհար։ Նրանց մաշկը չոր է՝ արտահայտված թեփոտումով, նկատվում է թրմում (մացերացիա)։ Լորձաթաղանթները վառ են, մազերն անփայլ, դյուրաբեկ։ Զանգվածի ֆիզիոլոգիական կորուստը սովորաբար ավելի մեծ է, քան առողջ երեխաներինը։ Պորտալարի մնացորդն ուշ է ընկնում, ձգձգվում է պորտային վերքի լավացումը։ Եթե ուղեկցող հիվանդություններ չկան, ակտիվ ծծելու ռեֆլեքսը փոքր-ինչ բարձր է։ Հաճախ նկատվում են գխտոց, փսխում, փորկապության հակում։
Ելնելով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման ծանրությունից` Ե. Մ. Ֆատեևան առաջարկում է տարբերել նախածննդյան թերսնուցման հետևյալ ձևերը.
1. նյարդախտային,
2. նյարդասնուցման խանգարման,
3. նյարդաներզատական,
4. ուղեղախտային։
Նյարդախտային ձևի ժամանակ ուշագրավ է երեխայի շարժական և նեգատիվ (բացասական) հուզական գրգռումը, քնի խանգարումը, ախորժակի արտահայտված պակասը։ Նյարդասնուցման խանգարման ձևի համար, բացի ախորժակի բացակայումից և մարմնի զանգվածի հետագա ավելի մեծ կորստից, հատկանշական է նաև հասակի և նյարդահոգեկան զարգացման որոշ ետ մնալը։ Նյարդաներզատական ձևի դեպքում, բացի ախորժակի բացակայումից, մարմնի զանգվածի պակասումից, նկատվում է նաև հասակի արտահայտված թերաճ (նանիզմ), նյարդահոգեկան զարգացման կասեցում։ Բնածին թերսնուցման ուղեղախտային ձևի համար բնորոշ են ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյարդահոգեկան զարգացման խոր կասեցումը, օստեոպորոզի արտահայտված նշանները, միկրոցեֆալիան, հիպովիտամինոզները։
Բուժումը սկսում են ծնվելուց անմիջապես հետո։ Անհրաժեշտ է կազմակերպել խնամքի հատուկ ռեժիմ՝ ջերմաստիճանի խիստ տատանումների սահմանափակում, բավարար թթվածնացում (օքսիգենացիա)։ Տարբեր աստիճանի թերսնուցմամբ տառապող երեխաների սնուցման ռեժիմը, ելնելով նրանց ընդհանուր վիճակից, պետք է լինի տարբեր։ Արտահայտված հիպոտրոֆիայի դեպքում կարելի է կատարել խթանող բուժում, օգտագործել սպիտավիտամինային կոմպլեքսներ, նշանակել նյութագոյացմանը նպաստող (անաբոլիկ) դեղամիջոցներ։
Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին