Կիստոզային երիկամներ, երիկամային հիպոպլազիա: Այս հիվանդությունները մեծ մասամբ ուղեկցվում են զարկերակային արյան ճնշման բարձրացումով։ Երիկամների, ինչպես նաև միզուղիների զարգացման արատների հայտնաբերմանն օգնում են որոշակի կլինիկական ախտորոշման հետազոտությունները և ուռոգրաֆիան։ Զարկերակային ճնշումը բարձր է լինում նաև ֆեոքրոմոցիտոմա հիվանդության ժամանակ։ Վերջինս մակերիկամի քրոմատինային հյուսվածքների ուռուցք է, որի ժամանակ չափից ավելի կատեխոլամիններ են արտադրվում (ադրենալին, նորադրենալին): Տվյալ դեպքում հիպերտենզիան կատեխոլամինների չափից ավելի շատ արտադրության հետևանք է։ Բարձրանում է ինչպես սիստոլային, այնպես էլ դիաստոլային ճնշումը։

Հիվանդությանը բնորոշ է արյան զարկերակային ճնշման նոպայաձև արտահայտված բարձրացումը, որն ուղեկցվում է անհանգստությամբ, վախի զգացումով, դողով, սարսուռով, մաշկածածկույթի գունատությամբ, քրտնարտադրությամբ, սրտխառնոցով, փսխումով, երբեմն կարող է բարձրանալ նաև ջերմությունը։ Նկատվում է նաև արտահայտված պուլսացող բնույթի գլխացավ, հիվանդը կորցնում է զանգվածը։ Եթե ուռուցքը հնարավոր է շոշափել, ապա շոշափումը առաջացնում է ադրենալինային ռեակցիա՝ հիպերտենեզիան մեծանում է, սկսվում է շաքարամիզություն։ Հիվանդությունը ախտորոշելու նպատակով կատարվում է ռետրոպնևմոպերիտոնեում։ Որոշվում է կատեխոլամինների պարունակությունը և նրանց ածանցյալների արտազատումը մեզով, կատարվում է դեղաբանական փորձ՝ հիստամինով կամ տրոպաֆենով։

Երեխաների մոտ զարկերակային ճնշման, հատկապես դիաստոլային ճնշման բարձրացումը նկատվում է նաև առաջնային ալդոստերոնիզմի (Կոնի հիվանդություն) ժամանակ։ Սա հազվադեպ հիվանդություն է, կապված է մակերիկամի կեղևային մասի հորմոն արտադրող ուռուցքի հետ, որի դեպքում ավելանում է ալդոստերոնի արտադրությունը։ Ալդոստերոնի գերարտադրությունն օրգանիզմում առաջացնում է ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խախտում՝ հիպոկալեմիկ ալկալոզի և նատրիումի քանակի ավելացումով։ Կայուն հի-պերտենզիայի ֆոնի վրա հիվանդների մոտ նկատվում են նոպաներ, որոնք հիշեցնում են ֆեոքրոմոցիտոմա հիվանդությունը։ Սակայն, ի տարբերություն վերջինիս, այն հաճախ ուղեկցվում է բրադիկարդիայով։ Հիպերտենզիայի հետ կապված փոփոխություններ են առաջանում նաև աչքի հատակում, որոնք երեխաների մոտ հատկապես արագ են զարգանում և հանգեցնում տեսողության խանգարման, ընդհուպ մինչև կուրացման։

Զարկերակային հիպերտենզիա է նկատվում նաև վեգետատիվ-անոթային դիստոնիաների հիպերտենզիվ ձևի ժամանակ` բարձրանում է երեխաների գրգռվածությունը, նրանք շուտ են հոգնում, ունենում են քրտնարտադրություն։ Սրտանոթային համակարգի հիվանդություններից, որոնք առաջանում են զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով, կարելի է նշել աորտայի նեղացումը (կոարկտացիա)։ Եթե աորտայի նեղացումն արտահայտված է, ապա հիվանդության նշանները կարող են ի հայտ գալ ծնվելուց անմիջապես հետո կամ կյանքի առաջին ամիսներին՝ կապտուկ, շնչահեղձություն, ստորին վերջույթների այտուց և սրտի սահմանների մեծացում։ Հիվանդության  ախտանիշները հաճախ հայտնվում են դպրոցական տարիքի երեխաների մոտ, որոնք գանգատվում են գլխացավերից, սրտխփոցից, քթային արյունահոսությունից։ Սրտի սահմանները լայնացած են դեպի ձախ, երկրորդ միջկողային տարածությունում լսվում է սիստոլային աղմուկ, որը տարածվում է դեպի սրտի գագաթը, պարանոցի անոթները և միջթիակային տարածությունը։ Կարևոր  ախտանիշ է նաև վերին և ստորին վերջույթներում զարկերակային ճնշման մեծության տարբերությունը, որը վերին վերջույթում լինում է բարձր, իսկ ստորինում՝ ցածր, կամ երբեմն չի որոշվում։ Բարձր տարիքի երեխաների կրծքավանդակի վրա կողմնաճյուղային անոթներ են առաջանում։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին