Հիպոպլազիան զարգացման արատ է, որն իրենից ներկայացնում է ատամի կամ նրա հյուսվածքների թերզարգացում: Հիպոպլազիայի ծայրահեղ դրսևորումը ապլազիան է, այսինքն՝ ատամի կամ նրա էմալի բնածին բացակայությունը:

Պատճառագիտություն և ախտածնություն: Հիպոպլազիայի ծագումը կապված է ատամի ձևավորման շրջանում օրգանիզմում տեղի ունեցող (կատարվող) նյութափոխանակության խանգարումների հետ և արտահայտվում է ատամների էմալի քանակական և որակական փոփոխություններով: Եթե խանգարումները վերաբերում են միայն ամելոբլաստների գործունեությանը, ապա առաջանում է էմալի հիպոպլազիա, իսկ եթե փոփոխությունները տեղի են ունենում  օդոնտոբլաստների մակարդակով` առաջանում է  դենտինագոյացման  խանգարումներով ուղեկցվող հիպոպլազիա: Որոշ հետազոտողներ գտնում են, որ հիպոպլազիայի ժամանակ, էմալ առաջացնող բջիջների` էնամելոբլաստների փոփոխության հաշվին, խանգարվում է ատամնային հյուսվածքների ձևավորումը (Ա.  Աբրիկոսով, 1914): Հեղինակների մեկ այլ խումբ (Ի. Լուկոմսկի, 1953; Ս. Վայս, 1965) հիպոպլազիան դիտում է, որպես ատամնային հյուսվածքների հանքայնացման արատ՝ դրանց նորմալ ձևավորման դեպքում: Զ. Շարաևսկայան (1954), Ի. Նովիկը (1961), Ա. Ռիբակովը (1961) նշում են, որ այս 2 պրոցեսները փոխկապակցված են: Նրանց կարծիքով, ատամների կարծր հյուսվածքների հիպոպլազիան առաջանում է ինչպես էնամելոբլաստների կողմից էմալի ձևավորման խանգարման, այնպես էլ էմալային պրիզմաների հանքայնացման պրոցեսների ընկճման հետևանքով:

Հիպոպլազիայի առաջացման պատճառներն են.
ա) ատամի սաղմում ընթացող մետաբոլիկ խանգարումները, պտղի կամ երեխայի օրգանիզմում տեղի ունեցող հանքային և սպիտակուցային խանգարումները դիսպեպսիաների ժամանակ, էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները:
բ) տեղային վնասակար գործոնների ազդեցությունը ատամի սաղմի վրա

Հիպոպլազիայի ժամանակ էմալի փոփոխությունները կրում են  անդառնալի բնույթ: Կաթնատամների հիպոպլազիան կապված է հիմնականում մոր օրգանիզմում տեղի ունեցող խանգարումների հետ` տոքսիկոզ և այլն: Մշտական ատամների հիպոպլազիան առաջանում է այն երեխաների մոտ, ովքեր ատամների հանքայնացման և ձևավորման շրջանում կրել են տարբեր հիվանդություններ` ռախիտ, սուր ինֆեկցիոն հիվանդություններ, դիսպեպսիա, բնածին սիֆիլիս, A, C, D հիպովիտամինոզ և այլն: Կաթնատամների հիպոպլազիան զգալիորեն ավելի քիչ է հանդիպում քան մշտական ատամներինը, քանի որ մայրը հղիության ընթացքում ավելի քիչ է հիվանդանում, քան երեխաները փոքր տարիքում: Ատամի պսակի վրա հիպոպլազիայի օջախների տեղակայումը և  ախտահարման տարածվածությունը  կախված են այն տարիքի հետ, որում երեխան տարել է վերը նշված  հիվանդությունները: Օրինակ` կյանքի առաջին ամիսներին հիվանդանալու դեպքում ախտահարվում են կտրիչների կտրող եզրերը և  առաջին  մեծ աղորիքների թմբիկները: Ախտահարման մակերեսի մեծությունը  վկայում է հիվանդության երկարատև ընթացքի մասին: Հիպոպլազիայի ծանրության աստիճանը պայմանավորված է տարած հիվանդության ծանրությամբ. նյութափոխանակության թեթև խանգարումների դեպքում առաջանում են միայն բծեր, իսկ ծանր հիվանդությունների ժամանակ՝ էմալի թերզարգացում կամ բացակայություն:

Դասակարգում: Պատճառագիտական գործոններից կախված՝ տարբերում են համակարգային և տեղային հիպոպլազիա:

Համակարգային հիպոպլազիա: Նույն ժամանակամիջոցում ձևավորված ատամների հիպոպլազիան կոչվում է համակարգային: Տարբերում են դրա հետևյալ ձևերը.
-Էմալի գույնի փոփոխություն
-Էմալի թերզարգացում
-Էմալի բացակայություն

Կլինիկա: Էմալի գույնի փոփոխությունը արտահայտվում է ատամների վեստիբուլյար մակերեսներին համաչափ տեղակայված սպիտակ կամ դեղին բծերի առկայությամբ: Այս կավճանման բծերը չեն ուղեկցվում գերզգայունությամբ, ատամի մակերեսը հարթ է,   փայլուն  և չի ներկվում: Կյանքի ընթացքում բիծը չի փոխում իր գույնը, չափը և ձևը:
Էմալի թերզարգացումը համակարգային հիպոպլազիայի առավել ծանր ձևն է հանդիսանում: Այն կարող է արտահայտվել էմալի ալիքավոր, կետային կամ ակոսավոր փոփոխությունների տեսքով: Ալիքավոր էմալը հայտնաբերվում է պսակի մակերեսի չորացման դեպքում` գլանակների տեսքով, որոնց միջև գտնվում է չփոփոխված էմալ փոսությունների ձևով:
Էմալի կետային փոփոխությունները տեղակայված են ատամի ինչպես բերանային այնպես էլ վեստիբուլյար մակերեսներին և  ծկթումից հետո ունենում են բնական գույն: Հետագայում այդ կետերը ենթարկվում են գունափոխության, սակայն  էմալը մնում է ամուր և հարթ: Սա հիպոպլազիայի ամենատարածված ձևն է: Ակոսավոր փոփոխությունները արտահայտվում են ատամի մակերեսին տեղակայված եզակի կամ բազմակի ակոսներով: Եթե ամբողջ  պսակը պատված է ակոսներով, ապա հիպոպլազիան կոչվում է  «սանդուղքային»: Այս բոլոր դեպքերում էմալի ամբողջությունը խախտված չէ: Էմալի բացակայությունը կամ ապլազիան հիպոպլազիայի ծանրագույն ձևն է և հազվադեպ է հանդիպում: Այս դեպքում բացի գեղագիտական դեֆեկտից կարող են ի հայտ գալ նաև ցավային զգացողություններ որոշ գրգռիչների ազդեցությունից, որոնց չեզոքացումից հետո ցավն անցնում է: Կլինիկորեն ապլազիան արտահայտվում է էմալի բացակայությամբ պսակի որևէ հատվածում: Համակարգային հիպոպլազիայի տարատեսակներից են Հետչինսոնի, Ֆուրնյեի  և  Պֆլյուգերի  ատամները:

Հետչինսոնի ատամներ: Այս դեպքում վերին կենտրոնական կտրիչներն ունեն տակառաձև պսակ, իսկ կտրիչ եզրի վրա՝ կիսալուսնաձև կտրուճ:

Ֆուրնյեի ատամներ:  Նույն ատամներն են, բայց առանց կիսալուսնաձև կտրուճի:
Այս երկու ախտահարումները դիտվում են բնածին սիֆիլիսի և բորի ժամանակ:
Պֆլյուգերի ատամներ: Առաջին մեծ աղորիքներն են, որոնք ունեն կոնաձև պսակ (վզիկի շրջանը ավելի լայն է, քան ծամիչ մակերեսը) և թերզարգացած թմբիկները:

«Տետրացիկլինային ատամներ»: Համակարգային հիպոպլազիայի ձև է, որը բնորոշվում է գունափոխությամբ և միջաձիգ զոլերի առաջացմամբ: Զոլերն ունենում են տարբեր ինտենսիվության դարչնագույն գունավորում: Այս ախտահարման պատճառ է հանդիսանում տետրացիկլինի շարքի հակաբիոտիկների օգտագործումը ատամների ձևավորման և հանքայնացման շրջանում: Հղիության ընթացքում նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել տետրացիկլինային շարքի հակաբիոտիկներ, քանի որ դրանք կարող են թափանցել ընկերքային  պատնեշը: Ատամների գունավորումը այս ախտահարման ժամանակ անդարձելի է, ուստի տետրացիկլինը երեխաներին և հղիներին պետք է նշանակել միայն կյանքի ցուցումներով: Տեղային հիպոպլազիան դա մշտական ատամների էմալագոյացման խանգարումն է, որի պատճառը կաթնատամների հարարմատային շրջանի բորբոքային պրոցեսների վնասակար ազդեցությունն է մշտական ատամի սաղմի վրա կամ վերջինիս մեխանիկական վնասվածքները:
Կլինիկական պատկերը: Բնորոշվում է ատամի ամբողջ մակերեսին կետային փոսությունների կամ կավճանման բծերի առկայությամբ: Երբեմն էմալը մասնակիորեն կամ  ամբողջությամբ բացակայում է: Այսպիսի  ատամները կոչվում են «Թերների  ատամներ»: Ավելի հաճախ տեղային հիպոպլազիան ընդգրկում է փոքր աղորիքները, որոնց սաղմերը գտնվում են կաթնատամների արմատների միջև:

Ախտաբանական անատոմիա: Հյուսվածաբանական հետազոտման ժամանակ հայտնաբերվում է էմալի լայնացած միջպրիզմային տարածություններ, պրիզմաների սահմանների հարթեցում, Ռետցիուսի գծերի  լայնացում: Փոփոխությունները կախված են պրոցեսի ծանրությունից: Հետևաբար կետային ձևի ժամանակ փոփոխություններ են նկատվում նաև դենտինում`  մեծանում են ինտերգլոբուլյար տարածությունները, նկատվում է երրորդային դենտինի ինտենսիվ արտադրություն, կակղանում փոքրանում է բջջային տարրերի քանակը:

Բուժում: Բուժման եղանակը կախված է ախտահարման ծանրությունից: Եզակի սպիտակ բծերի դեպքում կարելի է ոչ մի բուժում չձեռնարկել: Հիվանդի կողմից գեղագիտական թերությունների հետ կապված գանգատների դեպքում կարելի է առաջարկել բուժման հետևյալ միջոցները.
ա. Էմալի միկրոաբրազիա (միկրոհղկում) - հղկվում է էմալի գունափոխված բարակ շերտը: Այդ նպատակով գործածվում են աղաթթու պարունակող հղկիչ քսուկներ («Premaե)
բ.  դեֆեկտի վերականգնում կոմպոզիտային լիցքանյութերի միջոցով
գ. վինիրների պատրաստում
Արտահայտված ախտահարումների դեպքում ցուցված է օրթոպեդիկ բուժում:
Համակարգային հիպոպլազիայի կանխարգելումը: Անհրաժեշտ է կանխարգելել այն համակարգային հիվանդությունների առաջացումը, որոնք նյութափոխանակության խանգարումների պատճառ են հանդիսանում:
Տեղային հիպոպլազիայի կանխարգելումը: Հարկավոր է կանխարգելել կաթնատամների կարիեսը, իսկ նրա առաջացումից հետո` ճիշտ և ժամանակին բուժում իրականացնել:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին