Այս անվան տակ հասկանում են սեռական գեղձերի անբավարարության բոլոր ձևերը, երբ առաջնային (հիպերգոնադոտրոպային) կամ երկրորդային (հիպոգոնադոտրոպային) պատճառներից սեռական հորմոնների սեկրեցիան պակասում է, իսկ ներքին և արտաքին սեռական օրգաններն ու սեռական երկրորդային նշանները բավարար չափով չեն զարգանում։

Առաջնային հիպոգոնադիզմը սեռական գեղձերի անմիջական ախտահարման՝ վարակների, բորբոքումների, վնասվածքների, սաղմնային անբնականոն զարգացման, ուռուցքային բնույթի, ինչպես նաև բնածին անորխիզմի կամ սեռական քրոմոսոմների հավաքածուի ախտաբանական շեղումների հետևանք է։ Վերջինից է պատանիների մոտ հանդիպող Կլայնֆելտերի համախտանիշը, երբ կարիոտիպը լինում է ոչ թե XY, այլ XX/Y, իսկ սեռական քրոմատինը` դրական, և աղջիկներին բնորոշ XO կարիոտիպով և բացասական սեռական քրոմատինով արտահայտվող Շերեշևսկու-Տերների հիվանդությունը։ Պետք է հիշել, որ վիրուսային պարոտիտը մեծ մասամբ ամորձիների բորբոքմամբ է ուղեկցվում։

Երկրորդային հիպոգոնադիզմը կապված է հիպոֆիզի և ենթատեսաթմբի կամ ուղեղի այլ հատվածների ախտահարման հետևանքով գոնադոտրոպ հորմոնների թերարտադրման հետ։ Երկրորդային հիպոգոնադիզմը արտահայտվում է սեռական հասունացման շրջանում՝ ճարպասեռային դիստրոֆիայի, հիպոֆիզային գաճաճության, բնածին հիպոթիրեոզի և այլ ախտաբանական վիճակների դեպքում։

Կլինիկական ախտանիշները կապված են տարիքի և սեռական օրգանների ախտահարման աստիճանի հետ։ Եթե հիպոգոնադիզմը զարգանում է մինչև սեռական հասունացումը, ապա սեռական հասունացման շրջանում սեռական զարգացման երկրորդային նշանները չեն արտահայտվում, իսկ 15-16 տարեկանում հիվանդանալու դեպքում մարմինը ներքինանման ձև է ստանում։ Աճի գոտիների ուշ ոսկրացման հետևանքով աչքի է ընկնում այդ հիվանդների բարձր հասակն ու մարմնի անհամաչափ աճը, ստորին վերջույթների երկար լինելը, կրծքագոտու և կմախքային մկանների թույլ զարգացումը, ենթամաշկային ճարպաշերտի կանացիական տեղակայումը, իսկ երբեմն նաև գինեկոմասթիան։ Սեռական երկրորդային նշանները թույլ են զարգացած, դեմքի և մարմնի մազակալումը բացակայում է կամ խիստ նոսր է, ձայնը կանացիական է, առնանդամը` փոքր, իսկ ամորձիները` թերաճած։ Աղջիկները մնում են ֆիզիկապես թերզարգացած, բացակայում է դաշտանը։ Եթե հիպոգոնադիզմը զարգանում է հետսեռահասունացման շրջանում, ապա ներքինության նշանները լինում են թույլ արտահայտված (ամորձիների փոքրացում, դեմքի որոշ մազակալում, մաշկի էլաստիկության պակասում, կանացիական ճարպակալում), աղջիկների կրծքագեղձերը թույլ են զարգանում։ Ախտորոշում են կլինիկական նշաններով և լաբորատոր տվյալներով (սեռական հորմոնների կամ գոնադոտրոպինների պակասում, խորիոգոնինով կատարվող փորձ և այլն)։

Բուժումը։ Եթե ամորձիները ֆունկցիոնալ տեսակետից ինչ-որ չափով հուսալի են, նշանակում են E վիտամին, անաբոլիկ ստերոիդներ։ Երկրորդային՝ թերգոնադոտրոպային, հիպոգոնադիզմով հիվանդներին նշանակվում է խորիոնային գոնադոտրոպին, 3-4 ամիս։ Անբավարար արդյունքի դեպքում կարելի է նշանակել սեռական հորմոններ՝ նվազագույն դեղաչափերով, այն էլ 14-15 տարեկաններին։ Սեռական թերզարգացման կոնստիտուցիոնալ ձևերը սովորաբար բուժում չեն պահանջում։ Ցուցված են նաև ընդհանուր կազդուրիչ դեղամիջոցներն ու բուժական ֆիզկուլտուրան։ Կարիքի դեպքում, մանավանդ եթե չկան ակնհայտ այլ պատճառներ, աղջիկներին կարելի է զգուշորեն էսթրոգեններ նշանակել։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին