Հիպերտոնիկ հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է արյան զարկերակային ճնշման կայուն, իսկ սկզբնական շրջանում` պարբերական բարձրացմամբ:

Պատճառներ
Ի տարբերություն գերճնշման մյուս ձևերի` հիպերտոնիկ հիվանդության ժամանակ զարկերակային ճնշման բարձրացումը երիկամների, ներզատիչ որոշ գեղձերի և այլ օրգանների հիվանդությունների հետևանք է: Դրա համար էլ բժիշկն առաջին անգամ արյան ճնշում հայտնաբերելիս (հատկապես երիտասարդների) անցկացնում է լրացուցիչ հետազոտություն, որպեսզի ժամանակին հայտնաբերի ճնշման բարձրացման պատճառ հանդիսացող և այլ բուժում պահանջող հիվանդությունը: Հիպերտոնիկ հիվանդության պատճառը դեռևս լրիվ բացահայտված չէ: Սակայն հիվանդությունը կայացնող և արյան զարկերակային ճնշումը կայուն բարձրացնող հիմնական մեխանիզմները լավ հայտնի են: Դրանցրց առաջինը և առաջատարը նյարդային մեխանիզմն է, որի սկզբնական օղակը հուզումներն են, հոգեկան ապրումները, որոնք առողջ մարդկանց օրգանիզմում ուղեկցվում են տարբեր հակազդեցություններով, այդ թվում` արյան զարկերակային ճնշման բարձրացմամբ: Հիպերտոնիկ հիվանդությամբ հիվանդներն աննշան պատճառներին պատասխանում են խորը և (կամ) լարված հուզական հակազդեցությամբ, իսկ դրա հետ մեկտեղ նաև արյան զարկերակային ճնշման նշանակալի բարձրացմամբ, որն, ի տարբերություն առողջների, ավելի երկարատև է:

Արյան ճնշումը կարգավորող ապարատի այդպիսի հակազդեցության առանձնահատկությունն այն է, որ, ըստ նրա կրկնման չափի, դանդաղ, բայց անշեղորեն և ավելի երկար ժամանակով հաստատվում է արյան ճնշման բարձրացումը: Հիվանդության խորացմանը նպաստում է նաև արյան ճնշումը կարգավորող հումորալ մեխանիզմը (արյան մեջ ակտիվ նյութերի արտադրության միջոցով): Այդ կարգավորման մեջ կենտրոնական դերը պատկանում է երիկամներին: Հիպերտոնիկ հիվանդությանը բնորոշ դրանց գործունեության խանգարումների հետևանքով հումորալ մեխանիզմը ներգրավվում է հիվանդության սկզբնական փուլում, իսկ ժամանակի ընթացքում ավելի կարևոր նշանակություն է ունենում արյան ճնշումը բարձր մակարդակի վրա պահելու գործում: Ի տարբերություն զուտ նյարդային մեխանիզմների` արյան ճնշման կարգավորման ընթացքում հումորալ ազդակներն առաջացնում են ավելի երկարատև տեղաշարժեր, և բարձր ճնշումն աստիճանաբար դառնում է ավելի կայուն: Եվ այսպես, հուզումներով պայմանավորված արյան ճնշման բարձրացման հակազդեցություններն անցնում են քրոնիկական հիվանդության: Այդ նույն մեխանիզմների ազդեցությունը հետագա տարիներին հանգեցնում է արյան բարձր ճնշման կայունացման:

Հիվանդության խորացման ընթացքում խիստ վտանգավոր է այդ փուլը, որի ժամանակ հիվանդը հաճախ դադարում է տհաճ զգացողություններ ունենալ, առաջանում է ապաքինման պատրանք, և, որպես հետևանք, հիվանդը դադարում է բուժվել: Արյան ճնշման բարձր մակարդակը պահպանելու գործընթացին մասնակցում է նաև 3-րդ մեխանիզմը, երբ սրտի պոմպային աշխատանքն ուժեղանում է` արյան շրջանառությանը մասնակցող արյան ավելցուկային մեծ ծավալի դեպքում: Արյան շրջանառության նման ձևն անվանում են գերշարժուն, որը խիստ կարևոր է հիպերտոնիկ հիվանդների մեծամասնության համար:

Պաթոգենեզ
Հիվանդության սկզբում զարկերակային ճնշումը պարբերաբար է բարձրանում, բայց հիվանդության խորացմանը զուգընթաց զարկերակային ճնշումը գրեթե միշտ լինում է կայուն բարձր վիճակում:

Բուժում
Հիպերտոնիկ հիվանդության առաջընթացը կարելի է դադարեցնել ժամանակին բուժվելով: Պարզվել է, որ հումորալ ճանապարհով արյան զարկերակային ճնշման բարձրացումը կապված է օրգանիզմից նատրիումի քլորիդի (կերակրի աղ) ելքի կասեցմամբ, որի արտազատումը երիկամներով (մեզով) հիպերտոնիկ հիվանդության ժամանակ որոշ չափով դանդաղում է: Այդ ավելցուկն օրգանիզմում առաջացնում է զարկերակային ճնշման անմիջական բարձրացում, իսկ հեռացումն իջեցնում է արյան ճնշումը: Հիպերտոնիկ հիվանդության հիմնական մեխանիզմները գիտենալն օգնում է ավելի գիտակցաբար վերաբերվել աշխատանքի և հանգստի մասին բժշկի խորհուրդներին: Այդ հանձնարարականները պայմանավորված են նրանով, որ հիպերտոնիկ հիվանդության հետագա խորացումը կանխելու համար անհրաժեշտ է նվազեցնել նյարդահուզական լարվածության ուժգնությունը, պայմաններ ստեղծել կենտրոնական նյարդային համակարգում կուտակված հուզական << լիցքի >> լիցքաթափման համար: Երբեմն բժիշկն այդ նպատակով ստիպված է լինում նշանակել կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութեր: Որքան էլ անցանկալի են սննդում աղի կերակրատեսակների կայուն սահմանափակումը կամ բացառումը, դրանք հիպերտոնիկ հիվանդության ժամանակ արյան զարկերակային ճնշման բարձրացման դեմ պայքարի իրական և մատչելի միջոցներից ամենակարևորն են:

Ժամանակակից բժշկագիտությունը ունի դեղանյութերի մեծ տեսականի, որի օգնությամբ կարելի է ուժեղացնել նատրիումի քլորիդի արտազատումը երիկամներով (մեզով) և իջեցնել արյան ճնշումը: Դրա համար հաճախ հիվանդին նշանակում են միզամուղ դեղանյութեր, որոնք խթանում են նատրիումի քլորիդի արտազատումը մեզով: Բայց ակնհայտ է, որ հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդու երիկամներն ավելի հեշտությամբ և քիչ դեղանյութերի օգտագործմամբ կարող են հաղթահարել կերակրի աղի անհրաժեշտ քանակության արտազատումը, եթե սնունդը չպարունակի աղի ավելցուկային քանակություն, և եթե հիվանդն ինքն իրեն պաշտպանի օրգանիզմում նատրիումական աղերի կուտակումից: Ստույգ հայտնի է, որ հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող գիրացած մարդուն երբեմն անհրաժեշտ է ազատվել մարմնի ավելցուկային քաշից, որպեսզի արյան ճնշումը կարգավորվի առանց դեղորայքի:

Այսպիսով, յուրաքանչյուր մարդ կարող է ինքնուրույն, առանց դեղանյութերի ընդունման կանխել հիպերտոնիկ հիվանդության խորացումը, կամ խոչընդոտել դրա կայունացմանը: "Առանց դեղանյութերի" կանխարգելման ու բուժման արդյունավետությունն ապացուցված է համեմատաբար շարժուն ապրելակերպ ունեցող և ցածր կալորիականությամբ սնունդ (կերակրի աղի սահմանափակմամբ) օգտագործող հիվանդների մեծ խմբերի հսկողությամբ: Հսկողության 1 տարվա ժամկետը ցույց է տվել, որ նրանց ճնշող մեծամասնության արյան ճնշումը բնականոնացել է: Նշենք, որ հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդը (հատկապես քրոնիկական) պետք է մշտապես գտնվի բժշկի հսկողության տակ, որովհետև բուժումը (տհաճ զգացողությունների վերացումը և արյան ճնշման իջեցումը) կրում է ժամանակավոր բնույթ, և հարկ չկա բուժումն ընդհատել: Ավելին, առանց բժիշկի թույլտվության ընդմիջումները կարող են հանգեցնել հիպերտոնիկ կրիզի, այսինքն` հիվանդության հիմնական դրսևորումների սրման և արյան ճնշման առավել նշանակալի բարձրացման:

Հիպերտոնիկ հիվանդությամբ հիվանդի ինքնազգացողությունը կտրուկ վատանալիս հարկավոր է բժիշկ կանչել, բայց մինչև նրա գալը հիվանդին անկողնում կամ բազկաթոռի վրա կիսանստած դիրք տալ, ոտնաթաթերն ու ծնկները տաքացնել` փաթաթելով, ջեռակներով, ոտքերի տաք լոգանքով, սրունքներին մանանեխի ծեփուկներ դնելով. Ներքին ընդունման համար օգտակար են, օրինակ, կորվալոլի կաթիլները (35-40 կաթիլ), ինչպես նաև այն պատրաստուկի արտահերթ դեղաչափը, որը կանոնավոր օգտագործում է հիվանդը: Հետկրծոսկրային ցավերի ժամանակ անհապաղ օգտագործել նիտրոգլիցերին (դնել լեզվի տակ): Սննդից պետք է խուսափել. ուժեղ գլխացավերի ժամանակ կարելի է ընդունել միզամուղ պատրաստուկի 1 հաբ, եթե այն արդեն օգտագործվել է հիպերտոնիկ հիվանդության բուժման համար: Հիպերտոնիկ հիվանդության բուժման հիմնական նպատակը արյան ճնշումը հիվանդի համար բարենպաստ մակարդակի վրա պահելն է` հնարավորության դեպքում սահմանափակելով նրա տատանումները: Լավագույնը մշտական բուժումն է: Սակայն, նույնիսկ այդ դեպքում հնարավոր են հիվանդության սրացումներ և հիպերտոնիկ կրիզներ:

Կանխարգելում
Հիպերտոնիկ հիվանդության կանխարգելման միջոցառումները նույնն են, ինչ-որ հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց համար նախատեսված հանձնարարականները: Դրանք պետք է կիրառեն զարկերակային ճնշման բարձրացման հակում ունեցող անձինք: Կանխարգելման միջոցառումները հատկապես անհրաժեշտ են հիպերտոնիկ հիվանդության հանդեպ ժառանգական նախատրամադրվածությամբ մարդկանց (հաճախ երիտասարդների) համար:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին