Գաճաճ երիզորդի հարուցիչը Hymenolepis mana-ն, չնայած տիպիկ գեոհելմինթոզ է, սակայն հարուցիչը ժապավենաձև ճիճուների դասին է պատկանում։ 3-5 սմ երկարություն ունեցող որդ է։ Գլխիկն ունի 4 ծծան և 24-30 մանր կարթ։ Սեգմենտները քանակությամբ քիչ են, շատ նուրբ, որի հետևանքով շատ շուտ պատռվում են և սեգմնետների մեջ եղած ձվերը թափվում են աղիքի լուսանցք։ Հասուն որդերը հաստատվում են աղիքների ստորին հատվածում։ Ձվերում արդեն գոյանում է սաղմը (օնկոսֆերա), որն ընկնելով մարդու օրգանիզմ, անցնում է զարգացման որոշակի փուլ։ Ստամոքսում լուծվում է ձվի թաղանթը, և օնկոսֆերան, անցնելով աղիքներ, հաստատվում է նրա թարթիչներում և 14-15 օրից հետո դառնում է հասուն որդ։

Վարակի աղբյուրը
Գաճաճ երիզորդն ավելի շատ է տարածված, քան մյուս ժապավենաձև որդերը։ Վարակի աղբյուր համարվում են վարակված մարդիկ։ Ավելի մեծ տարածվածություն ունի երեխաների մեջ։ Այլ կենդանիների, հատկապես կրծողների դերը, որպես վարակի աղբյուր, վերջնականապես չի ապացուցված։

Կրծողների գաճաճ երիզորդը կոչվում է Hymenolepis fraterna, սակայն այս տեսակը փոխանցվում է մարդուն, թե՝ ոչ, դեռևս ապացուցված չէ։ Գաճաճ երիզորդի ինվազիոն ձվերով վարակվելուց մինչև հասուն ձվերի առաջացումը մարդու օրգանիզմում տևում է մոտ 2 շաբաթ։ Հիվանդությունը հանդիպում է ամենուրեք Լատինական Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իրանում, Պակիստանում, Աֆղանստանում։ ԱՊՀ  երկրներից այն արձանագրվել է Հայաստանում, Վրաստանում, միջինասիական հանրապետություններում, Մոլդովայում ևայլուր։ Այս որդը մարդու վրա թողնում է ալերգիկ և մեխանիկական ազդեցություն։ Անեմիայի, դիզբակտերիոզի, աղիքների ֆերմենտացիոն պրոցեսների խանգարումները մշտապես ուղեկցում են այս հիվանդությանը։ Հիվանդությունն առավել տարածված է 4-9 տարեկան երեխաների շրջանում։

Փոխանցման մեխանիզմը
Իրականացվում է, երբ օգտագործվում է վարակված սննդամթերքը, երբ առկա է շփումը վարակված իրերի, խաղալիքների, ճանճերի հետ։ Այն շրջաններում, ուր տարածված է ասկարիդոզը, այս հիվանդության դեպքեր գրեթե չեն արձանագրվում։ Այս հիվանդության ժամանակ մարդկանց անընկալությունը բավականին բարձրանում է, որը իր հերթին կանխարգելում է գերինվազիայի հնարավորությունները։

Պայքարը և կանխարգելումը
Վարակվածներին հայտնաբերելու նպատակով ամեն տարի երկու անգամ (գարնանը և աշնանը) մանկական կոլեկտիվներում կատարվում է զանգվածային քննություն։ Վարակվածներին անհապաղ ենթարկում են դեհելմինթիզացիայի, որը կատարվում է ֆենասալի օգնությամբ։ Այս նպատակով ֆենասալը օգտագործվում է նախատեսված պարբերաշրջանով (35-40 օր), հետևյալ չափաբաժնով՝ 1-2 տարեկաններին՝ 0,3գ, 3-4տ.՝ 0,5գր, 5-6տ.՝ 1գր, 6 - 10տ. 1,5գր, 11-ից բարձր՝ 2գր։ Ֆենասալն ընդունելուց 2-3 ժամ հետո տրվում է լուծողական։ Բուժումը համարվում է ավարտված այն դեպքում, երբ ֆենասալի լրիվ կուրսն ընդունելուց հետո անցնում է 6 ամիս և կղանքի կրկնակի լաբորատոր քննությունը տալիս է բացասական պատասխան։ Բուժման արդյունավետությունը հասնում է 70%-ի։ Արտաքին միջավայրի նկատմամբ տարվող հակահամաճարակային միջոցառումները նույնն են, ինչ գեոհելմինթների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների ժամանակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին