Հիմենոլեպիդոզը մարդու ճիճվային հիվանդություն է, որն առաջանում է թզուկ երիզորդներով ախտահարվելիս: Վերջիններս մակաբուծում են բարակ աղիքներում: Որդի երկարությունը 5-50մմ է, ունի գլխիկ` ծծաններով, կեռիկներով, և բազմահատված շարժուն կնճիթ:

Պատճառներ
Մակաբույծի հասուն ձվիկներն արտաթորանքի հետ աղիքներից ընկանում են արտաքին միջավայր, որտեղ սովորական ջերմաստիճանի և խոնավության պայմաններում մի քանի օր պահպանում են իրենց կենսունակությունը: Հիվանդության վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Հիմնականում հիվանդանում են երեխաները, որոնք վարակվում են մակաբույծի ձվիկները կուլ տալիս (կեղտոտ ձեռքերի, խաղալիքների և այլ միջոցներով):

Պաթոգենեզ
Հիմենոլեպիդոզի ախտանշաններն են` որովայնի ցավերը, ախորժակի խանգարումը, փորկապությունը, գլխացավերը, դյուրաբորբոքությունը, քնի խանգարումը, երեխայի թերաճումը, հասուն մարդկանց աշխատունակության անկումը:

Բուժում
Հիմենոլեպիդոզով հիվանդները բուժվում են հիվանդանոցում:

Կանխարգելում
Այս հիվանդության կանխարգելման համար պարտադիր է ուտելուց առաջ և զուգարանից հետո ձեռքերը լվանալ օճառով, օգտակար են հիգիենային լոգանքները, անկողնային պարագաների և ներքնաշորերի մաքրության պահպանումը: Երեխաների պետքանոթը և զուգարանի աթոռակը հարկավոր է լվանալ տաք ջրով, կատարել խոնավ մաքրում և օդափոխել բնակարանը: Կանխարգելման միջոցառումները հատուկ նշանակություն ունեն մանկամսուրներում, մանկապարտեզներում և բազմանդամ ընտանիքներում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին