Առավել հաճախ արտարգանդային հղիության պատճառը արգանդափողերի բորբոքային հիվանդություններն են: Արգանդափողերը բորբոքային փոփոխությունների հետևանքով կորցնում են իրենց հիմնական ֆունկցիան` այսինքն ձվաբջիջը բռնելու և արգանդի խոռոչ տեղափոխելու հատկությունը: Այսպես ձվաբջիջը ամրանում է արգանդափողում, որովայնի խոռոչում կամ ձվարանում: Արտարգանդային հղիությունը կարող է կապված լինել նաև ինֆանտիլիզմի (սեռական օրգանների թերզարգացում), հղիությունը կանխելու վնասակար եղանակների կիրառման (օրինակ` արգանդի լորձաթաղանթին յոդի սպիրտային լուծույթ քսելը), ինչպես նաև արհեստական, հատկապես` արտահիվանդանոցային վիժումների հետ:

Պաթոգենեզ
Արտարգանդային հղիությանը բնորոշ են որովայնի ստորին հատվածում կծկումային ցավերը: Հաճախ նկատվում է արյունային արտադրություն, որը, որպես կանոն, ի հայտ է գալիս դաշտանի կարճատև բացակայությունից հետո: Մեծ մասամբ դաշտանային արյունը լինում է սակավ, մուգ գույնի, հազվադեպ առաջանում է արյունահոսություն: Դաշտանն անկանոն է և երկարատև: Նկատվում են նաև թուլություն, գլխապտույտ, ուշագնացություն:

Բուժում
Արտարգանդային հղիության վերը նշված ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Չի կարելի ինքնուրույն ընդունել արյունահոսությունը դադարեցնող միջոցներ, որովայնին ջեռակ կամ սառցապարկ դնել: Բուժման միակ արդյունավետ եղանակը անհապաղ վիրահատությունն է: Բուժման ավարտից հետո հիվանդը պետք է գտնվի բժշկի հսկողության տակ արտարգանդային հղիություն առաջացնող պատճառները պարզելու և բուժելու համար: Դա կկանխի արտարգանդային հղիության կրկնվելը: Բուժման ընթացքում անհրաժեշտ է կանխել հղիությունը. այն թույլատրվում է վիրահատությունից մեկ տարի անց:

Կանխարգելում
Արտարգանդային հղիությունը կանխարգելելու համար կինը պետք է խստորեն պահպանի անձնական հիգիենայի կանոնները: Մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիչ զննումները, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել և բուժել կանանց սեռական օրգանների հիվանդությունները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին