Տարբերում են վաղ և ուշ շրջանների հղիության տոքսիկոզներ
Վաղ տոքսիկոզները սովորաբար առաջանում են հղիության առաջին 12 շաբաթում:
Ուշ տոքսիկոզները հղիության ժամանակ առաջացող նույն հիվանդության տարբեր փուլերն են:

Պատճառներ
Հղիության տոքսիկոզները պայմանավորված են կնոջ օրգանիզմում պտղաձվի զարգացման հետ կապված փոփոխություններով: Հաճախ առաջանում են հղի կնոջ առողջական վիճակի շեղումների ժամանակ: Հետազոտման (անհրաժեշտության դեպքում նաև բուժման) նպատակով կանանց կոնսուլտացիա ժամանակին դիմելը կարևոր է այդ բարդությունների կանխման համար:

Պաթոգենեզ
Վաղ տոքսիկոզները դրսևորվում են ընդհանուր ընկճվածությամբ, վատ ինքնազգացողությամբ, սրտխառնոցով, երբեմն` թքահոսությամբ (օրական մինչև 1.5 լ և ավելի): Օրը մի քանի անգամ լինում է սրտխառնոց, նկատվում են ընդհանուր թուլություն, գրգռվածություն, քնկոտություն, մարմնի քաշի անկում: Հղիության ծանր բարդություն է չափից ավելի փսխումը (օրը 20 անգամ, ոչ միայն ցերեկը, այլև` գիշերը), որը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման և կինը խիստ նիհարում է: Մաշկը դառնում է չոր և թորշոմած, բերանից տհաճ հոտ է գալիս, ջերմաստիճանը բարձրանում է, անոթազարկը` հաճախանում, արյան զարկերակային ճնշումը` իջնում:

Ուշ տոքսիկոզները (ջրգողություն, երիկամախտ, նախաէկլամպսիա, էկլամպսիա) ուղեկցվում են սիրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգերի, լյարդի, երիկամների և այլ օրգանների ֆունկցիաների խանգարումներով: Հղի կանանց ջրգողությունը բնորոշվում է կայուն այտուցներով: սկզբում դրանք առաջանում են ոտքերի, այնուհետև արտաքին սեռական օրգանների, ծանր դեպքերում` ամբողջ մարմնի վրա: Ընդհանուր վիճակը չի խանգարվում: Հեղուկի կուտակումն օրգանիզմում, որն սկզբում կարող է աննկատ լինել, առաջացնում է առավել արտահայտված մարմնի քաշի ավելացում (բնականոն հղիության ընթացքում այն ավելանում է միջինը 10 կգ): Հղիության երկրորդ կեսում մարմնի քաշի ավելացումը (շաբաթը` 250-300 գրամ) վկայում է այտուցների առկայության մասին:

Ռեժիմի խանգարումները, բժշկի խորհուրդները չկատարելը կարող են առաջացնել լուրջ բարդություններ, օրինակ` երիկամախտ, երբ այտուցների ֆոնի վրա բարձրանում է արյան զարկերակային ճնշումը, մեզում հայտնաբերվում է սպիտակուց: Երիկամախտի ժամանակ խանգարվում է պտղի զարգացումը և նույնիսկ հանգեցնում նրա մահվան: Հանձնարարված ռեժիմի խանգարման և երիկամախտը չբուժելու դեպքում այն կարող է վերածվել նախաէկլամպսիայի, երբ այտուցների, արյան ճնշման բարձրացման, մեզում սպիտակուցի ի հայտ գալու հետ միասին կարող են առաջանալ գլխացավ, տեսողության խանգարումներ (աչքերի առջև մառախուղի զգացում), սրտագդալի շրջանում ցավեր: Գլխացավը և տեսողության խանգարումները վկայում են գլխուղեղի արյան շրջանառության լուրջ խանգարումների մասին: Նախաէկլամպսիան ցանկացած պահի կարող է վերածվել էկլամպսիայի, որի դեպքում խանգարվում են կենսական կարևոր օրգանների ու համակարգերի ֆունկցիաները: Էկլամպսիայի բնորոշ ախտանշաններն են ցնցումներն ու գիտակցության կորուստը: Էկլամպսիան հաճախ առաջանում է հղիության և ծննդաբերության ժամանակ, երբեմն` նաև հետծննդյան շրջանում:Ցնցումների նոպան կարող է առաջանալ արյան զարկերակային ճնշման համեմատաբար ցածր ֆոնի վրա, չնչին այտուցների և մեզում սպիտակուցի քիչ քանակության դեպքում և երբեմն` անսպասելի:

Բուժում
Որոշ դեպքերում, չափից ավելի փսխումների ժամանակ, հղիության արհեստական ընդհատման հարց է առաջանում: Վաղ թունավորումները բուժում են կանանց կոնսուլտացիաներում: Չափից ավելի փսխումների դեպքում հարկավոր է հղի կնոջը տեղափոխել հիվանդանոց: Ջրգողությունը պահանջում է կանոնավոր բուժում: Կինը պետք է ամիսը 2 անգամ հաճախի կոնսուլտացիա և խստորեն պահպանի բժշկի նշանակումները, պահպանի հիգիենայի կանոնները, հետևի մարմնի քաշին (ամեն շաբաթ կշռվի): Ջրգողության ժամանակ սահմանափակում են հեղուկների (օրը 3-4 բաժակ) և աղերի օգտագործումը: Սննդում պետք է գերակշռեն կաթնամթերքը, բանջարեղենը, մրգերը:

Էկլամպսիայի ժամանակ սկսվող նոպայի ախտանշանները (դեմքի մկանների, կոպերի ձգվածություն) ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ, շտապ բժշկական օգնություն կանչել: Մինչև բժշկի գալը հիվանդին տեղավորել մթնեցրած սենյակում, ստեղծել լռության ու հանգստի պայմաններ: Նոպայի ժամանակ հարկավոր է միջոցներ կիրառել լեզուն կծելուց խուսափելու համար: այդ նպատակով կնոջ վերին և ստորին ծնոտների մեծ աղորիքների արանքում դնել ճաշի գդալի թանզիֆով փաթաթած պոչը: Նոպայից հետո բերանը սրբել մաքուր անձեռոցիկով, որպեսզի թուքը չընկնի շնչուղիներ: Էկլամպսիան շատ վտանգավոր է ինչպես մոր (հնարավոր է գլխուղեղի արյունազեղում և թոքերի այտուց), այնպես էլ պտղի համար, որը կարող է մահանալ: Էկլամպսիայի կանխարգելման ու բուժման համակարգը հնարավորություն է տալիս անցյալում էկլամպսիայի պատճառով կանանց բարձր մահացությունը բավականաչափ նվազեցնել: Ընդհանուր առմամբ հղիության տոքսիկոզների բուժումը ենթադրում է բուժպահպանողական ռեժիմ (սենյակի մթնեցում, արտաքին գրգռիչների վերացում) և արյան զարկերակային ճնշումն իջեցնող, միզարտադրությունն ուժեղացնող, ուղեղի այտուցը պակասեցնող և այլ դեղանյութեր:


Կանխարգելում
Կանխարգելիչ միջոցառումները պայմանավորված են հղիության տոքսիկոզների վաղ ախտորոշմամբ և ժամանակին բուժմամբ, ինչպես նաև բժշկի նշանակած սննդակարգի և ռեժիմի պահպանումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին