Հետանցքի շրջանի քորը հաճախ հանդիպող գանգատ է, դրանով տառապում է բնակչության 1-5%-ը: Հաճախ այն ուժեղանում է գիշերային ժամերին կամ աղիները գործելուց հետո և կարող է լուրջ անհանգստություն պատճառել մարդուն:

Ո՞րոնք են հետանցքի շրջանի քորի պատճառները:
Վտանգավո՞ր է արդյոք հետանցքի քորը:
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի:
Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում:

Ո՞րոնք են հետանցքի շրջանի քորի պատճառները:

Հետանցքի քորը կարող է լինել որևէ հիվանդության կամ գրգռող նյութերի հետ այդ շրջանի մաշկի շփման հետևանք: Սակայն ավելի հաճախ քորի պատճառը չի հայտնաբերվում: Երեխաների մոտ հետանցքի շրջանի քորի ամենահաճախ պատճառը սրատուտն է:

Հետանցքի քորի հնարավոր պատճառները թվարկված են ստորև.
-ուղիղ աղու հիվանդություններ
-թութք
-ճաք
-խուղակներ
-ուղիղ աղու արտանկում
-որոշ ուռուցքներ
-սնկային հիվանդություններ (կանդիդոզ, դերմատոֆիտիազ)
-պարազիտներ. (ցայլքային ոջիլ, քոս)
-սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (հերպես, սիֆիլիս, սրածայր կոնդիլոմա)
-աղիների այլ հիվանդություններ
-ճիճվային հիվանդություններ (սրատուտ)
-լուծ. հետանցքի շրջանի հաճախացած շփումը կղանքային զանգվածների հետ կարող է քորի պատճառ լինել
-տեղային գրգռում
-հետանցքի շրջանի խոնավություն. այն կարող է լինել գերքրտնարտադրության կամ -ճարպակալման հետևանք
-հիգիենայի պարագաներ. օճառը, գունավոր կամ արոմատիզացված զուգարանի թուղթը և այլ պարագաները կարող են առաջացնել տեղային գրգռում և քոր
-ներքնազգեստը. քորի պատճառ կարող է լինել ինչպես գործվածքը, այնպես էլ նրա վրա -մնացած լվացքի միջոցների մասնիկները
-որոշ մոմիկներ և քսուքներ ևս կարող են քորի պատճառ լինել
-սննդակարգը. սուրճի, թեյի, գարեջրի, շոկոլադի, ցիտրուսային մրգերի, լոլիկի, որոշ համեմունքների, թթու սննդի ընդունումը որոշ դեպքերում կարող է քորի պատճառ լինել
-որոշ դեղեր. ասպիրին, հիդրոկորտիզոն, կոլխիցին
-մաշկային հիվանդություններ
-փսորիազ
-ատոպիկ դերմատիտ
-սեբորեային դերմատիտ
-որոշ հիվանդություններ կարող են առաջացնել տարածուն քոր, որը հատկապես -արտահայտված է հետանցքի շրջանում
-նյութափոխանակային և հորմոնային խանգարումներ (շաքարային դիաբետ և այլն)
-երիկամային անբավարարություն
-լյարդի հիվանդություններ և այլն:

Վտանգավո՞ր է արդյոք հետանցքի քորը
Հազվադեպ ուղիղ աղու չարորակ ուռուցքների առաջին և միակ նշանը կարող է լինել հետանցքի շրջանի քորը:
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի Մեծամասամբ հետանցքի քորի հիմքում որևէ հիվանդություն ընկած չէ: Այնուամենայնիվ բժշկի դիմելը ցանկալի է յուրաքանչյուր դեպքում:

Անպայման դիմեք բժշկի, եթե.
-քորը տևում է ավելի քան մեկ ամիս
-քորն ուղեկցվում է այլ ախտանիշներով (հետանցքի շրջանի ցավ, հետանցքից արյունահոսություն կամ լորձային արտադրություն, փորկապություն, բարակ կղանք և այլն)
-քորը շարունակում է Ձեզ անհանգստացնել ստորև թվարկված միջոցառումները ձեռնարկելուց հետո:

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում
Ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, ով կհետազոտի Ձեզ և կախտորոշի կամ կհերքի քորի հնարավոր պատճառները: Քորի պատճառի հայտնաբերման դեպքում բուժումը ուղղված է դրա վերացմանը: Սակայն ավելի հաճախ պատճառն այդպես էլ չի հայտնաբերվում: Նման դեպքերում բուժման նպատակը միայն քորի զգացումը թեթևացնելն է: Ստորև թվարկված միջոցառումները կօգնեն Ձեզ թեթևացնել կամ կանխել հետանցքի քորը:

Հատուկ ուշադրություն դարձրեք հետանցքի շրջանի հիգիենային. աշխատեք հետանցքի շրջանը պահել մաքուր և չոր, աղիները գործելուց հետո ցանկալի է լվանալ կամ խոնավ կտորով սրբել հետանցքի շրջանը, այնուհետև չորացնել նուրբ կտորով: Օգտագործեք սպիտակ, չարոմատիզացված զուգարանի թուղթ: Փորձեք փոխել Ձեր օճառը և հիգիենայի մյուս պարագաները, քանի որ քորի պատճառը կարող են լինել հենց դրանք: Հնարավորինս պակասեցրեք հետանցքի շրջանի մաշկի վնասումը քորելու կամ սրբելու ընթացքում: Քորելու ժամանակ մաշկը վնասվում է, ինչը կարող է էլ ավելի ուժեղացնել քորը: Խուսափեք հետանցքի շրջանի ավելորդ խոնավությունից. Աշխատեք չկրել նեղ, քրտնեցնող, մաշկի գրգռում առաջացնող ներքնահագուստ, ինչպես նաև նեղ տաբատ: Կրեք բամբակե ներքնազգեստ: Հնարավորության դեպքում խուսափեք նույն դիրքում երկար նստելուց, հատկապես շոգ տարածքում: Կարող եք օգտագործել մանկական նրբափոշի (присыпка) կամ տալկ:
 
Սննդակարգ. սուրճի, թեյի, կոլայի, գարեջրի, կաթի, շոկոլադի,ցիտրուսային մրգերի, լոլիկի, ընկույզի, որոշ համեմունքների, կծու, թթու սննդի վերացումը սննդակարգից երբեմն կարող է թեթևացնել կամ անցկացնել քորը: Փորձեք ուշադրություն դարձնել, արդյոք նշված մթերքներից որևէ մեկից կամ մի քանիսից հրաժարվելը թեթևացնում է Ձեր քորը:
Դեղորայք. Բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարող եք օգտագործել տեղային քսուքներ, որոնք հանգստացնում են քորը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին