Հետադարձ տիֆը վարակիչ հիվանդություն է, որն ընթանում է տենդային նոպաներով (ջերմաստիճանի բարձրացում), որոնք ընդմիջվում են ջերմաստիճանի բնականոնացման շրջաններով: Տարբերում են ոջլային և տզային հետադարձ տիֆեր:

Պատճառներ
Ոջլային հետադարձ տիֆի հարուցիչը Օբերմեյերի սպիրոխետն է, որը մակաբուծում է մարդու և ոջլի օրգանիզմում: Սպիրոխետները հիվանդից առողջ մարդուն են փոխանցվում միայն հետադարձ տիֆով հիվանդ մարդու արյունը ծծած ոջիլների միջոցով: Մարդը վարակվում է վնասված (ճանկռվածք, հարուկ) մաշկի միջոցով` ոջիլների արյունաավշի մեջ (հեմոլիմֆա) սպիրոխետների ներթափանցումից:
Տզային հետադարձ տիֆի հարուցիչները սպիրոխետներն են: Վարակի աղբյուրն ավազամկներն են, ճագարամկները, դաշտամկները և այլն: Սպիրոխետները տզերի թքագեղձերից մարդու օրգանիզմ եմ թափանցում խայթոցի ժամանակ:

Պաթոգենեզ
Հիվանդության գաղտնի շրջանը 3-14 օր է (հաճախ` 7-8): Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ուժեղ (ցնցող) դողով, ջերմաստիճանի բարձրացմամբ (40-41˚ C): Առաջանում է գլխացավ` ծոծրակի շրջանում, անքնություն, մկանացավեր (հատկապես` ձկնամկանների շրջանում), երբեմն կարող են լինել քթային արյունահոսություններ: Մաշկը չոր է, շոշափելիս տաք: Ախորժակը վատանում է, հիվանդին տանջում է ծարավը, լեզուն պատվում է սպիտակ փառով: Արտազատվող մեզի քանակը քչանում է (օլիգուրիա), 3-4 օր անց մաշկը և աչքի սպիտապատյանը դեղնում են: Տենդային նոպայի ժամանակ փայծաղը մեծանում է և դառնում ցավոտ, հաճախ մեծանում է նաև լյարդը: Առաջին նոպան տևում է 6-8 օր, այնուհետև ջերմաստիճանն իջնում է մինչև բնականոնը, նկատվում է միայն թեթևակի ընդհանուր թուլություն: Չբուժվելու դեպքում հաջորդում է նոր տենդային նոպա, որն ընթանում է նույն ախտանշաններով: Սովորաբար լինում է 2-3 (հազվադեպ 4-5 նոպա)

Բուժում
Հետադարձ տիֆով հիվանդ հիվանդները բուժվում են հիվանդանոցում: Անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել հիվանդներին և հոսպիտալացնել: Հիվանդների հետ շփված անձանց վրա, սանմշակումից հետո, սահմանում են 14-օրյա բժշկական հսկողություն, ամեն օր չափում ջերմությունը: Վերջինիս բարձրանալու դեպքում հիվանդին մեկուսացնում են:

Կանխարգելում
Կանխարգելման հիմնական միջոցը տզերից պաշտպանվելն է:
Ոջլային հետադարձ տիֆի կանխարգելումը ոջլոտության դեմ պայքարն է: Խորհուրդ է տրվում օգտագործել վանող նյութեր: Տզերի ոչնչացման համար բնակելի և տնտեսական շինություններում, կրծողների բներում պետք է տեղադրել հեքսաքլորան (աերոզոլային), դուստ, էմուլսիաներ, փակել կրծողների բները, պատերի ու հատակի ճեղքերը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին