Սահմանափակ, քիչ այտուցված, վարդագույն բծային ֆոնի վրա միանգամից առաջացող սուր ցանավորում է, կազմված սերտորեն խմբավորված մանր բշտիկներից, որոնք լցված են թափանցիկ, աստիճանաբար պղտորվող շճային հեղուկով։ 3-4 օր անց բշտիկները չորանում են, առաջացնելով մեղրա-դեղնավուն փխրուն կեղևիկներ կամ բացվում են ու առաջացնում մանր, սերտորեն խմբավորված էրոզիաներ։ Երբեմն բշտիկները միաձուլվում են րազմակամերային տափակ բշտի մեջ, որը բացելուց հետո երևան է գալիս անկանոն, մանր ժաներիզավոր գծագրություն ունեցող էրոզիա։

Կեղևիկներն աստիճանաբար ընկնում են, էրոզիաներն էպիթելացվում, և հերպեսը 7-10-րդ օրը լավանում է, չթողնելով կայուն փոփոխություններ։ Հերպեսի ցանավորումն ուղեկցվում է քորով, երբեմն՝ ցավով։ Ոչ հազվադեպ միանգամից կամ հաջորդաբար, 1 - 2-օրյա ընդմիջումներով, գոյանում են ախտահարման 2-3 նոր օջախներ՝ սերտորեն տեղադրված միմյանց մոտ։ Հերպեսը առավել հաճախ տեղակայվում է բերանի (herpes labialis), քթի շուրջը (herpes nasalis), ավելի պակաս՝ այտերի, կոպերի, ականջի խեցիների մաշկի վրա։ Ոչ հազվադեպ հերպեսը ցանավորվում է սեռական օրգանների մաշկի վրա (herpes genitalis), տղամարդկանց առնանդամի գլխիկի և մարմնի, թլիփի ներսային մակերեսի շրջանում, կանանց մեծ ու փոքր ամոթաշրթերի, շեքի շրջանում, ինչպես նաև հետանցքի շուրջն ու հետույքի վրա։ Հերպեսը սեռական օրգանների վրա տեղակայվելիս մշտական գրգռումների, իսկ հնարավոր է և երկրորդային ինֆեկցիայի միացման հետևանքով, բշտերի բացվելուց հետո գոյացած էրոզիաները ոչ հազվադեպ ծածկվում են բաց գույնի փառով և անջատում թարախ։ Նման դեպքերում շրջանային ավշային հանգույցներն ուռչում են և դառնում ցավոտ։ Մաշկից բացի հերպեսը կարող է ախտահարել բերանի խոռոչի, ինչպես նաև միզուկի, հեշտոցի, արգանդի վզիկի լորձաթաղանթը։ Հնարավոր է հերպեսային եղջերաբորբի առաջացում։

Հասարակ հերպեսն ուղեկցում է որոշ ընդհանուր վարակական հիվանդություններին (կրուպոզային թոքաբորբ, մալարիա, գրիպ, մենինգիտ և այլն) կամ ծագում է ինքնուրույն։ Այդպիսի դեպքերում հերպեսի զարգացման առիթ կարող է հանդիսանալ վնասվածքը (ատամների հեռացում), ինտոքսիկացիան ածխաթթվով, սննդանյութերով և այլն, ինչպես նաև գերսառեցումը, հոգեկան տրավման։ Որոշ անձանց մոտ հասարակ հերպեսը կրում է կրկնվող բնույթ, ծագելով բազմակիորեն, կարճ ընդմիջումներով, շատ անգամ միևնույն տեղում։ Հատկապես հաճախակի են դիտվում սեռական հերպեսի կրկնումները, որոնք կանանց մոտ առաջանում են դաշտանային ցիկլերի ժամանակ, իսկ տղամարդկանց մոտ՝ սեռական հարաբերությունից հետո։ Հերպեսի առանձին ձևն է ներկայացնում հերպետիկ տենդը (febris herpetica): Ծագում է հանկարծակի, սկսվելով դողով և օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացմամբ մինչ 39-40 C, այնուհետև առաջանում են ուժեղ գլխացավեր, մենինգիտային երևույթներ, փսխում երբեմն գիտակցության մթագնում ու զառանցանք։ Ոչ հազվադեպ են մկանացավերը, շաղկապենու կարմրությունը և ավշային հանգույցների ուռածությունն ու մեծացումը։ 2-3-րդ օրը մարմնի բարձր ջերմաստիճանը կտրուկ ընկնում է, հիվանդի ինքնազգացումը լավանում է, և այդ ժամանակ տեղի է ունենում հերպեսի մեկ կամ մի քանի օջախների ցանավորում, ամենից հաճախ բերանի ու քթի շուրջը։ Նկարագրված են նաև հերպեսային մենինգոէնցեֆալիտի դեպքեր։

Հյուսվածաախտաբանությունը։ Հերպեսի բշտիկներն առաջանում են ի հաշիվ էպիթելի այսպես կոչված ծփացող կազմափոխության, որբ բնորոշվում է փշաձև շերտի բջիջների օջախային փոփոխությամբ։ Վերջիններս կլորանում են, մեծանում և ձեռք բերում գնդաձև տեսք: Միաժամանակ ամիտոտիկ բաժանման հետևանքով գոյանում են բազմակորիզ հսկա բջիջներ։ Էպիթելում կուտակված շճային էքսուդատը միմյանցից հեռացնում է փոփոխված բջիջները. գոյանում է խոռոչ, լցված էքսուդատով, որի մեջ կախված են էպիթելային բջիջներ։ Կազմափոխված էպիթելային բջիջների կորիզներում հայտնաբերվում են յուրահատուկ թթվասեր պարփակումներ։ Դերմայում` պտկիկային շերտի այտուց, արյունատար ու ավշային անոթների զգալի լայնացում ու ինֆիլտրատ` կազմված գերազանցապես լիմֆոցիտներից ու նեյտրոֆիտներից։ Վերջիններիս ոչ մեծ քանակը թափանցում է բշտիկների խոռոչի մեջ։

Ախտապատճառները։ Հերպեսի հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որի կուլտուրան ստացվում է հավի սաղմի խորիոնալանտոիսային թաղանթի վրա։ Նա ախտածին է նաև մի շարք կենդանիների համար (ճագարների, ծովախոզուկների, կապիկների, առնետների, մկների և այլն), որոնց կարելի է վարակել վիրուսը եղջերենու (կերատիտ), մաշկի կամ ուղեղի հյուսվածքի մեջ (էնցեֆալիտ) ներմուծելու միջոցով։ Ուղեղի ախտահարումը կարող է զարգանալ նաև եղջերաթաղանթի վարակման միջոցով, որը վկայում է վիրուսի՝ նյարդերում շարժվելու հնարավորության մասին։ էպիթելային և ուղեղային բջիջների կորիզների մեջ ինչպես էքսպերիմենտալ, այնպես էլ բնական ինֆեկցիայի ժամանակ գոյանում են թթվասեր կորիզային պարփակումներ։ Տարած ինֆեկցիայից հետո կենդանիների մոտ զարգանում է կայուն անընկալություն։ Հերպեսով հիվանդացած մարդկանց արյան շիճուկում հայտնաբերվում են հերպեսի վիրուսները չեզոքացնող հակամարմիններ, ինչպես նաև կոմպլեմենտը կապող նյութեր։ Ենթադրվում է, սակայն, որ մարդու անընկալությունը հերպեսի նկատմամբ կրում է միայն ինֆեկցիոն բնույթ։ Դա հաստատվում է նրանով, որ հերպեսով տառապողների մոտ, նույնիսկ ցանավորումից ազատ ժամանակաշրջաններում վիրուս է հայտնաբերվում թքի մեջ։ Ըստ երևույթին հերպեսով վարակվում են վաղ մանկական հասակում, որից հետո պահպանվում է վիրուսակրություն՝ չափազանց անկայուն ինֆեկցիոն անընկալությամբ։ Վերջինս հեշտությամբ թուլանում է ինչպես ընդհանուր ինֆեկցիաների, այնպես էլ այլ գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են սառեցումը, ինտոքսիկացիաները, տրավման, որոնք թուլացնում են օրգանիզմի դիմաղրողականությունը ինֆեկցիաների նկատմամբ։

Հերպեսի ախտորոշումը դժվարություններ չի ներկայացնում։ Միայն սեռական օրգանների վրա տեղակայվելիս կարող է անհրաժեշտություն առաջանալ տարբերական ախտորոշման՝ փափուկ կամ կարծր շանկրից։ Վերջինիցս հերպեսային էրոզիան տարբերվում է անհարթ, մանր ժաներիզավոր գծագրությամբ, հիմքում ամուր ինֆիլտրատի բացակայությամբ ու արագ վերացումով՝ ինդիֆերենտ դեղաձևերով արտաքին բուժման ազդեցությամբ։ Սեռական օրգանների հերպեսը փափուկ շանկրից տարբերվում է ախտահարման մակերեսայնությամբ (էրոզիա, այլ ոչ խոց), թույլ ցավոտությամբ ու ցաների բացակայությամբ։ Դժվարին դեպքերում հարցը լուծվում է արտազատուկի բակտերիոսկոպիկ հետազոտմամբ՝ փափուկ կամ կարծր շանկրի հարուցչի հայտնաբերման ուղղությամբ։

Բուժումը։ Խորհուրդ է տրվում ինդիֆերենտ (օրինակ՝ ցինկային) կամ ախտահանիչ (օրինակ` 5%-անոց բորա-նաֆթալանային) քսուքների, ինչպես նաև 50 %-անոց ինտերֆերոնային կրեմի օգտագործում 4-6 օրվա ընթացքում)։ Ընդհանուր երևույթների առկայւէւթյան դեպքում (herpes febrilis)` լայն ազդեցության սպեկտրի հակաբիոտիկներ: Կրկնվող հերպեսի ժամանակ՝ աուտոհեմոթերապիա, բնական ծաղիկ վակցինայի կրկնակի պատվաստումներ (2-4 անգամ), պիրոգենալ, գամմա-գլոբուլին, ինտերֆերոն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին