Լյարդի հիվանդություններ են, որոնք բնորոշվում են պարենխիմայի դիստրոֆիկ փոփոխություններով և մեզենխիմայի թույլ արտահայտված բջջային ռեակցիայով։ Նյութափոխանակության խանգարումների բնույթից ելնելով` տարբերում են հեպատոզների հետևյալ հիմնական ձևերը՝

1. ճարպային,
2. լեղականգային (խոլեստատիկ),
3. գունակային (պիգմենտային):

Ըստ կլինիկական ընթացքի հեպատոզները լինում են`

1. սուր
2. քրոնիկական։


Էթիոլոգիան։ Սուր ճարպային հեպատոզ (լյարդի տոքսիկ դիստրոֆիա, լյարդի սուր դեղին ատրոֆիա) հաճախ զարգանում է ֆոսֆորային, մկնդեղային, դիքլորէթանային, էթիլ սպիրտային թունավորումների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ազդեցությունից, օրինակ տետրացիկլինի մեծ դեղաչափերի ընդունումից և այլն։ Լյարդի սուր դիստրոֆիայով երբեմն բարդանում են վիրուսային հեպատիտը, սեպսիսը։ Քրոնիկական ճարպային հեպատոզը հաճախ չափահասների մոտ է զարգանում և հանդես է գալիս որպես ընդհանուր ճարպակալման, շաքարային դիաբետի, սպիտակուցային և վիտամինային անբավարարության հետևանք։ Լեղականգային հեպատոզ առաջանում է որոշ դեղամիջոցների ընդունումից (ամինազին, հորմոններ, հակամակարդիչներ և այլն)։ Գունակային հեպատոզներ զարգանում են ժառանգականորեն պայմանավորված էնզիմոպաթիայի հետևանքով։

Կլինիկան։ Սուր ճարպային հեպատոզը զարգանում է առանց նախանշանային համախտանիշի և արտահայտվում է բուռն դիսպեպտիկ երևույթներով, դեղնուկով, հեմոռագիկ նշաններով։ Լյարդը սկզբնական շրջանում լինում է որոշ չափով մեծացած, փափուկ, հետագայում չի շոշափվում։ Բնորոշ է արտահայտված հիպոգլիկեմիան։ Արյան մեջ հայտնաբերվում են լեյկոցիտոզ, հիմնային ֆոսֆատազայի բարձրացած ակտիվություն, ամինոտրանսֆերազայի բարձր պարունակություն։ Ծանր դեպքերում նկատվում է հիպոկալեմիա, արագացած ԷՆԱ, զարգանում է լյարդային անբավարարություն։ Քրոնիկական ճարպային հեպատոզին (ճարպային դիստրոֆիա, ճարպային ինֆիլտրացիա և այլն) բնորոշ է երկարատև, երբեմն թույլ արտահայտված ախտանիշներով ընթացքը։ Նկատվում են մարսողության խանգարման երևույթներ, ընդհանուր թուլություն, աջ թուլակողի բութ ցավեր, երբեմն` թեթև դեղնուկ։ Լյարդը լինում է հարթ մակերեսով, բութ եզրերռվ, ամուր կազմությամբ, երբեմն` ցավոտ։ Փայծաղի մեծացումը բնորոշ չէ։ Լյարդի ֆունկցիոնալ նմուշներ քիչ են փոփոխված։ Ախտորոշման համար վճռական նշանակություն ունեն լյարդի պունկցիոն բիոպսիայի տվյալները (հեպատոցիտների ճարպային դիստրոֆիա)։ Լեղականգային հեպատոզն արտահայտվում է ներլյարդային լեղականգի համախտանիշով՝ տարբեր ուժգնության դեղնուկ, մաշկային քոր, գունազուրկ կղանք, մուգ մեզ։ Արյան շիճուկում բարձրացած են հիմնային ֆոսֆատազի, լեյցինամինոպեպտիդազայի ակտիվությունը, լիպիդների, լեղաթթուների պարունակությունը։ Լյարդի չափերի մեծացում ոչ միշտ է հայտնաբերվում։

Բուժումը։ Սուր ճարպային հեպատոզով հիվանդները հոսպիտալացվում են։ Ձեռնարկվում են շտապ միջոցառումներ տոքսիկ գործոնների ներթափանցումը կանխելու և օրգանիզմից նրանց հեռացման ուղղությամբ։ Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել արյունահոսությունը կասեցնելու, ընդհանուր տոքսիկոզի, հիպոկալեմիայի, հիպոգլիկեմիայի վերացնելու նպատակով։ Ծանր դեպքերում ցուցված են կորտիկոստերոիդներ։ Քրոնիկական ճարպային հեպատոզի բուժումը պատճառային է, այսինքն՝ ուղղված է առաջին հերթին հիվանդության պատճառների վերացմանը։ Նշանակվում է դիետա, որը պարունակում է համաչափ քանակներով լիարժեք սպիտակուցներ, վիտամիններ և աննշան քանակի ճարպեր։ Որոշակի նշանակություն ունեն լիպոտրոպ միջոցները, անաբոլիկ հորմոնները, B12 վիտամինը, լյարդի մզվածքներ և հիդրոլիզատներ պարունակող դեղորայքը։ Լեղականգային հեպատոզի բուժումը նույնն է, ինչ որ քրոնիկական ճարպային հեպատոզի ժամանակ։

 

 
 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին