Ախտանիշների ընդհանրություն է, որը զարգանում է լյարդի և երիկամների համատեղ սուր ախտահարումից։ Հաճախ գործածվում է «սուր լյարդաերիկամային անբավարարություն» տերմինը։ Հիվանդության ինքնուրույն ձև չէ և զարգանում է այնպիսի ախտաբանական վիճակներում, երբ օրգանիզմում միաժամանակ գործում են լյարդային և նեֆրոտոքսիկ ազդակները։ Տարբերում են հեպատոռենալ համախտանիշի վարակային, տոքսիկ, հետվիրահատական և կրիպտոգեն ձևերը։ Տվյալ համախտանիշի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նյութափոխանակության ժառանգականորեն պայմանավորված այն խանգարումները, որոնք ուղեկցվում են կենսաբանական հեղուկներում ցիստինի, օքսալատների, միզաթթվի քանակների ավելացմամբ։

Կլինիկորեն արտահայտվում է ընդհանուր թունավորման երևույթներով, սրտխառնոցով, փորկապությունով, մարմնի զանգվածի կորստով, արյունազեղումներով։ Նկատվում է հաճախասրտություն, սրտի տոների խլացում, զարկերակային ճնշման իջեցում։

Ծանր դեպքերում նկատելի են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշանները՝ ընդհանուր թուլություն, քնկոտություն, պոլինևրիտներ, մենինգիալ երևույթներ։ Արյան մեջ հայտնաբերվում է արտահայտված լեյկոցիտոզ, բարձրացած ԷՆԱ, հիպոալբումինեմիա, հիպերամինոացիդեմիա, մեզում` սպիտակուցներ, էրիթրոցիտներ, գլանակներ, երբեմն` լեյկոցիտներ։ Ազոտեմիայի զարգացման դեպքում արյան մեջ սպիտակուցի, ֆիբրինոգենի, նատրիումի պարունակությունը պակասում է։ Սուր լյարդաերիկամային անբավարարությունն արտահայտվում է դեղնուկով, լեղարյունության երևույթներով, լյարդի չափերի մեծացումով և նրա հետագա փոքրացումով, աջ թուլակողի ցավոտությամբ, ինչպես նաև սակավամիզությամբ և անմիզությամբ։

Բուժումը։ Ուղղված է հիմնական հիվանդության և լյարդային ու երիկամային անբավարարության երևույթների վերացմանը։ Նշանակվում է ածխաջրային դիետա` սպիտակուցների և ճարպերի խիստ սահմանափակումով, գլուտամինաթթու, B6, B12 վիտամիններ. լիպոտրոպ միջոցներ: Վարակային օջախի առկայության դեպքում օգտագործվում են հակաբիոտիկներ, իսկ արյան կորստի դեպքում կատարվում է թարմ արյան կաթիլային ներարկում։ Ըստ ցուցումների՝ որովայնամզային դիալիզ, հեմոդիալիզ (արհեստական երիկամ)։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին