Լյարդի և փայծաղի զուգակցված մեծացումն է` պայմանավորված ախտաբանական պրոցեսում այդ օրգանների մասնակցությամբ:

Պատճառագիտական բոլոր գործոնները պայմանականորեն բաժանվում են 5 խմբի.

1. Լյարդի սուր և խրոնիկական, տարածուն և օջախային հիվանդություններ, որոնք ընթանում են դռներակային համակարգի և փայծաղային երակում արյան շրջանառության խանգարումներով (անոթների խցանումներ, բնածին կամ ձեռքբերովի զարգացման արատներ, թրոմբոֆլեբիտներ):

2. Կուտակային (նյութափոխանակային) հիվանդություններ` հեմոքրոմատոզ, հեպատո-ցերեբրալ դիստրոֆիա, Գոշեի հիվանդություն (լիպոիդոզ), ամիլոիդոզ և այլն:

3. Վարակային և մակաբուծային հիվանդություններ` վարակային մոնոնուկլեոզ, մալարիա, վիսցերալ լեյշմանիոզ, բակտերիալ էնդոկարդիտ, սիֆիլիս, բրուցելյոզ, պալարախտ, տիֆ-պարատիֆային ինֆեկցիաներ:

4. Արյունաբանական հիվանդություններ և ավշային հյուսվածքի ախտահարումներ` հեմոլիտիկ սակավարյունություններ, լեյկոզներ, պարապրոտեինեմիկ հեմոբլաստոզներ, լիմֆոգրանուլեմատոզ):

5. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, որոնք ընթանում են խրոնիկական սրտային անբավարարությամբ` սրտի արատներ, կպումային պերիկարդիտ, ՍԻՀ:

Լյարդի և փայծաղի զուգորդված ախտահարումը պայմանավորված է այդ օրգանների սերտ փոխկապակցությամբ, երակային, ավշային ու նյարդավորման համակարգերի ընդհանրությամբ, և նույն ռետիկուլոէնդոթելիալ համակարգին պատկանելիությամբ: Լյարդի և փայծաղի մեծացման աստիճանը անմիջականորեն կախված է հիմնական հիվանդությունից, սակայն ոչ միշտ է արտացոլում ախտաբանական պրոցեսի ծանրությունը: Թերևս ավելի է կարևորվում լյարդի և փայծաղի մեծացման համեմատական հարաբերակցությունը:

Հեպատոլինեալ համախտանիշի ախտորոշումը սովորաբար դժվարություններ չի հարուցում և իրականացվում է որովայնի շոշափմամբ, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտությամբ: Շատ ավելի բարդ է հեպատոլինեալ համախտանիշի պատճառների բացահայտումը: Այդ նպատակով խիստ կարևորվում է հուշաքննության արդյունքների վերլուծությունը (գանգատների բնույթը, հիվանդության առանձնահատկությունները, ընտանեկան անամնեզը) և հիվանդի մանրակրկիտ կլինիկական հետազոտությունը (զննում, շոշափում, բախում, գործիքային և լաբորատոր հետազոտություններ):

Այսպես, I պատճառագիտական խմբի դեպքում հեպատոլինեալ համախտանիշը ուղեկցվում է ցավերով կամ ծանրության զգացումով աջ թուլակողում, ապամարսական երևույթներով, հյուծական համախտանիշով, մաշկի քորով և դեղնությամբ, իսկ լյարդա-բջջային անբավարարության պարագայում ի հայտ են գալիս «մանր» ախտանիշներ` անոթային «աստղիկներ», ընդհանուր մկանային ատրոֆիա, ափերի կարմրություն, թենար-հիպոթենար մկանունքի ատրոֆիա, գինեկոմաստիա, մազաթափություն, խեղաթյուրված մազակալում, եղունգների ձևախեղում («ժամացույցի ապակիներ»), էմալապատ եղունգներ, «թմբկափայտեր» հիշեցնող մատներ, կրծքային պտուկների մգացում, հարականջային թքագեղձերի մեծացում, կարմիր` «լաքապատ» լեզու, քսանտելազմներ: Բավականին բնութագրական է պորտալ հիպերտենզիայի և հեմոռագիկ համախտանիշի զարգացումը:

Բադ-Քիարիի համախտանիշի պարագայում դիտվում է կայուն ասցիտ, իսկ հեպատոմեգալիան շատ ավելի խիստ է դրսևորվում, քան սպլենոմեգալիան: Ընդ որում, դեղնություն և լյարդային անբավարարության ախտանիշներ չեն նկատվում: Ոչ սակավադեպ դիտվում են արյունահոսություններ որկորի և ստամոքսի կարդիալ հատվածի հանգուցավոր լայնացած երակներից: Հուշաքննությամբ կարող են նշվել կրած վիրուսային հեպատիտներ, ալկոհոլի շարաշահում, հեպատոտոքսիկ պատրաստուկների կիրառում, նոպայաձև փորա-ցավեր` հետագա տենդային հակազդմամբ (փայծաղի երակի թրոմբոզ կամ թրոմբոֆլեբիտ):

Պատճառագիտական II խմբի, մասնավորապես հեմոքրոմատոզի պարագայում հիվանդության ախտանիշները հայտնաբերվում են նաև ընտանիքի այլ անդամների` հիմնականում տղամարդկանց շրջանում, իսկ հեպատոլիենալ համախտանիշը զուգորդվում է մաշկի և լորձաթաղանթների հիպերպիգմենտացիայի, լյարդի ցիռոզի, շաքարախտի և հիպոգոնադիզմի հետ: Ընդ որում, լյարդային «մանր» ախտանիշները հազվադեպ են նկատվում, իսկ դռներակային հիպերտենզիան և լյարդային անբավարարությունը դիտվում են միայն հիվանդության վերջնային շրջաններում:

Հեպատոցերեբրալ դիստրոֆիայի դեպքում «լյարդային» գանգատներին հետագայում միանում են նյարդային համակարգի ախտահարման ախտանիշները` մկանային կարկամածություն, հիպերկինեզ, մտավոր ունակությունների ընկճում: Բնութագրական է Կայզեր-Ֆլեյշերի օղակների ձևավորումը բբերի շուրջը և հիվանդության ընտանեկան բնույթը:

Գոշեի հիվանդության (լիպոիդոզ) դեպքում կարող են նկատվել նաև մտավոր և ֆիզիկական թերաճ, նյարդային համակարգի ախտահարում:

Ամիլոիդոզի պարագայում հեպատոլինեալ համախտանիշը զուգորդվում է «ճենապակյա» մաշկի, լեզվի մեծացման և ամիլոիդոզի այլ «դասական» ախտանիշների հետ:

Հեպատոլինալ համախտանիշը III խմբի հիվանդությունների դեպքում ընթանում է ջերմության բարձրացմամբ (ենթատենդայինից մինչև տենդային) և ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով: Սովորաբար նկատվում են սակավարյունություն, արթրալգիաներ, մկանացավեր: Պարզորոշ արտահայտված նոպաների պարբերականությունը, սկլերաների դեղնությունը և հերպետիկ ցանավորումը բնութագրական են մալարիային: Այս խմբի հիվանդությունների ախտորոշման գործում հատկապես կարևորվում են հուշաքննական տվյալները (բնակություն` տվյալ ախտաբանությանը բնութագրական համաճարակաբանական անբարենպաստ գոտում, շփում վարակային հարուցչի հետ, որևէ տեղակայության պալարախտի առկայություն):

Հեպատոլիենալ համախտանիշը IV խմբի հիվանդությունների դեպքում զուգակցվում է թուլության, անկարողության, գունատության կամ դեղնության, հեմոռագիկ երևույթների, տենդի, ծայրամասային ավշագեղձերի մեծացման, էրիտրոցիտների որակական փոփոխությունների հետ: Սուր լեյկոզի դեպքում փայծաղը քիչ է մեծանում, իսկ խրոնիկական միելոլեյկոզի ժամանակ այն հասնում է ահռելի չափերի (մինչև փոքր կոնք), ընդ որում, սպլենոմեգալիան նախորդում է հեպատոմեգալիային: Հեպատոլիենալ համախտանիշը V խմբի հիվանդությունների դեպքում ուղեկցվում է արտահայտված հևոցով, հաճախասրտությամբ, սրտի ռիթմի խանգարումներով, ծայրամասային այտուցներով, հեղուկի կուտակմամբ պլևրալ, որովայնի և պերիկարդի խոռոչներում, կարդիոմեգալիայով (բացառությամբ կպումային պերիկարդիտի, որի պարագայում դիտարկվում է երակային ճնշման խրոնիկական բարձրացում սրտի բնականոն կամ որոշ չափով փոքրացած սահմանների պայմաններում): Բացի կլինիկական հետազոտություններից, հեպատոլիենալ համախտանիշի ախտորոշման գործում կարևորվում է արյան կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական և սերոլոգիական քննությունները: 

Գործիքային հետազոտություններից նախապատվությունը տրվում է ներքին օրգանների սոնոգրաֆիային, որը հնարավորություն է ընձեռում բացահայտել լյարդի, լեղապարկի, դռներակային համակարգի, փայծաղի վիճակը, հայտնաբերել մեծացած ավշահանգույցները, օրգանների ուռուցքային ախտահարումները: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է լյարդի և փայծաղի սկանավորում և/կամ համակարգչային տոմոգրաֆիա, ստամոքս-աղիքային ուղու ռենտգենյան հետազոտություն, գաստրոդուոդենոսկոպիա, լապարասկոպիա և լյարդի ասեղնային կենսազննում, իսկ արյունաբանական հիվանդությունների դեպքում` նաև ոսկրածուծի և ավշագեղձերի պունկտատի հետազոտություն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին