Լյարդաբորբը լյարդի տարբեր պատճառագիտության սուր և քրոնիկական տարածուն բորբոքային հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Լինում է առաջնային (որպես ինքնուրույն հիվանդություն) կամ երկրորդային (այլ հիվանդությունների ախտանշան): Առաջնային լյարդաբորբի պատճառներից են վիրուսները (վիրուսային լյարդաբորբ), ալկոհոլը (ալկոհոլային լյարդաբորբ), դեղանյութերը (դեղորայքային լյարդաբորբ), քիմիական նյութերը (թունային լյարդաբորբ): Լինում է նաև բնածին լյարդաբորբ, որի պատճառները վիրուսային վարակիչ հիվանդություններն են, մոր և պտղի արյան անհամատեղելիությունը և այլն: Երկրորդային լյարդաբորբն առաջանում է վարակիչ, ստամոքսաղիքային հիվանդությունների, թունավորումների, շարակցական հյուսվածքի տարածուն ախտահարումների ժամանակ:

Տարբերում են սուր և քրոնիկական լյարդաբորբ.
Սուր Lյարդաբորբ
Սուր լյարդաբորբի պատճառներն են վիրուսները, վարակիչ հիվանդությունները (լեպտոսպիրոզ, սալմոնելոզ, որովայնային տիֆ, մալարիա, բրուցելոզ և այլն), քիմիական նյութերը (եռանիտրոտոլուոլ, քառաքլորածխածին և այլն), միջատասպանները և մետաղները (կապար, ֆոսֆոր, արսեն, բերելիում), դեղանյութերը (հոգեհակ պատրաստուկներ, հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ), բուսական ծագման թույները:Սուր լյարդաբորբը, որպես կանոն, բնորոշվում է փուլային ընթացքով: Հիվանդությունը տևում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս: Բնորոշվում է տենդով, աջ թուլակողի ցավերով, մարսողության խանգարումով, դեղնախտով, լյարդի, հաճախ նաև փայծաղի մեծացմամբ: Արյան կենսաքիմիական հետազոտության ժամանակ նկատվում են ամինատրանսֆերազ ֆերմենտի ակտիվության բարձրացում, գլոբուլինի, բիլիռուբինի ավելացում: Ծանր ընթացքի ժամանակ սուր լյարդաբորբը կարող է բարդանալ ջրգողությամբ և այտուցներով, արյունահոսությամբ և լյարդերիկամային համախտանիշներով: Քիմիական նյութերի և բուսական ծագման թույների (օրինակ` սնկերի) ազդեցությունից առաջացած սուր լյարդաբորբը հաճախ ուղեկցվում է նյարդային խանգարումներով: Կլինիկական պրրակտիկայում տարբերում են նաև սուր ալկոհոլային լյարդաբորբ, որն ընթանում է ընդհանուր թուլությամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, որովայնի ցավերով, մարսողության խանգարումներով, ախորժակի բացակայությամբ, սրտխառնոցով, փսխումներով, բերանում դառնության զգացումով: Սուր ալկոհոլային լյարդաբորբը կարող է զուգակցվել ճարպային լյարդախտով (հեպատոզ), քրոնիկական լյարդաբորբով, լյարդի ցիռոզով, այսինքն` ալկոհոլի ազդեցությանը բնորոշ ախտանշաններով: Երբեմն հիվանդությունը կարող է ընթանալ լեղականգին (խոլեստազ) բնորոշ ախտանշաններով:

Բուժում
Սուր լյարդաբորբով հիվանդները ենթակա են հոսպիտալացման: Բուսական ծագման թույների և քիմիական նյութերի ազդեցությունից առաջացած լյարդաբորբի դեպքում անհրաժեշտ է առավելագույն վնասազերծում և օրգանիզմից թույների հեռացում, մաքրող հոգնա: Առանձին թունավորումների (օրինակ` սնդիկի ու արսենի միացություններով) ժամանակ արդյումավետ են առանձնահատուկ հակաթույները (օրինակ` ունիթիոլը): Սուր լյարդաբորբով հիվանդներին ցուցված են խիստ անկողնային ռեժիմը, խնայողական սննդակարգը` ճարպերի սահմանափակմամբ և ածխաջրերի ավելացմամբ, հաճախակի փոքր բաժիններով սնուցումը: Խորհուրդ է տրվում վիտամինների, հյութերի առատ ընդունում: Լյարդային անբավարարության ժամանակ նշանակում են լյարդի պահպանիչներ: Լյարդաբորբի ծանր ձևերի (հատկապես` թունային և ալկոհոլային) ժամանակ հաջողությամբ կիրառում են հեմոդիալիզի մեթոդը:

Կանխարգելում
Սուր լյարդաբորբի կանխարգելման նպատակը թունային և պատճառագիտական այլ գործոնների կանխումն է, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ժամանակին և համապատասխան բուժումը: Եթե ախտաբանական գործնթացը շարունակվում է ավելի քան 6 ամիս (առանց լավացման), հիվանդությունը որակվում է որպես քրոնիկական լյարդաբորբ: Տարբերում են քրոնիկական քիչ ակտիվ (բարորակ), քրոնիկական ակտիվ և քրոնիկական լեղականգային լյարդաբորբ: Քրոնիկական բարորակ լյարդաբորբի մի շարք դեպքերում նկատվում են ախորժակի անկում, մարսողության խանգարումներ, աջ թուլակողի շրջանում ճնշման ու ծանրության զգացում: Հիմնական ակնհայտ ախտանշաններն են լյարդի մեծացումն ու չափավոր պնդացումը: Որպես կանոն լինում են լյարդի ֆունկցիոնալ փորձանմուշների ցուցանիշների փոփոխություններ: Քրոնիկական ակտիվ լյարդաբորբի ժամանակ ի հայտ են գալիս թուլություն, արագ հոգնելիություն, առանձին սննդամթերքի (օրինակ` ճարպերի) հանդեպ անհանդուրժողականություն, քթային արյունահոսություն, դեղնախտ, ջերմաստիճանի բարձրացում, երբեմն` մաշկի քոր, բնորոշ է նաև էրիթեման: Լյարդն ու փայծաղը մեծացած են, էրիթրոցիտների նստման արագությունը բարձր է: Լինում են լյարդի ֆունկցիոնալ փորձանմուշների ցուցանիշների փոփոխություններ:
 

Քրոնիկական Լյարդաբորբ
Քրոնիկական ակտիվ լյարդաբորբի կլինիկական հատուկ ձև է լիպոիդային լյարդաբորբը, որը բնորոշվում է չարորակ ընթացքով, ի հայտ են գալիս ոչ առանձնահատուկ ախտանշաններ` տենդ, ֆուրունկուլոզ, լիմֆադենոպաթիա, հոդացավեր, անոթաբորբեր, շճաթաղանթների բորբոքում, որովայնի ցավեր, կծիկաերիկամաբորբ, ինչպես նաև հորմոնային տարբեր խանգարումներ: Քրոնիկական լեղականգային լյարդաբորբը բնորոշվում է տենդով, մաշկի տանջալից քորով, մաշկի վրա առաջանում են տարածուն գունավորում և քսանթելազմներ (մանր հանգուցավոր գոյացություններ):

Բուժում
Քրոնիկական լյարդաբորբի սրացման շրջանում հիվանդները ենթակա են հոսպիտալացման: Անհրաժեշտ է թունավոր նյութերի ազդեցության լրիվ բացառում: Նշանակում են B խմբի վիտամիններ, նիկոտինաթթու, ասկորբինաթթու, ֆոլաթթու, լիպոյաթթու, գլուտամինաթթու, լյարդի պահպանիչներ, խոլեստիրամին, գլուկոկորտիկոիդներ: Քրոնիկական ակտիվ լյարդաբորբի բուժումն իրականացնում են հակավիրուսային և իմունային գործնթացները փոփոխող պատրաստուկներով: Լիպոիդային լյարդաբորբի ժամանակ խորհուրդ է տրվում կորտիկոստերոիդների օգտագործում: Քրոնիկական բարորակ լյարդաբորբի կրկնման փուլում հիվանդներին առաջարկվում է բուժում նաև ստամոքսաղիքային առողջարաններում:

Կանխարգելում
Քրոնիկական լյարդաբորբի կանխարգելումն իրականացվում է սուր լյարդաբորբի ժամանակին բուժմամբ: Քրոնիկական (հատկապես` ակտիվ) լյարդաբորբով հիվանդները պետք է խուսափեն գերսառեցումից, արևահարությունից, ծանրաբեռնվածությունից, վիժումներից, շիճուկների և վակցինաների ներարկումներից, լյարդի շրջանի ջերմային բուժարարողություններից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին