Հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է: Այս հիվանդությունը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ: Հեմոֆիլիայով հիվանդանում են տղամարդիկ:

Պատճառներ
Հեմոֆիլիան պայմանավորված է արյան պլազմայում մակարդելիությունն ապահովող գործոնի անբավարարությամբ: Այդ ժառանգական արատը իրենց որդիներին փոխանցում են արտաքուստ առողջ մայրերը: Հեմոֆիլիայով հիվանդ տղամարդկանց որդիները չեն ժառանգում մակարդելիության պակասի այդ արատը, և նրանց ժառանգները ծնվում են առողջ, իսկ դուստրերը պարտադիր ժառանգում են, և փոխանցում իրենց որդիներին:

Պաթոգենեզ
Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս դեռևս վաղ մանկական տարիքում և տարեցտարի մեղմանում: Ավելի ուշ տարիքում դրսևորվում են հիվանդության առանձին ձևեր, որոնք բնորոշվում են համեմատաբար թեթև ընթացքով: Հեմոֆիլիայով հիվանդների սալջարդից առաջանում են տարածուն ենթամաշկային, միջմկանային և ներհոդային արյունահոսություններ, կտրած վերքը, ատամների հեռացումը և այլ թեթևակի վնասվածքները երբեմն ուղեկցվում են կյանքի համար վտանգավոր արյունահոսությամբ: Բնորոշ են խոշոր հոդերի (ծնկային, սրունքաթաթային) արյունազեղումները, որոնք պատճառ են դառնում դրանց ծանր փոփոխությունների:

Բուժում
Ժամանակաից արյունաբանության մեջ մեծ հաջողությունների են հասել հեմոֆիլիայի բուժման և կանխարգելման բնագավառում. առողջ մարդկանց արյան պլազմայից պատրաստում են խտանյութեր, որոնց օգտագործումը կանխում է արյունահոսությունը: Մշակվել են հոդերի ախտահարման ժամանակ կիրառվող բուժֆիզկուլտուրայի արդյունավետ մեթոդներ:
Հեմոֆիլիայով հիվանդները պետք է խուսափեն չնչին վնասվածքներից: Վիրահատական (նույնիսկ պարզագույն) միջամտությունից առաջ, վիրահատության ընթացքում և դրանից հետո պետք է կիրառվեն արյունահոսությունը կանխող միջոցառումներ: Արյունահոսությունն սկսվելիս հեմոֆիլիայով հիվանդն անհապաղ պետք է դիմի բժշկի:


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին