Հեբեֆրենիկ համախտանիշԱյս համախտանիշը հանդիպում է ոչ միայն կատատոնիկ գրգռվածության ժամանակ, այլ որպես առանձին ինքնուրույն ախտաբանական վիճակ, որն արտահայտվում է շարժողական և խոսքի գրգռվածությամբ՝ անհեթեթ և հիմարավուն վարքի ֆոնի վրա։ Շարժողական գրգռվածությունն ուղեկցվում է խեղկատակությամբ, միմոսությամբ, ծամածռությամբ, շրջապատի մարդկանց վարքի ու խոսքի ծաղրով։ Ձյութի պես կպչում են մարդկանց իրենց անիմաստ, երբեմն՝ անպարկեշտ հարցերով, խանգարում են նրանց, հրում, քաշում հագուստից։ Այս վիճակը դրսևորվում է նաև վարքի որոշակի հետընթացով, հրաժարվում են նստել սեղանի շուրջը և սնվում են կանգնած, կարող են կանգել սեղանին, ուտել ձեռքերով և այլն։

Աֆեկտներն անկայուն են. հիվանդները մերթ ուրախ են, բարձրաձայն ծիծաղում են, մերթ լաց լինում, հեկեկում, մերթ էլ լարվում են, չարանում, դառնում ագրեսիվ։ Խոսքը բավականին անկապ է, ուղեկցվում է նեոլոգիզմներով, սիմվոլներով, էխոլալիայով։ Երբեմն նաև հայհոյում են, կամ էլ անպարկեշտ խոսքեր օգտագործում։ Ցնորքներն ու զառանցանքները բնորոշ չեն հեբեֆրենիային, սակայն հնարավոր են դրվագային և անկայուն ձևով։

Այս համախտանիշը հանդիպում է, հիմնականում, երիտասարդների մոտ և հիմնականում՝ շիզոֆրենիայի ժամանակ։ Հեբեֆրենիկ համախտանիշը հանդիպում է նաև այլ հասակի մարդկանց մոտ, ինչպես նաև մի քանի այլ հիվանդությունների ժամանակ (էպիլեպսիա, գանգուղեղային տրավմաներ, ինտոքսիկացիոն փսիխոզներ), սակայն այդ դեպքերում համախտանիշը դրսևորվում է ոչ վերը նշված ամբողջական ձևով։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին