Համային զգացողության խանգարումները (dysgeusia) հանդիպում են դիմային նյարդի ախտահարման ժամանակ, եթե ախտահարման օջախը տեղակայված է դիմային նյարդի խողովակում (Ֆալոպյան խողովակ): Դա կապված է այն բանի հետ, որ դիմային նյարդի տվյալ հատվածում, նրա հետ միասին, անցնում է թմբկալարը, որի կազմի մեջ մտնում են համային հաղորդիչներ: Այդ հաղորդիչները լեզվի առաջային 2/3-ի համային ընկալիչներից ինֆորմացիան փոխանցում են մեծ կիսագնդերի կեղև: Տվյալ դեպքում համապատասխանաբար դիտվում է լեզվի առաջային 2/3-ի համային զգացողության միակողմանի անկում:

Համային թելիկները տեղակայված են նաև լեզվային նյարդի կազմի մեջ: Այդ պատճառով նրա բորբոքման ժամանակ նույնպես դիտվում է լեզվի առաջային 2/3-ի համային զգացողության անկում, բայց այլ ախտանիշների համակցությամբ: Անհրաժեշտ է նշել, որ համային զգացողության միակողմանի անկումը լեզվի հետին 1/3-ում պայմանավորված է լեզվաըմպանային նյարդի ախտահարմամբ: Համային զգացողության լրիվ երկկողմանի, հազվադեպ միակողմանի անկումը դիտվում է ԿՆՀ-ի օրգանական ախտահարումների ժամանակ (ուղեղի ուռուցք, նեյրոսիֆիլիս): Համային սոխուկները հիմնականում տեղակայվում են լեզվի լորձաթաղանթում, այդ պատճառով նրանց ախտահարող էթիոլոգիական գործոնները, որոնք առաջացնում են համային զգացողությունների խանգարումներ, բազմազան են` վիրուսային ինֆեկցիաներ, ալերգիկ գլոսիտ, ճառագայթային ախտահարումներ, վնասվածքներ, ավիտամինոզներ A և B, Շեգրենի համախտանիշ, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ և այլն: Այդ դեպքում ախտորոշվում է լեզվի  էպիթելի  թելանման պտկիկների դեսկվամացիա, որի հետևանքով նրանք մերկանում են համային սոխուկները և դառնում հասանելի  գրգռման համար: Նման դեպքերում համային զգացողությունները վերականգնվում են թելանման պտկիկների ռեգեներացիայի հետ մեկտեղ: Թթու համն առաջանում է այն հիվանդների մոտ, որոնց մոտ դիտվում է գալվանիզմ: Բերանի խոռոչում տհաճ համի զգացողության պատճառ կարող է հանդիսանալ գինգիվիտը, պարօդոնտիտը, պերիօդոնտիտը: Դառը և թթու համի զգացողություն կարող է դիտվել հեպատոխոլեցիստիտի և գաստրիտի ժամանակ: Համի խանգարում կամ նրա լրիվ կորուստ  հնարավոր է հիստերիայի ժամանակ:

Բուժումը: Անց է կացվում նյարդաբանի կողմից` այդ հիվանդությունների թերապիայի սկզբունքներին  համապատասխան, և հաշվի առնելով նրանց էթիոլոգիան:

Թքարտադրության խանգարումները
Թքարտադրության խանգարումները կարող են պայմանավորված  լինել թքագեղձերի նյարդավորման,   բուն  թքագեղձերի և բերանի խոռոչի ախտահարումների հետ:

Տարբերում են թքարտադրության խանգարման երկու տեսակ.
-հիպերսալիվացիա
-հիպոսալիվացիա, և նրա ծայրահեղ աստիճանը` քսերոստոմիա


Հիպերսալիվացիա: Էթիոլոգիական գործոնները, որոնք առաջացնում են հիպերսալիվացիա, հանդիսանում են բերանի խոռոչի լորձաթաղանթի սուր բորբոքային պրոցեսները, որոնք ուղեկցվում են թքարտադրության բարձրացմամբ`ոչ պայմանական ռեֆլեկտոր մեխանիզմով բերանի խոռոչի լորձաթաղանթի կտրուկ գրգռման հետևանքով, ինչը հանդիսանում է օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիա: Երբեմն հիպերսալիվացիան առաջանում է ծանր մետաղների աղերով (սնդիկ, կապար, վիսմուտ) և յոդով թքագեղձերի սեկրետոր բջիջների անմիջական գրգռման հետևանքով: ԿՆՀ-ի որոշ հիվանդությունների ժամանակ (պարկինսոնիզմ, բուլբար և պսևդոբուլբար կաթված, երբեմն  ինսուլտից  հետո) դիտվում  է երկարատև հիպերսալիվացիա:  
Նևրոզի և անհանգիստ վիճակների ժամանակ հնարավոր է կեղծ հիպերսալիվացիա, երբ հիվանդները գանգատվում է առատ թքարտադրությունից, որը օբյեկտիվ հետազոտության ժամանակ չի հաստատվում:

Բուժում: Բոլոր դեպքերում բուժումը պետք է ուղղված լինի հիմնական հիվանդության բուժմանը: Թքարտադրության ժամանակավոր նվազեցման կարելի է հասնել` օգտգործելով ատրոպին:
 
Հիպոսալիվացիա: Պատճառները բազմազան են` ավիտամինոզնր A, B1, B6, B12, E, հիպոսիդերոզ, շաքարային դիաբետ, շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, ճառագայթային ախտահարումներ, քրոնիկական պարօտիտ: Բերանի խոռոչի չորությունը առավել արտահայտված է Շեգրենի համախտանիշով հիվանդների մոտ: Քթային շնչառության խանգարում ունեցող մարդկանց մոտ (պոլիպներ, քթի թեք միջնապատ), որոնք ստիպված են անընդհատ շնչել բերանով, բերանի խոռոչի չորությունը պայմանավորված է բերանային հեղուկի ուժեղացած գոլորշիացման հետ (կեղծ հիպոսալիվացիա): Հիպոսալիվացիայի, հատկապես քսեռոստոմիայի ժամանակ, հիվանդները գանգատվում են բերանի խոռոչի չորությունից սննունդ ընդունելիս` հատկապես կծու և պինդ,  խոսելիս, այրոցի զգացումից և լորձաթաղանթի անհարթությունից: Հիպոսալիվացիան հաճախ զուգակցվում է այլ լորձաթաղանթների չորության հետ: Օբյեկտիվ հետազոտության ժամանակ լորձաթաղանթը թույլ խոնավ է կամ չոր և փայլատ: Թուքը քիչ է և փրփրանման: Երկարատև հիպոսալիվացիայի ժամանակ շատանում է ատամնափառը, առաջանում է կարիես: Վնասակար գործոնների նկատմամբ բերանի խոռոչի լորձաթաղանթի ռեզիստենտականությունն ընկնում է:

Բուժումը: Բուժումը կայանում է հիպոսալիվացիայի առաջացման  պատճառի հայտնաբերման  և  վերացման մեջ: Պարտադիր է կատարել բերանի խոռոչի սանացիա` ընգրկելով պրոթեզավորում: Խորհուրդ է տրվում տեղային օգտագործել հակաբորբոքային պրեպարատներ և միջոցներ, որոնք բարձրացնում են բերանի խոռոչի լորձաթաղանթի ռեզիստենտականությունը գրգռիչների նկատմամբ` լիզոցիմ, վիտամիններ A, E-ի  յուղային լուծույթներ և այլն: Որպես կանոն նշանակում են վիտամինոթերապիա, ցուցումների դեպքում` սեռականան հորմոններ, յոդի պրեպարատներ ներքին ընդունման համար: Լավ արդյունք է տալիս խոշոր թքագեղձերի շրջանում գալվանիզացիան: Որպես ախտանիշային միջոց, հաջողությամբ կիրառվում է հակախոլինէսթերազային պրեպարատներ, մասնավորապես գալանթամինի 0,5% 1,0 մլ լ.թ.` ենթամաշկային, կամ նրա ներմուծումը էլեկտրոֆորեզի մեթոդով կամ ներքին ընդունմամբ` ամեն օր, 1 ամսվա ընթացքում: Ցուցված է 1% պիլոկարպինի հիդրոքլորիդի լ.թ. 4–կաթիլ, օրը 1-2 անգամ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին