Վիրուսային բնույթի, հիմնականում մանկական (3-15 տարեկան) սուր վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են հարականջային թքագեղձերը։ Հիվանդությունն ընթանում է ջերմաստիճանի բարծրացմամբ, ինտոքսիկացիայով։ Որպես բարդություն այս հիվանդության ժամանակ կարող են ի հայտ գալ մենինգոէնցեֆալիտի երևույթներ, իսկ տղաների մոտ՝ սեռական գեղձերի ախտահարում (օրխիտ), ավելի հազվադեպ՝ օտիտ, թոքաբորբ և այլն։ Այս հիվանդության վարակիչ բնույթի մասին առաջին անգամ 1759թ. նշել է Համիլտոնը։ Հիվանդությունն աշխարհում տարածված է ամենուրեք, սակայն խոզուկի համաճարակները հազվադեպ են։ Հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է 1934թվին Ջոնսոնի և Գուդպեսչերի կողմից (Pneumophilus parotitides): Հայաստանում այս հիվանդությունն իր տարածվածությամբ զիջել է գրիպին, կարմրուկին, ջրծաղիկին, սակայն գերազանցել է քութեշին, կապույտ հազին, անգամ դիֆթերիային։

Վարակի աղբյուրը
Բացառապես հիվանդ մարդն է։ Հարուցիչներն անցնելով բերան, քիթ-ըմպան թափանցում են թքագեղձեր՝ առաջացնելով բորբոքային երևույթներ։ Վիրուսները թքագեղձերից թափանցում են արյան մեջ, որի հետևանքով կարող են ախտահարել այլ գեղձային օրգաններ, կենտրոնական նյարդային համակարգը՝ առաջացնելով օրխիտներ, մենինգոէնցեֆալիտներ, պանկրեատիտ, մենինգիտ և այլն։ Հիվանդության գաղտնի շրջանը 11-ից 23 օր է, հազվադեպ 30-35 օր, միջին տևողությունը 18-20 օր։ Հիվանդությունն սկսվում է ջերմության բարձրացմամբ (38-39°), գլխացավերով, ուռչած հարականջային թքագեղձերի շրջանի ցավերով, որը սաստկանում է հատկապես ծամելիս և կուլ տալիս։ Երբեմն հարականջային թքագեղձերը չեն ուռչում, որը բավականին դժվարացնում է հիվանդության ախտորոշումը։ Այս դեպքերի հայտնաբերման համար օգնության են գալիս համաճարակաբանական տվյալները և լաբորատոր քննությունը։

Հիվանդության 3-5 օրերի ընթացքում հարուցիչները գտնվում են թքի և լորձի մեջ, որտեղից հեշտությամբ անցնում են առողջներին։ Մենինգոէնցեֆալիտների ժամանակ հարուցիչները կարող են հայտնվել ողնուղեղային հեղուկում։ Հիվանդության 6-9 օրերին թքի և լորձի վարակվածությունը վերանում է։ Վարակի տարածման առումով ամենավտանգավորը հիվանդության գաղտնի շրջանի վերջին, հիվանդության առաջին օրերն են և նախանշանային շրջանը, երբ թքագեղձերը սկսում են աստիճանաբար մեծանալ։ Հետագա շրջանում ևս հիվանդը համարվում է վարակիչ, բայց համեմատաբար նվազ համաճարակագիտական նշանակություն ունի։ Հիվանդության հարուցիչներն աճեցնում են հավերի սաղմի վրա, որից հետո կոմպլեմենտի կապման ռեակցիայի օգնությամբ հաստատում են պարոտիտի լաբորատոր ախտորոշումը։ Եթե մայրը պարոտիտով հիվանդնացել է հղիության վերջին ամիսներին, նորածնի մոտ կյանքի առաջին օրերին կարող է առաջանալ այս հիվանդությունը, որը հետևանք է պլացենտար վարակման։

Փոխանցման մեխանիզմը
Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հազալու, փռշտալու ժամանակ։ Որոշ դեպքերում վարակը կարող է փոխանցվել իրերից, խաղալիքներից, անկողնային պարագաներից։ Բարեբախտաբար, դրանց վրա վիրուսն իր կենսունակությունը պահպանում է շատ կարճ ժամանակ։ Արտաքին միջավայրում խոզուկի վիրուսը շատ անկայուն է։ Հաշվի առնելով նշվածը՝ այս հիվանդության ժամանակ հիվանդի բնակարանում ախտահանում չի կատարվում։

Ընկալունակություն և անընկալունակություն
Մարդկանց ընկալությունը համաճարակային պարոտիտի նկատմամբ բավականին բարձր է, գրեթե հասնում է 50-70%-ի։ Ավելի հաճախ հիվանդանում են 2-15 տարեկանները։ Մինչև 1 տարեկանները հազվադեպ են հիվանդանում, որը բացատրվում է մորից ստացած անընկալությամբ։ Հիվանդացածը ձեռք է բերում կայուն անընկալություն, սակայն 1-4%-ի սահմաններում արձանագրվում են կրկնակի հիվանդացության դեպքեր։ Հիվանդության սեզոնայնությունը նույնն է, ինչ բոլոր օդակաթիլային ինֆեկցիաների ժամանակ ձմռան, գարնան ամիսներին։

Այս հիվանդության համաճարակներն արձանագրվում են մանկական կոլեկտիվներում։ Ավելի հաճախ այս հիվանդությունն ընթանում է սպորադիկ դեպքերի ձևով։ Հիվանդության համաճարակային բռնկումներ կարող են առաջանալ մեծահասակների շրջանում։ Օրինակ՝ Ռոդանիչևը 1950 թվին Պանամայում արձանագրել է էպիդեմիկ պարոտիտի համաճարակ, երբ հիվանդացածների 50%-ը եղել են 15-34 տարեկանները։ Համաճարակները, որ 7-8 ամիսը մեկ կրկնվում են, տևում են 2-3 ամիս, ապա աստիճանաբար մարում են։ Համաճարակներն ալիքաձև բնույթի են, ընթանում են դանդաղ։ Պարոտիտների ժամանակ բացակայում է պարբերականությունը։

Պայքարը և կանխարգելումը
Հիմնականում տարվում է 2 ուղղությամբ վարակի աղբյուրի և ընկալ մարդկանց նկատմամբ։ Հիվանդների հոսպիտալացումը պարտադիր չէ, այն կատարվում է միայն կլինիկական ցուցմունքների առկայության դեպքում (օրխիտ, պանկրեատրտ, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում)։ Հիվանդներին մեկուսացնում են 9 օրով հաշված հիվանդության առաջին օրվանից։ Հիվանդի հետ շփման մեջ մտածները, որոնք առաջներում չեն հիվանդացել էպիդեմիկ պարոտիտով, մեկուսացվում են 21 օրով, իսկ եթե ստույգ հայտնի է կոնտակտի օրը, ապա այդպիսիներին մեկուսացնում են շփման 11-րդ օրից մինչև 21-րդ օրը։ 1946 թվականին էնդերսը, 1954թ. Ամորոդինցևը և Կլյադկոն, 1971թ. Անջափարիձեն մշակել են էպիդեմիկ պարոտիտի նկատմամբ ակտիվ իմունիզացիա կենդանի վակցինայի օգնությամբ։ Վակցինայի փորձարկումները ցույց են տվել, որ այն օժտված է բավականին բարձր արդյունավետությամբ։ Պատվաստվածների մեջ հիվանդությունը իջել է 10 անգամից ավելի, պատվաստանյութի ռեակտիվականությունը խիստ ցածր է։ Հետպատվաստումային անընկալությունը տևում է մոտ 4 տարի։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին