Ֆրանսերեն grippe բառից է, որը նշանակում է «ընդգրկել» «ճանկել»։ Վիրուսային բնույթի սուր վարակիչ հիվանդություն է, որին յուրահատուկ են կլինիկական երևույթների հանկարծակիությունը, սուր բնույթը, ընդհանուր ինտոքսիկացիան, առավելապես վերին շնչական ուղիների ախտահարումը։ Գրիպ հիվանդությունը հայտնի է եղել անհիշելի ժամանակներից։ Դեռևս Հիպոկրատն իր ժամանակին բավականին մանրամասն նկարագրել է այս հիվանդության յուրահատկությունները։ Հաշվել են, որ 12-րդ դարից մինչև 19-րդ դարը արձանագրվել է գրիպի 126 համաճարակ, իսկ մի քանիսը կրել են պանդեմիայի բնույթ։ Նման բնույթի համաճարակներ են արծանագրվել հատկապես 1889-1890 և 1918-1920թ.թ., որոնց ժամանակ հիվանդությունն ընդգրկել է գրեթե բոլոր աշխարհամասերը։ Այս ծանր համաճարակի ժամանակ ոչ լրիվ տվյալներով մահացել է մոտ 20 մլն մարդ։ 1918-1920 թվերի համաճարակներից հետո գրիպը յուրաքանչյուր 2-4 տարին մեկ առաջ է բերում համաճարակներ, բայց ոչ ինտենսիվ բնույթի։ Չնայած դրան, 1959-1969 թվերին արձանագրվեցին բավականին բարձր հիվանդացությամբ համաճարակներ։

1970 թվի սկզբներին Հայաստանում արձանագրվել է գրիպ հիվանդության զգալի աճ, որն աստիճանաբար վերածվել է համաճարակի, իսկ փետրվար ամսին արձանագրվել է համատարած հիվանդացություն, որի 74,2%-ը Երևան քաղաքում։ Ինչպես ցույց տվեցին համաճարակագիտական ուսումնասիրությունները, այս բռնկման պատճառը գերազանցապես А2 Հոնկոնգ-68 տիպն էր։ Երկար տարիներ գրիպի հարուցիչը համարվում էր Պֆեյֆերի ցուպիկը, սակայն 1933 թվին Սմիթին հաջողվեց վերջնականապես ապացուցել, որ իրականում նրա հարուցիչները վիրուսներն են։ Տարբերակում են գրիպի վիրուսի А, В և С սերոլոգիական տիպերը, որոնք իրարից խիստ տարբերվում են իրենց անտիգենային կառուցվածքով։

Վարակի աղբյուրը
Համարվում է մարդը՝ ինչպես վառ արտահայտված կլինիկական երևույթներով, այնպես էլ թաքնված, ոչ տիպիկ հիվանդության ընթացքով։ Բարեբախտաբար, վարակի աղբյուրն ունի կարճատև վտանգավորություն՝ ընդամենը մեկ շաբաթ, որից հետո, սովորաբար, հիվանդները դադարում են արտաքին աշխարհ վիրուս արտազատել։ Գրիպի վիրուսը թափանցելով վերին շնչական ուղիներ, զարգանում և բազմանում է գլանաձև շնչական հյուսվածքում։ Հիվանդության առաջացման գործում կարևոր դեր են խաղում ինտոքսիկացիայի երևույթները, որը հետևանք է հարուցիչների քայքայումից առաջացող թունավոր սպիտակուցների ներծծման, իսկ վերջիններն ուղղակի ազդեցություն են թողնում անոթների պատերին։ Գրիպի թեթև ձևերի ժամանակ հիմնականում ախտահարվում են վերին շնչուղիները, իսկ ծանր դեպքերում շնչափողը, ապա՝ բրոնխները և բրոնխեոլները՝ այդ օրգաններում առաջացնելով դիստրոֆիկ և նեկրոբիոտիկ փոփոխություններ։

Գրիպի վիրուսը կոչվում է Penumophilus grippposus: Սա ներբջիջային մակաբույծ է։ Վիրուսի հիմնական մասնիկը կազմված է նուկլեոպրոտեիդից, լիպոիդից, ածխաջրատներից, մուցինազա ֆերմենտից։ Վիրուսը պարունակում է տոքսիկ բաղադրիչ, որն առավելապես ազդում է նյարդային և սիրտանոթային համակարգերի վրա։ Համաճարակների ժամանակ ավելի հաճախ հանդիպում է հիվանդության հարուցիչների A տիպը, որն ունի իր ենթատիպերը՛ A(HON1), A(H2N2),A(H3N2):

Վիրուս "В" տիպի հարուցիչները առաջին անգամ մեկը մյուսից անկախ հայտնաբերվել են 1940թ Ֆրենսիսի (ԱՄՆ) և Տ.Մեջիլլի (Անգլիա) կողմից։ Վիրուս "B''-ի համաճարակներ բռնկվում են 3-4 տարին մեկ անգամ։ Այս տիպի ժամանակ համաճարակը զարգանում է համեմատաբար դանդաղ և սահմանափակվում է որոշակի տարածքի սահմաններում։

Վիրուս "С" տիպի հարուցիչներն 1947 թվին առաջին անգամ հայտնաբերվել են Թեյլորի կողմից։ Այս վիրուսը գլխավորապես ախտահարում է երեխաներին, հիվանդությունը համեմատաբար ավելի թեթև ընթացք ունի։ Մի քանի ժամից մինչև 2 օր տևող գաղտնի շրջանից հետո հիվանդի ջերմությունը հանկարծակի բարձրանում է, սկսվում է դող, գլխացավեր, հիվանդը կորցնում է ախորժակը, զգում է անհանգստություն և մարմնի ջարդվածություն, ունենում է չոր հարբուխ։ Երբեմն նկատվում է արյունահոսություն քթից, հազ, փռշտոց, կոնյուկտիվիտի երևույթներ։ Այս նշանները սովորաբար տևում են 3-4 օր, ապա վերանում են։ Սակայն ընդհանուր թուլությունը, հազը դեռևս որոշ ժամանակ պահպանվում են։

Լաբորատոր քննությունը կատարվում է հիմնականում երեք մեթոդով՝ վիրուսոլոգիական, շճաբանական և ցիտոլոգիական: Վիրուսոլոգիական լաբորատոր քննության ժամանակ հետազոտվող նյութը հիվանդության առաջին օրերին վերցվում է քիթ-ըմպանի արտադրությունից։ Հետո այդ նյութով վարակում են հավերի սաղմի ալանտոիկ և ամնիոտիկ խոռոչները։ Վարակված սաղմը տեղավորում են թերմոստատում 32-37°-ի պայմաններում։ Վիրուսի առկայությունը պարզելու համար հավերի վարակված սաղմի հեղուկի հետ դնում են կոմպլեմենտի կապման, հեմագլյուտինների արգելակման, չեզոքացման ռեակցիա, ապա վիրուսի այս կամ այն տիպին պատկանելը որոշվում է շտամսպեցիֆիկ շիճուկների օգնությամբ։ Սերոլոգիական ռեակցիան դրվում է սպեցիֆիկ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով։ Կիրառվում են կոմպլեմենտի կապման, հեմագլյուտինների արգելակման, չեզոքացման ռեակցիաները։

Գրիպի վաղաժամ ախտորոշման համար կիրառվում է քթի արտազատուկի ցիտոլոգիականքևնությաս մեթոդը, որի ժամանակ հետազոտվող նյութը վերցնելու համար օգտագործում են 9-12 սմ երկարութույն ունեցող հղկված ապակյա ձող։ Քթալայնիչներով լայնացնում են քթանցքը, ապակյա ձողը զգուշությամբ, առանց քթի պատերին կպցնելու, հասցնում են մինչև քթի խեցու ստորին խոհանին։ Կպցնելով նրա պատերին, դարձյալ զգուշությամբ դուրս են հանում և պարունակությունը առարկայական ապակու վրա ֆիքսելուց հետո չորացնում են քսուկը և ներկում են Մայն -Գրյունվալդի ներկով, հետո ներկում են Գիմզա-Ռոմանովսկու ներկով և դիտում են մանրադիտակի տակ։ Վիրուսի ներդրման հետևանքով էպիթելային բջիջներում առաջանում է դեսկվամացիայի պրոցես և այդպիսի բջիջների առկայությունը խոսում է գրիպի մասին։ Այս ռեակցիան առավել արդյունավետ է հիվանդության առաջին օրերին։

Փոխանցման մեխանիզմը
Վիրուսն այնքան էլ կայուն չէ արտաքին միջավայրում, այն 60°-ի ջերմության պայմաններում ոչնչանում է 20-30 րոպեի ընթացքում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների, ֆորմալինի, եթերի, ուլտրաձայնի ազդեցությունից կորցնում է կայունությունը 37°-ի պայմաններում 2-3 օրվա ընթացքում:Գրիպի վիրուսները զգալի կայուն են ցուրտ պայմաններում։ Հիվանդության հարուցիչներն առողջ մարդկանց են անցնում օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդները փռշտալիս, հազալիս դուրս են նետում քիթ-ըմպանի պարունակությունը, ուր կան մեծ քանակությամբ վիրուսներ։ Անցնելով առողջ մարդկանց վերին շնչուղիներ, դրանք տեղակայվում են քիթ-ըմպանի հյուսվածքներում առաջացնելով վերը նշված ախտաբանական երևույթները։ Գրիպը կարող է նաև հեշտությամբ փոխանցվել հիվանդի կողմից օգտագորվող թաշկինակի, ամանեղենի, սրբիչի և այլ իրերի միջոցով, երբ դրանցից օգտվում են առողջ մարդիկ։

Գրիպի տարածման համար նպաստավոր են մի շարք գործոններ.
1.վարակի զանգվածային տարածումը ազգաբնակչության մեջ,
2.հիվանդության նկատմամբ մարդկանց բարձր ընկալությունը,
3.ոչ երկարատև հետինֆեկցիոն անընկալության, ինչպես նաև կրկնակի դեպքերի առկայությունը,
4.հարուցիչների տարբեր տիպերի և ենթատիպերի առկայությունը, որի պայմաններում բացակայում է խաչաձև անընկալությունը,
5.հիվանդության կարճատև գաղտնի շրջանի առկայությունը, որի հետևանքով շատ կարճ ժամանակում վարակի աղբյուր են դառնում այս հիվանդությամբ ընկալ հազարավոր մարդիկ,
6.հիվանդների մեկուսացման բացակայության պայմաններում դրանք մեծամասամբ ոտքի վրա են անցկացնում հիվանդությունը և վարակն անարգել տարածում են առողջ մարդկանց մեջ,
7.հիվանդության փոխանցման օդակաթիլային ճանապարհը փոխանցման անհամեմատ հեշտ ուղի է, քան փոխանցման այլ մեխանիզմները։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրիպի հարուցիչները (հատկապես Հոնկոնգ-68-ը) նույնական է խոզերի օրգանիզմից անջատված վիրուսների հետ։ 1976թ. ԱՄՆ-ում այս երևույթը վերջնականապես ապացուցվեց գրիպի բռնկման ժամանակ։ Հետագայում ապացուցվեց նաև զանազան կաթնասունների և թռչունների առնչությամբ։ Գրիպի վիրուսի շրջանառությունը մարդկանց ու կենդանիների մեջ ցույց է տվել, որ, բացի օդակաթիլայինից, այն կարող է անցնել աղեստամոքսային ուղիով, բերանով, վարակված սննդամթերքի հետ։

Ընկալունակություն և անըկալունակություն
Այս հիվանդության զանգվածային համաճարակների առկայությունը խոսում է այն մասին, որ մարդկանց ընկալությունը գրիպի նկատմամբ բավականին բարձր է։ Գրիպի համաճարակների ժամանակ հիվանդանում է տվյալ վայրի ազգաբնակչության 20-40, իսկ երբեմն էլ 50-70%-ը։ Իսկ ընկալ մարդկանց հիվանդացությունը կրում է գրեթե համընդհանուր բնույթ։ Մարդիկ իրենց կյանքի ընթացքում գրիպով հիվանդանում են շատ անգամ։ Արա պատճառը նախ այն է, որ հիվանդանալուց հետո ձեռք բերված անընկալությունը համեմատաբար կարճ տևողություն ունի (1-2 տարի)։ Բացի այդ, հիվանդացած մարդկանց մոտ առաջացած անընկալությունը սպեցիֆիկ է միայն վիրուսի տվյալ սերեոլոգիական տիպի նկատմամբ։ Վերջին երկու տարիներին, շնորհիվ սանկտ-պետերբուրգյան գիտնականների, գրիպի համաճարակագիտությունում նկատվում է դրական տեղաշարժ։ Նրանք առաջարկում են ազգաբնակչությանը գրիպից պաշտպանելու համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով.
1. Ազգաբնակչության զանգվածային վակցինոպրոֆիլակտիկա, որի ժամանակ, ի տարբերություն անցյալում նախատեսված կոնտինգենտի, պատվաստումներն անց են կացվում այնպիսի սոցիալ-տարիքային խմբերում, որոնք ավելի մեծ վտանգ են ներկայացնում հիվանդացության և մահացության տեսակետից։ Ընդ որում, այդպիսի խմբերում պատվաստման է ենթարկվում ազգաբնակչության ոչ թե 10, այլ 70%-ը։ Այս պատվաստումների մյուս առանձնահատկությունը նրանում է, որ նման աշխատանքները տարվում են խիստ հսկողության տակ, որոշակի վարչական տարածքի սահմաններում (քաղաք, շրջան, ավան, գյուղ և այլն)։ Միաժամանակ վակցինացիայի են ենթարկվում չորս հիմնական սոցիալ-տարիքային խմբեր երեխաներ, բանվոր-ծառայողներ, տարեց մարդիկ և զանազան խրոնիկական հիվանդություններով (սրտային, թոքային, լյարդի և այլ հիվանդություններ) տառապողներ։ Պատվաստումից առաջ անհրաժեշտ է որոշել, թե որ խմբի մարդկանց պետք է առաջնահերթ նշանակություն տալ։

Այս խնդիրը պարզելիս անհրաժեշտ է հաշվի առնել ա. վարակման վտանգի աստիճանը,
բ. հիվանդության անբարենպաստ ելքի վտանգավորության աստիճանը,
գ. այս կամ այն սոցիալ-տարիքային խմբի սոցիալ-տնտեսական նշանակությունը։

Վարակման վտանգի ավելի բարձր աստիճան ունեն բժշկության, առևտրի, տրանսպորտի, հասարակական սննդի, կոմունալ տնտեսության ոլորտի աշխատողները, ինչպես նաև մանկական կոլեկտիվները, տեխնիկումների և մասնագիտական ուսումնարանների սովորողները։ Այս խմբերի յուրաքանչյուր անդամի համար բնորոշ է ինտենսիվշփումը գրիպով հիվանդի հետ, վարակվելու և հիվանդության տարածման հնարավորության մեծացումը։ Չպետք է մոռանալ, որ գրիպի համաճարակները սովորաբար սկսվում են մանկական կոլեկտիվներում և պատահական չէ, որ դպրոցական տարիքի երեխաների մոտ գրիպի հիվանդացությունը հասնում է 40%-ի։ Հիվանդության անբարենպաստ ելքի հավանականությունը մեծանում է քրոնիկական հիվանդություններ ունեցողների, ծերերի և մինչև 3 տարեկան երեխաների մոտ։ Վերջիններս գործնականում չունեն անընկալություն գրիպի նկատմամբ և շատ հեշտությամբ վարակվում են։ Հենց վերը նշված խմբերում է գրանցվում ավելի շատ մահացություն և հետգրիպային ծանր բարդություններ։

Անհրաժեշտ է նշել, որ հաճախ վերին շնչական ուղիների հիվանդությամբ տառապողները կազմում են ազգաբնակչության մոտ 10-12%-ը, սակայն նրանց բաժին է ընկնում գրիպի և վերին շնչական ուղիների հիվանդացության մինչև Գրիպը գործնականում հանդիպում է ամենուր, ոչ մի վարակիչ հիվանդություն կարճ ժամանակամիջոցում այնքան հսկայական չափերի չի հասնում, ինչպես այս հիվանդությունը։ Պատահական չէ, որ ամեն տարի այս հիվանդությամբ հիվանդանում են հարյուր միլիոնավոր մարդիկ, երկրագնդի բոլոր աշխարհամասերում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին