Տարբերում են չորս տեսակի գորտնուկներ. 1) սովորական կամ հասարակ գորտնուկներ՝ verrucae vulgaris, 2) տափակ կամ պատանեկան գորտնուկներ՝ verrucae planae, s. juveniles, 3) ներբանային գորտնուկներ՝ verrucae plantares և 4) սրածայր գորտնուկներ՝ verrucae acumi-natae s. condilomata acuminata.
Սովորական գորտնուկները (verrucae vulgaris) ամենից հաճախ տեղակայվում են ձեռնաթաթերի մեջքային մակերեսի վրա, ավելի պակաս՝ ափերի, ոտնաթաթերի մեջքի, դեմքի մաշկի, գլխի մազածածկ մասի, շրթունքների վերին կարմիր երիզի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա։ Դրանք կորեկի հատիկից մինչ խոշոր սիսեռի մեծության, դեղնամոխրագույն, անհարթ, խորդուբորդ մակերեսով էպիդերմալ պապուլաներ են՝ ծածկված եղջերային շերտերով։

Միաձուլվելով, դրանք կարող են գոյացնել թմբիկավոր վահանիկներ, որոնք շատ անգամ ակոսավորված են ճեղքերով։ Սուբյեկտիվ խանգարումները բացակայում են։ Միայն եղունգային գլանիկների վրա տեղադրված և եղունգի ազատ եզրի տակ տարածվող գորտնուկներն են երբեմն առաջացնում զգալի ցավոտություն։ Գորտնուկներն ամենից հաճախ լինում են երեխաների ու պատանիների մաշկի վրա։ Նրանց ընթացքը երկարատև է, խրոնիկական։ Սովորական գորտնուկները երբեմն վերանում են ինքնաբերաբար։

Պատանեկան գորտնուկները (verrucae juveniles) տափակ, հարթ, մաշկից քիչ բարձրադիր էպիդերմալ պապուլաներ են՝ կլոր կամ բազմանիստ, գնդասեղի գլխիկից մինչև ոսպի մեծության։ Առաջանում են շատ կարճ ժամանակում և սովորաբար զգալի քանակությամբ՝ ձեռնաթաթեր, մեջքային մակերեսի ու մատների, ինչպես նաև դեմքի մաշկի վրա (ճակատի ենթակզակ)։ Նրանց գույնը չի տարբերվում առողջ մաշկի գույնից, սակայն կարող է լինել դեղնա-շագանակագույն, իսկ ձեռնաթաթերի մեջքային մակերեսի վրա՝ կապտավուն։ Պատանեկան գորտնուկները պահպանվում են երկար, բայց երբեմն ինքնաբերաբար արագ անհետանում են։ Սուբյեկտիվ խանգարումները բացակայում են։ Ին չպես անվանումն է ցույց տալիս, տափակ գորտնուկները գրեթե բացառապես մանկական ու պատանեկան հասակի հիվանդություն են։ Ներբանային գորտնուկները գոյանում են ոտնաթաթերի ներբանային մակերեսի այն տեղամասերում, որոնք առավել չափով են ենթարկվում ճնշման։ Դրանք կոշտուկներ հիշեցնող ամուր եղջերային գոյացություններ են՝ դեղին գույնի, մաշկից բարձրադիր, միջինը 10 կոպեկանոց դրամի մեծության։ Գորտնուկների կենտրոնական մասում եղջերաշերտը ավելի փխրուն է ու հեշտությամբ փշրվում է կամ կարող է արտաքերվել, ըստ որում հայտնաբերվում են գերաճական, հեշտությամբ արյունահոսող պտկիկներ։ Ներբանային գորտնուկների առանձնահատկությունն է խիստ ցավոտությունը, որը զգալիորեն խանգարում է քայլելուն ու կոշիկ կրելուն։ Դրանց քանակը սովորաբար մեծ չէ (1-2-3)։

Սրածայր գորտնուկները (սրածայր կոնդիլոմները) պտկիկային գերաճներ են՝ ծաղկած կաղամբի կամ աքաղաղի կատարի ձևով, ունեն ոտիկի տեսքով նեղացած հիմք։ Նրանց մակերեսը կամ թրմած է և ունի սպիտակ գույն, կամ էրոզացված է։ Այս դեպքում ունենում է վառ կարմիր գունավորում ու հեշտությամբ արյունահոսում է։ Տեղակայվելով գերազանցապես սեռական օրգանների վրա (տղամարդկանց մոտ պսակաձև ակոսի մեջ ու թլիփի ներսային մակերեսի վրա, կանանց մոտ՝ հեշտոցամուտքում) կամ հետանցքի շրջանում (ավելի պակաս՝ աճուկա-ազդրային ծալքում, անութափոսերում՝, կանանց կրծքագեղձերի տակ), նրանք կարող են հասնել մեծ չափերի ու երբեմն վերածվել հոծ, բլթիկավոր, ուռուցքանման գոյացությունների։ Բլթիկների մեջ կուտակված շճաթարախային էքսուդատը քայքայվելով, արձակում է տհաճ հոտ։ Սուբյեկտիվորեն զգացվում է ուժեղ ցավոտություն։ Տարբերական ախտորոշման տեսակետից պետք է նկատի ունենալ գերաճական սիֆիլիսային պապուլաները (լայն կոնդիլոմները)։ Ի տարբերություն վերջինների սրածայր գորտնուկները չեն ունենում լայն ինֆիլտրատիվ հիմք, այլ տեղադրվում են բարակ ոտիկի վրա և ունենում են բլթակային կառուցվածք ու փափուկ կոնսիստենցիա։

Հյուսվածաախտաբանորեն գորտնուկների բոլոր ձևերը բնորոշվում են հիմնականում արտահայտված ականտոզով, պապիլոմատոզով, հիպերկերատոզով։

Ախտապաաճառները և ախտածնությունը։ Գորտնուկների հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է (միակը բոլոր ձևերի համար կամ նրան մոտ տարատեսակները)։ Վարակումը տեղի է ունենում անմիջական շփման կամ զանազան առարկաների միջոցով։ Հնարավոր է և հետագա ինքնապատվաստումը։ Գաղտնի շրջանր (ինչպես ցույց են տալիս արհեստական պատվաստման փորձերը) տևում է մի քանի շաբաթից մինչև 9 ամիս։ Գորտնուկների առաջացմանը նպաստում է մաշկի վնասումը։ Սրածայր գորտնուկները հաճախ առաջանում են մաշկի տեղային գրգռման ու թրման ֆոնի վրա (սպիտակածորանքը կանանց մոտ, թլփաճարպի կուտակումը անմաքրասեր տղամարդկանց մոտ և այլն)։ Ենթաղրվում է նրանց փոխանցումը սեռական հարաբերությունների միջոցով։ Գորտնուկների (սովորական և տափակ) ապաքինման հնարավորությունը ներշնչման ու հիպնոսի միջոցով, ստիպում է ենթադրել նրանց պաթոգենեզում կենտրոնական նյարդային համակարգի դեռևս չպարզված դերի մասին։

Բուժումը։ Սովորաբար գորտնուկներն ամենից լավ հեռացվում են ածխաջրածնային ձյունով կամ հեղուկ ազոտով սառեցնելու միջոցով, ըստ որում, մեկ-երկու գորտնուկների հեռացումը տանում է մյուսների ինքնաբեր անհետացմանը։ Խորհուրդ է տրվում նաև դիաթերմոկոագուլյացիա, էլեկտրոլիզ, ծիծեռնախոտի հյութի քսում։ Գորտնուկների այրումն ուժեղ թթուներով հաճախ ավարտվում է կոպիտ, այլանդակող սպիների առաջացումով։ Սովորական և տափակ գորտնուկների զգալի քանակի դեպքում լավագույն արդյունք են տալիս բուժման, ընդհանուր մեթոդները՝ մկնդեղը (ֆովլերյան հեղուկի ձևով), Magnesia usta՝ 0,5 - 1 գ օրը երեք անգամ, 2-3 շաբաթվա ընթացքում։ Բուժական արդյունք է տալիս նաև ներշնչումն ու հիպնոսաբուժումը։ Ներբանային գորտնուկների բուժման համար հանձնարարվում են եղջերալուծիչ միջոցներ (օրինակ՝ կոշտուկային հեղուկ), այնուհետև՝ կրիոթերապիա, գորտնուկների հիմքի տակ նովոկաինի 1 %-անոց լուծույթի սրսկում (2-3 անգամ, 5-6 օրը մեկ անգամ), գերձայն, վիրաբուժական հեռացում։ Սրածայր գորտնուկներր գերադասելի է հեռացնել սուր գդալով քերելու միջոցով։ Հանձնարարվում է նաև էլեկտրոլիզ, դիաթերմոկոագուլյացիա, պոդոֆիլինի 10-20 %-անոց սպիրտային լուծույթի քսում։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին