Գլոսալգիան (գլոսոդինիա, լեզվի պարէսթեզիա, գլոսոպիրոզ) դա հիվանդություն է, որը բնութագրվում է լեզվի լորձաթաղանթի տարբեր հատվածների այրոցով, ծակծկոցներով, հազվադեպ ցավով` առանց տեղային տեսանելի փոփոխությունների: Ավելի հազվադեպ, քան լեզվում, նման զգացողություններ կարող են առաջանալ շրթունքներում, կարծր քիմքում կամ բերանի խոռոչի ամբողջ լորձաթաղանթի վրա: Այդ դեպքում հիվանդությունն անվանում են ստոմալգիա կամ շրթունքի և բերանի խոռոչի լորձաթաղանթի պարէսթեզիա, բերանային այրոցի սինդրոմ: Գլոսալգիայով հիվանդների մեջ մեծ թիվ են կազմում 40 տարեկանից բարձր կանայք, տղամարդիկ հիվանդանում են 5-6 անգամ հազվադեպ:
 
Էթիոլոգիա և պաթոգենեզ: Ներկա ժամանակներս հիմքեր կան գլոսալգիան համարել պոլիէթիոլոգիկ հիվանդություն: Պաթոգենեզում գլխավոր դերը պատկանում է վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումներին, որն ապահովվում է նյարդառեֆլեկտոր շղթայի գրգռմամբ, նրա տարբեր մակարդակներում: Այս խանգարումներն ունեն հաճախ ֆունկցիոնալ,  հազվադեպ` օրգանական բնույթ: Գլոսալգիան հաճախ զարգանում է աղեստամոքսային համակարգի և լյարդի հիվանդությունների, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների,  էնդոկրին խանգարումների ֆոնի վրա: Մի շարք հեղինակներ, որպես ստոմալգիայի ախտածնության գործոն համարում են ակրիլային պրոթեզներում գտնվող մոնոմերների բարձր մակարդակը: Սակայն ոչ բոլորն են հաստատում, որ հիվանդության զարգացման մեջ հիմնական պատճառը դա ակրիլային պրոթեզների նկատմամբ ալերգիկ ռեակցիան է: Առավել հավանական պատճառներից կարող են լինել պրոթեզներով մեխանիկական գրգռումները և պարաֆունկցիոնալ սովորությունները: Նկարագրված են մեծ թվով քիմիական նյութեր և դեղորայքային միջոցներ (էնալոպրիլ, կապտոպրիլ, իզինոպրիլ), որոնք ունակ են բերել պաթոլոգիական փոփոխությունների`  բերանային տեղակայմամբ:
    
Կլինիկական պատկեր: Հիվանդները գանգատվում են լեզվում մշտական կամ պարբերաբար այրոցից, քորի զգացողությունից, խոսելուց հետո հոգնածության զգացողությունից, հազվադեպ` լեզվի ցավից և պարէսթեզիայից: Ստոմալգիայի ժամանակ նման զգացողություններ առաջանում են բերանի խոռոչի լորձաթաղանթի այլ հատվածներում: Հիվանդների ավելի քան 30%-ը գանգատվում են բերանի խոռոչի չորությունից: Տհաճ զգացողություններն ուժեղանում են խոսելուց հետո, անհանգստության զգացումից, երեկոյան: Բնութագրական է, որ սնունդ ընդունելու ժամանակ այդ նշանները վերանում են: Տեղակայվում են լեզվի ծայրին և կողմնային հատվածներին, հազվադեպ` լեզվի մեջքի և  արմատի շրջանում: Այդ զգացողությունների հատվածները հստակ սահմաններ չունեն, նրանց տեղակայումը կարող է փոփոխվել: Հիվանդության բուժման բացակայության դեպքում,  այն տևում է ամիսներ, տասնյակ տարիներ, կամ կարող է անհետանալ (նույնիսկ երկար ժամանակով), հետագայում հայտնվել, կամ հազվադեպ`  ընդհանրապես անհետանալ:

Ստոմալգիայով տառապող բազմաթիվ հիվանդներ գանգատվում են համի զգացողության խանգարումից` դիսգևզիայից, որը հայտնաբերվել է հիվանդների  68%–ի մոտ (հատկապես դառը): Մինչև 95% հիվանդների մոտ դիտվում է տագնապի և դեպրեսիայի զգացում: Կանայք, որոնք տառապում են ստոմալգիայով, հատկապես դաշտանադադարի շրջանում, նշում են լեզվի և բերանի խոռոչի լորձաթաղանթի գրգռվածություն: Ստոմալգիայի (գլոսալգիայի) ժամանակ լորձաթաղանթի օբյեկտիվ փոփոխությունները բացակայում են կամ աննշան են (այտուցվածություն, առանձին պտկիկների  հիպերտրոֆիա, լեզվի երակների վարիկոզ լայնացում):

Տարբերակիչ ախտորոշում: Գլոսալգիան (ստոմալգիան) անհրաժեշտ է տարբերակել.
1.լեզվի օրգանական հիվանդություններից - hիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ գլոսալգիայի ժամանակ բացակայում են լեզվի օբյեկտիվ փոփոխությունները: 
2.լեզվի սուր և քրոնիկ վնասվածքներից, որոնց դեպքում ցավն ու այրոցը մշտական են և տեղակայված են միևնույն տեղում: Վնասակար գործոնի հեռացումից հետո ցավն անհետանում է:  
3.Նևրալգիայից, որը գլոսալգիայից տարբերվում է կտրուկ, կարճատև ցավային նոպաներով, որոնք գրեթե միշտ  ունեն միակողմանի բնույթ և տեղակայված են այն հատվածում, որը նյարդավորվում է եռորյակ և լեզվաըմպանային նյարդերի համապատասխան  ճյուղերով: 
4.Նևրիտից: Նևրիտին բնորոշ է ցավի տեղակայումը, որը խիստ համապատասխանում է ախտահարված նյարդին,  միևնույն ժամանակ տեղի է ունենում տվյալ գոտու զգայունության անկում: Այսպես, լեզվի նյարդաբորբի ժամանակ ցավը միակողմանի է և տեղակայված է լեզվի առաջային 2/3-ում: Հենց այդ շրջանում, մասամբ կամ ամբողջությամբ, ընկնում է մակերեսային զգայունությունը, որն արտահայտվում է թմրածության և պարէսթեզիայի զգացողությամբ: Նյադաբորբի ժամանակ ցավն ուժեղանում է սնունդ ընդունելիս և լեզվի շարժումների ժամանակ:
5.Օդոնտոգեն ցավերից:

Բուժումը: Անհրաժեշտ է կոմպլեքս բուժում` դեղորայքային, ֆիզիոթերապիա, ասեղառեֆլեքսոթերապիա, լազերոթերապիա,  հիպերբոլիկ օքսիգենացիա, հոգեբուժություն: Առաջին փուլում կատարվում է մանրամասն ստոմատոլոգիական հետազոտություն, որի նպատակն է հայտնաբերել տեղային պաթոլոգիական փոփոխություններ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ կամ խթանել բերանի խոռոչում այրոցի առաջացմանը: Անհրաժեշտության դեպքում կատարվում է բերանի խոռոչի սանացիա: Դեպրեսիայով տառապող հիվանդներին նշանակում են հակադեպրեսանտներ` սերոտոնինի հակադարձ զավթման սելեկտիվ ինհիբիտորներ (պրոզակ 20-40մգ օրը) և եռցիկլիկ հակադեպրեսանտ` ամիտրիպտիլին օրեկան մինչև 200 մգ: Տագնապով տառապող հիվանդներին նշանակում են տրանկվիլիզատորներ` բենզոդիազեպան-ֆենոզեպամ խմբի 0,25-0,5 մգ, օրեկան 2-3 անգամ: Միկրոցիրկուլյացիայի լավացման համար, հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեն անոթային հիվանդություններ և ողնաշարի վզիկային հատվածի դեգեներատիվ փոփոխություններ, ցուցված են պենտօքսիֆիլին` օրեկան 300-600մգ, և նիկօտինաթթու: Քսերոստոմիայի  ժամանակ, թքագեղձերի ֆունկցիայի խթանման նպատակով նշանակում են պիլոկարպին 5մգ, օրեկան 1անգամ` ենթալեզվային:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին