Համախտանիշների այս խումբը բավականին ծավալուն է և ընդգրկում է պայմանականորեն առանձնացված պոզիտիվ համախտանիշների մի շարք։ Ուսուցողական նպատակով հարկ ենք համարում առանձնացնել հետևյալ համախտանիշները.
1. փսիխոօրգանական (կամ օրգանական հոգեհամախտանիշ),
2. Կորսակովյան (կամ ամնեստիկ),
3. կեղծ պարալիտիկ համախտանիշ,
4. Ճակատային

1. Փսիխոօրգանական համախտանիշ
Այս համախտանիշը ժամանակակից դասակարգումներում չի հանդիպում, համենայն դեպս, այս անվան տակ։ Բայց, այդուհանդերձ, իր կլինիկական և տեսական նշանակությամբ այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Սա բարդ համախտանիշներից է և կառուցվածքում ընդգրկում է թե՛ պոզիտիվ, թե՛ նեգատիվ հոգեախտաբանական ախտանիշներ, այդ իսկ պատճառով փսիխօրգանական համախտանիշի դասումը պոզիտիվ համախտանիշների շարքին որոշ չափով պայմանական է։

Ըստ Վալտեր Բյուելի՝ փսիխօրգանական համախտանիշը (կամ օրգանական հոգեհամախտանիշը) բնորոշվում է հիշողության, մտածողության և աֆեկտի առաջատար խանգարումներով։ Համախտանիշի ախտանիշներից են դյուրագրգռությունը, հուզական անկայունությունը, թուլահոգությունը, էքսպլոզիվությունը, տրամադրության անկումը, անտարբերությունը, էյֆորիան, հյուծվելիությունը, դիսմնեստիկ խանգարումները, հանգամայնությունը, մտքի մածուցիկությունը, պասսիվությունը, ստերիոտիպ գործունեությունը և այլն։

Համախտանիշի կլինիկական պատկերը, սակայն, չի սահմանափակվում հիմնական ախտանիշներով, այն բարդանում է նաև պարտադիր և ֆակուլտատիվ ախտանիշներով։ Առաջիններին են պատկանում ըմբռնողունակության վատացումը, աշխատունակության անկումը, ինքնուրույնության կորուստը, անբավարար կենսաբանական և սոցիալական ադապտացիան, վարքային խանգարումները։ Հիվանդները ավելի ընկալունակ և խոցելի են դառնում զանազան արտաքին ազդակների հանդեպ (մթնոլորտային ճնշում, եղանակի և ջերմաստիճանի տատանումներ, տրանսպորտային և այլ տեխնոգեն աղմուկներ, զանազան հոգեծին աղդակներ)։ Ֆակուլտատիվ ախտանիշներից են զանազան սենեսթոպաթիաները, ստերեոտիպ կրկնվող մոնոտոն լսողական ցնորքները, պարզ բովանդակությամբ ֆրագմենտար և անկայուն զառանցանքն՝ առանց համակարգման միտումի։ Փսիխօրգանական համախտանիշի կառուցվածքում իրենց տեղն ունեն նաև նյարդաբանական խանգարումները՝ հաճախ դիտվում են դիէնցեֆալ և վեգետովիսցերալ ախտանիշներ։

Փսիխորգանական համախտանիշը, սովորաբար, ընթանում է ստացիոնար, երբեմն՝ հետընթաց ձևով։ Արտաքին անբարենպաստ ազդակների ներգործությամբ համախտանիշը կարող է ընդունել հարաճուն բնույթ և կլինիկական պատկերը կարող է բարդանալ։ Տարբերակում են փսիխօրգանական համախտանիշի չորս տարատեսակ, որոնք դրսևորվում են որպես համախտանիշի զարգացման իրար հաջորդող փուլեր՝ ասթենիկ, էքսպլոզիվ, էյֆորիկ և ապաթիկ ձևեր։ Ասթենիկ ձևի ժամանակ կլինիկական պատկերում գերիշխում են ասթենիկ և հուզային-հիպերեսթետիկ խանգարումները՝ հոգեկան պրոցեսների հյուծվելիությամբ, ուշադրության թուլացումով, դյուրագրգռությամբ, հոգեկան հիպերեսթեզիայով, ամնեստիկ խանգարումներով, պարեսթեզիաներով, սենեսթոպաթիաներով և այլն։ Էքսպլոզիվ ձևի ժամանակ, նախորդ ձևին բնորոշ ֆոնի վրա արտահայտվում են ընդգծված աֆեկտիվ խանգարումները. հիվանդները դառնում են մռայլ և չար, տրամադրության ֆոնը ճնշված է, դժգոհում են և փնփնթում, հուզականորեն անկայուն են, թուլահոգի։

Էյֆորիկ ձևը բնութագրվում է ավելի բարեհոգի և անհոգ հուզականությամբ, թուլանում է քննադատությունը, ավելի արտահայտված են ամնեզիան և մնեստիկ խանգարումները։ Ապաթիկ ձևի ընթացքում առաջին պլան է մղվում համատարած անտարբերությունը, հիպոդինամիան։ Հիվանդները դառնում են ասպոնտան, կորցնում բոլոր հետաքրքրություններն ու նախասիրությունները։ Ամնեստիկ խանգարումներն ավելի են ընդգծվում, մտածողությունը դառնում է խիստ հանգամայնային, մածուցիկ։ Փսիխօրգանական համախտանիշը հանդիպում է գլխուղեղի օրգանական ախտահարման ժամանակ (տրավմաների, ինֆեկցիաների, ինտոքսիկացիաների, անոթային խանգարումների հետևանքով)։

2. Կորսակովյան համախտանիշ
Սա պայմանականորեն է դասվում պրոդուկտիվ համախտանիշների շարքին, քանի որ ներառում է նաև որոշակի նեգատիվ խանգարումներ։ Այս համախտանիշը հանդես է գալիս որպես փսիխօրգանական համախտանիշի տարբերակ։ Համախտանիշի հիմնական ախտանիշներից են ֆիքսացիոն ամնեզիան, պարամնեզիան (փսևդոռեմինիսցենցիա և կոնֆաբուլյացիա), անոզոգնոզիան։ Պարտադիր ախտանշաններն են ամնեստիկ բնույթի ապակողմնորոշումը ժամանակի, տարածության մեջ, զանազան աֆեկտիվ (տագնապայնություն, էյֆորիա, անհոգություն, հուզական անկայունություն) և շարժողական խանգարումները (հիպոդինամիա, հիպերդինամիա)։ Չնայած թուլամտության համախտանիշին արտաքին նմանությանը, կորսակովյան համախտանիշը տարբերվում է վերջինից հիվանդների մոտ առկա իրավիճակային ադեկվատ կողմնորոշմամբ և դատողությամբ, այն դեպքում, երբ վերացական «դաշտում» դատողությունները բավականին սահմանափակ են։

Հիվանդների մտածողությունն անարդյունավետ է դատողությունների և եզրահանգումների մակերեսային լինելու պատճառով։ Խոսքը շաբլոնային է, բաղկացած ստերիոտիպ բառերից և բառակապակցություններից, մոնոտոն է և կապված է արտաքին տպավորությունների հետ։ Ըստ համախտանիշի դինամիկայի տարբերում ենք երկու ձև. ռեգրեսիվ և ստացիոնար։ Ռեգրեսիվ Կորսակովյան համախտանիշը բնութագրվում է ամնեզիայի աստիճանական նվազումով՝ հիվանդն սկսում է ավելի լավ է մտապահել ընթացիկ իրադարձությունները, հեշտությամբ վերհիշում որոշ փաստեր և իրադարձություններ, որոնք նախկինում իսպառ չէր հիշում։ Ստացիոնար Կորսակովյան համախտանիշն առանձնանում է նրանով, որ ամնեզիայի մակարդակը չի փոփոխվում ժամանակի ընթացքում և ցուցաբերում է կոմպենսացիայի միտում՝ խանգարման հեռավոր շրջաններում։ Կոմպենսացիայի նշաններն են զանազան հուշաթերթիկներ, օրագրեր վարելը և այլն։ Այս ձևի ժամանակ, հիմնականում, ախտահարվում է ֆիքսացիոն ֆունկցիան։ Կորսակովյան համախտանիշը հանդիպում է հիմնականում ալկոհոլային ծագման փսիխոզների և գլխուղեղի օրգանական (ինֆեկցիոն, ինտոքսիկացիոն, տրավմատիկ) ախտահարումների ժամանակ։

Կոնֆաբուլյոզը հոգեախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է զանազան պարամնեզիաներով՝ առանց գիտակցության մթագնման նշանների կամ ամնեզիայի։ Առաջատար համախտանիշն այս խանգարման ժամանակ ֆանտաստիկ կոնֆաբուլյացիաներն են։ Պարտադիր ախտանիշներից հարկ է նշել էյֆորիան, անհոգ ու բարեհոգի վիճակը, մոնոթեմատիկ զգայական զառանցանքը։ Սուր ընթացքի դեպքում հիվանդի գիտակցությունը կարող է մթագնվել (կոնֆաբուլյատոր շփոթություն)։ Հանդիպում է ինֆեկցիոն, սոմատիկ հիվանդությունների, թունավորումների և գլխուղեղի անոթային խանգարումների ժամանակ։

3. Կեղծ պարալիտիկ համախտանիշ
Ինչպես և կորսակովյան համախտանիշը, այս խանգարումը ևս որոշ հեղինակներ դիտում են որպես փսիխօրգանական համախտանիշի տարբերակներից մեկը։ Կեղծ պարալիտիկ համախտանիշը նման անուն է ստացել, քանի որ այն իր կլինիկայով նմանվում է պրոգրեսիվ պարալիչին (գլխուղեղի սիֆիլիտիկ ախտահարում՝ մենինգոէնցեֆալիտ), սակայն էթիոպաթոգենետիկ առումով բոլորովին այլ ախտաբանական վիճակ է։ Այս համախտանիշը բնութագրվում է հոգեկան և նյարդաբանական խանգարումների համատեղությամբ, որոնք բնորոշ են պրոգրեսիվ պարալիչին, սակայն առաջանում են զանազան սոմատիկ պայմանավորվածություն ունեցող հոգեկան հիվանդությունների ժամանակ։ Հոգեկան խանգարումներն առաջին հերթին արտահայտվում են քննադատության և ինքնաքննադատության թուլացմամբ կամ բացակայությամբ, դատողությունների մակարդակի խորը խանգարումով, մնեստիկ խախտումներով, ուշադրության թուլացումով։ Խանգարված հուզականությունը բնորոշվում է անկայունությամբ, փոփոխականությամբ, անզսպվածությամբ՝ ընդգծված էյֆորիայի ֆոնի վրա։ Հիվանդների վարքը ռեգրեսիվ է, հակումներն՝ ապարգելակված։ Անպարկեշտ են իրենց հարաբերություններում շրջապատի հետ, շատախոս, գերագնահատում են սեփական անձն ու հնարավորությունները (հաճախ զառանցանքի մակարդակի)։ Սա այս համախտանիշի էքսպանսիվ տարբերակն է։ Մյուս տարբերակը, որը կոչվում է դեմենտ, արտահայտվում է անգործությամբ, անտարբերությամբ, անհեթեթությամբ և այլն։ Նյարդաբանական խանգարումներն արտահայտվում են դիզարթրիայով, անիզոկորիայով, լույսի հանդեպ բբերի թույլ ռեակցիայով, միոզով, դիմային նյարդի նյարդավորման ասիմետրիայով, Ռոմբերգի համախտանիշով, ջլային ռեֆլեքսների թուլությամբ և այլնով։

4. Ճակատային համախտանիշ
Այս համախտանիշը, նույնպես, փսիխօրգանական համախտանիշի տարբերակներից է։ Այն բնութագրվում է տոտալ թուլամտությանը բնորոշ ախտանիշներով՝ ասպոնտանության կամ, ընդհակառակն, ապարգելակվածության ախտանիշներով: Ասպոնտանությունը դրսևորվում է մղումների և ցանկությունների թուլացումով, ադինամիայով, խոսքի աղքատությամբ կամ բացակայությամբ, անտարբերությամբ, շրջապատի հանդեպ հետաքրքրության կորստով։ Ապարգելակման դեպքում հիվանդների տրամադրությունը բարձր է, նրանք անհոգ են, որոշ դեպքերում հակված են հիմարավուն և անպարկեշտ կատակների և արարքների, երբեմն ակտիվանում են բնազդները (սեռական, սննդի), ինչը բերում է համապատասխան վարքի (մորիա)։ Երկու տարբերակներում էլ կտրուկ նվազում կամ վերանում է ինքնաքննադատությունը։ Դիտվում է անձնային յուրահատկությունների աղքատացում («ջնջում»)։ Ճակատային համախտանիշը կարող է լինել տրանզիտոր (անցողիկ) գլխուղեղի տրավմաների ժամանակ, որոշ ինտոքսիկացիոն կամ ինֆեկցիոն ախտահարումների ժամանակ և քրոնիկական հարաճուն ընթացքով՝ հատկապես ատրոֆիկ հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների, երբեմն՝ անոթային ախտահարումների ժամանակ։
 

 

 


Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին