Գլխի մաշկի թեփոտումՆկարագրություն
Երբ գլխի մաշկի մազածածկ մասի ամբողջ մակերեսով առաջանում են առատ թեփուկներ, այդ երևույթն անվանում են գլխի թեփոտում: Ենթադրվում է նաև, որ գլխի թեփոտումը կարող է վարակիչ լինել:

Պատճառներ
Գլխի թեփոտման պատճառ կարող են լինել A և B խմբի վիտամինների անբավարարությունը, ուժեղ ճարպազատումը, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերի գործունեության խանգարումները, ինչպես նաև մազերի ոչ ճիշտ խնամքը:

Պաթոգենեզ
Գլխի մաշկի մազածածկ մասի ամբողջ մակերեսով առաջանում են առատ թեփուկներ, որոնք առավելապես լինում են ճակատային և քունքային հատվածներում, երբեմն` առանձին օջախներով: Ճարպազատումը թույլ է արտահայտված, անհանգստացնում է քորը, աստիճանաբար մազերը չորանում են, փշրվում և սկսում են թափվել: Եթե գլխի թեփոտումն առաջանում է ուժեղ ճարպազատման հետևանքով, ապա թեփուկները ներծծվում են շարպագեղձերի արտազատուկով, շերտավորվում են, դառնում դեղնավուն, իսկ մազերն արագ կեղտոտվում են և կպչում միմյանց:

Բուժում
Գլխի թեփոտման ժամանակ խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ, կանոնավոր քուն, լիարժեք հանգիստ, համապատասխան խնամք` կախված մազերի բնույթից: Արտահայտված թեփոտման, խոշոր թեփերի, գլխի մաշկի բորբոքային ախտանշանների, մազերի փշրվելու դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, քանզի այդ ախտանշանները կարող են վկայել լուրջ հիվանդությունների առկայության մասին:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին