Գլխապտույտն իրենից ներկայացնում է շրջապատող առարկաների կամ սեփական մարմնի թվացող պտտման և հավասարակշռության խախտման զգացողություն, որն առաջանում է հատկապես ներքին ականջում տեղակայված անդաստակային ապարատի կարգավորմանը մասնակցող նյարդային համակարգի բաժինների գործունեության խանգարումների հետևանքով: Գլխապտույտ կարող է առաջանալ նաև առողջ մարդկանց մոտ այդ ապարատի ուժեղ գրգռման դեպքում` մարմնի դիրքի փոփոխության կամ մեծ բարձրության վրա աշխատելիս: Սակայն ավելի հաճախ գլխապտույտ ունենում են գերզգայուն անդաստակային ապարատ ունեցող անձինք, որոնք մանկուց վատ են տանում տատանումները:

Գլխապտույտը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գունատությամբ, անոթազարկի դանդաղումով: Հիվանդին թվում է, թե առարկաները պտտվում են իր շուրջը, պատերը և առաստաղը թափվում են, կամ ունենում է << ընկնելու >> զգացողություն, քայլելիս երերում է, հավասարակշռությունը դժվար է պահպանում: Գլխապտույտի առաջացման պատճառ կարող են լինել հիպերտոնիկ հիվանդությունը, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը, միջին ականջի հիվանդությունը, գլխի վնասվածքները, ինչպես նաև ալկոհոլով, նիկոտինով, շմոլ գազով և այլ թունավորումները: Ուժեղ գլխապտույտի ժամանակ անհրաժեշտ է պառկել և բժիշկ կանչել: Բժիշկը պետք է բացահայտի գլխապտույտի առաջացման պատճառը և բուժում նշանակի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին