ԿրիպտորխիզմՆկարագրություն
Գաղտնամորձությունը, որն այլ կերպ անվանում են կրիպտօրխիզմ, իրենից ներկայացնում է սեռական զարգացման բնածին արատ, բնորոշվում Է 1 կամ 2 ամորձու թերզարգացմամբ և ամորձապարկ չիջնելով։ Թաքնված ամորձու տեղադրությունից կախված՝ տարբերում են աճուկային և որովայնային գաղտնամորձություն։ Սաղմի մոտ ամորձիների սկզբնավորումը և ձևավորումը տեղի են ունենում որովայնի հետին պատին, երիկամների կողքին։ Պտղի աճմանը համապատասխան՝ ամորձիները ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և աճուկային խողովակով իջնում ամորձապարկ։ Երբեմն տեղի է ունենում ամորձու կասեցում որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակում, քանի որ ոչ ճիշտ իջնելու դեպքում, ամորձին, դուրս գալով աճուկային խողովակից, փոխում է իր ուղղությունը և տեղադրվում աճուկի, ազդրի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ։ Առանձին դեպքերում ամորձին ամորձապարկ ինքնուրույն իջնելն ուշանում է և ավարտվում միայն 10-13 տարեկանում։ Երկկողմանի գաղտնամորձությունը կարող է տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ։

Բուժում
Բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի։ Բուժումը վաղ մանկական հասակում պահպանողական է, օգտագործում են ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ ու բնական ամորձու ձևավորմանը և շրջակա հյուսվածքներից դրա տարբերակմանը նպաստող հատուկ պատրաստուկներ։ Սակայն հաճախ դիմում են նաև վիրահատական բուժման։ Առավել նպատակահարմար է վիրահատել 7-10 տարեկանում։ Անկախ տարիքից՝ վիրահատական միջամտությունն անհրաժեշտ Է տարբեր բարդությունների ժամանակ, մասնավորապես՝ չիջած ամորձու ոլորման և ճմլման դեպքում, որը կարող է ծագել ֆիզիկական կտրուկ լարման (որովայնի մկանների հանկարծակի կծկում) ժամանակ, որովայնին հարվածելիս, վայր ընկնելիս, ցատկելիս։ Որովայնի խոռոչում ամորձու կասեցման դեպքում կարող են առաջանալ ցավեր, որոնք հարկավոր է տարբերակել որովայնի օրգանների սուր հիվանդության (օրինակ՝ որդանման ելունի բորբոքում) հետ կապված ցավերից։ Նման դեպքերում հարկավոր է նկատի ունենալ երեխայի մոտ գաղտնամորձության առկայությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին