Ֆլյուորոզը ընդհանուր հիվանդություն է, որը կապված է խմելու ջրում ֆտորի մեծ քանակի պարունակության հետևանքով օրգանիզմի թունավորման հետ: Հիվանդության առաջին կլինիկական արտահայտություններից է ատամների ախտահարումը, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների փխրունությամբ:

Պատճառագիտություն և ախտաբանություն: Ֆտորը (F) հալոգենների խմբի առավել ակտիվ տարրն է, լայնորեն տարածված է բնության մեջ: Հասուն մարդը օրական ստանում է մոտ 3մգ ֆտոր (0.5 – 1.1մգ սննդի հետ և  2.2 – 2.5մգ` ջրի): Սննդի մեջ գտնվող ֆտորը ավելի վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, քան ջրում լուծված  ֆտորիդները:

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ խմելու ջրում ֆտորի թույլատրելի սահմանային խտությունը 1-1.5մգ է 1 լիտրում: Ֆտորի այսպիսի խտության դեպքում հազվադեպ է դիտվում ֆլյուորոզ և առկա է կարիեսի հանդեպ արտահայտված կայունություն: 6մգ/լ գերազանցող խտությունը կարող է բերել արդեն ձևավորված ատամների ախտահարման: Շոգ կլիմա ունեցող վայրերում ֆլյուորոզ  դիտվում է արդեն 0.5-0.7մգ/լ-ի խտության դեպքում, ինչը կապված է մեծ քանակությամբ ջրի օգտագործման հետ:
Ֆլյուորոզով ախտահարման ծանրությունը կախված է նաև օրգանիզմի ընդհանուր վիճակից, նրա ոչ սպեցիֆիկ ռեակտիվականությունից:

Ֆլյուորոզի ծագման ճշգրիտ մեխանիզմը լրիվ ուսումնասիրված չէ: Առավել հիմնավորված է համարվում այն պատկերացումը, ըստ որի ֆտորը հեմատոգեն ճանապարհով տոքսիկ ազդեցություն է թողնում էնամելոբլաստների վրա ատամի սաղմի «էպիթելային օրգանի» զարգացման շրջանում, ինչն էլ բերում է էմալի ոչ ճիշտ ձևավորմանը:

Ենթադրվում է, որ ֆտորը, հանդիսանալով ֆերմենտատիվ թույն, իջեցնում է ֆոսֆատազայի ակտիվությունը, ինչը բերում է էմալի միներալիզացիայի խանգարումների:
Ֆլյուորոզով ախտահարվում են հիմնականում այն երեխաների մնայուն ատամները, որոնք ծնված օրից ապրում են ֆլյուորոզի էնդեմիկ օջախում կամ բնակություն են հաստատել այդ տեղամասում մինչև 1-4տ հասակը:

Դասակարգումը և կլինիկական պատկերը: Ֆլյուորոզով ախտահարված ատամների էմալը կորցնում է թափանցիկությունը, փայլը, նրա վրա հայտնվում են դեղնա-դարչնագույն բծեր: Ըստ ՀԱԿ-ի դասակարգման տարբերում ենք ֆլյուորոզի արտահայտվածության 5 աստիճան, իսկ Վ.Կ.Պատրիկեևի դասակարգմամբ` ախտահարման 5 ձևեր:

Ախտաբանական անատոմիա: Փոփոխությունների բնույթը կախված է հիվանդության կլինիկական ձևից: Հունտեր-Շրեգերի և Ռետցիուսի գծերը շատ լավ արտահայտված են: Էմալի մակերեսը առանձին տեղերում անհարթություններ ունի: Էմալ-դենտինային միացությունը ունի ատամնավոր տեսք: Պրիզմաների մասնակի ռեզորբցիայի հետևանքով միջպրիզմային տարածությունները մեծանում են: Առաջանում են հիպո և հիպերհանքայնացման գոտիներ, ինչը էմալին տալիս է խայտաբղետ  պատկեր:
Տարբերակիչ ախտորոշում: Տարբերակում են բծի շրջանում և մակերեսային կարիեսից, էմալի հիպոպլազիայից, սեպաձև դեֆեկտից և էմալի քիմիական մեռուկից:

Բուժում: Բուժման եղանակի ընտրությունը կախված է հիվանդության ծանրությունից: Ախտահարման թեթև և չափավոր ձևերի դեպքում կիրառում են թթվային սպիտակեցման մեթոդը (20% - 30% քլորջրածնային կամ ֆոսֆորական թթուներով) հետագա ռեմիներալիզացիոն միջամտությամբ: Թույլ արտահայտված բծերը հանում են միկրոհղկման միջոցով՝ օգտագործելով հատուկ հղկող մածուկներ: Ծանր ախտահարումների ժամանակ (էրոզիվ և դեստրուկտիվ ձևեր) անհրաժեշտ է դեֆեկտների վերականգնում կոմպոզիտների, արհեստական շապիկների կամ վինիրների միջոցով:

Կանխարգելում: Կանխարգելիչ միջոցառումները լինում են.
1.հասարակական
2.անհատական

Հասարակական միջոցառումները ուղղված են խմելու ջրի մեջ F-ի քանակի իջեցմանը, ինչն իրականացվում է հետևյալ ուղիներով`
1.ջրային աղբյուրի փոխարինում
2.մի քանի  աղբյուրների խառնում
3.ջրի  մաքրում ալյումինի աղերով, Mg-ի հիդրօքսիդով կամ  Ca-ի ֆոսֆատով` ֆտորազրկող սարքերում:

Կանխարգելման անհատական մեթոդներին են պատկանում
1.բնական կերակրումը
2.հրաժարվել սննդային հավելումների վաղ ներմուծումից
3.սննդի մեջ վիտամին  C և  D-ի,  Ca-ի գլյուկոնատի լրացուցիչ ներմուծում
4.F-պարունակող մթերքների (օր.` ծովային ձուկ) օգտագործման բացառում կամ  սահմանափակում
5. արձակուրդների ընթացքում էնդեմիկ շրջաններից երեխաների դուրս բերում: 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին