ՖիմոզՆկարագրություն. Ֆիմոզն իրենից ներկայացնում է առնանդամի ծայրային թլիպի խիստ նեղացում, որի պատճառով էլ այն նաև անվանում են թլիպանեղացում: Այն կարող է լինել բնածին և ձեռքբերովի:

Պատճառներ
Նորածինների ֆիմոզը ֆիզիոլոգիական երևույթ է. սովորաբար 2-3 տարում առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև փուխր կպումները քայքայվում են, և դրա օղը լայնանում է: Այս գործընթացի խանգարումը հանգեցնում է ֆիմոզի առաջացման, որի ժամանակ մեզը միզուկի արտաքին բացվածքով հոսում է ծայրային թլիպի պարկի մեջ և այն ուռչում է օդապարիկի նման:
Ձեռքբերովի ֆիմոզն առաջանում է քրոնիկական թլիպածեփուկաբորբի ժամանակ առաջացած ծայրային թլիպի սպիական փոփոխությունների հետևանքով:

Պաթոգենեզ
Ֆիմոզի ժամանակ առնանդամի ծայրային թլիպը խիստ նեղանում է և անհնար է դառնում առնանդամի գլխիկի լրիվ մերկացումը:
Առնանդամի գլխիկի մշտական գրգռումը կարող է հանգեցնել թլիպածեփուկաբորբի, որն ավելի է խորացնում ծայրային թլիպի նեղացումը: Երեխաների ֆիմոզը կարող է գիշերային անմիզապահության պատճառ դառնալ: Արտահայտված ֆիմոզը դժվարացնում է միզապարկի դատարկումը, հանգեցնում գերձգման, միզաքարերի առաջացման, ինչպես նաև երիկամների ու միզուղիների բորբոքային հիվանդությունների միանալուն: Առնանադամի գլխիկն ուժով մերկացնելիս կարող է առաջանալ ծայրային թլիպի օղով դրա ճնշում (պարաֆիմոզ): Հասուն մարդկանս ֆիմոզը դժվարացնում է սեռական կյանքը:

Բուժում
Ծայրային թլիպի նեղացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Բուժումը վիրահատական է: Վիրահատությունը վտանգավոր չէ և գրեթե միշտ արդյունավետ է. միզարձակումն ու սեռական կյանքը դառնում են բնականոն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին