Հեմոլիտիկ սակավարյունությունները էրիթրոցիտների ֆերմենտների պակասի կամ բացակայության պատճառով կոչվում են ֆերմենտոպաթիաներ:


Գլուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազի պակաս (Գ6ՖԴՊ)՝  ամենատարածված ֆերմենտոպաթիան է: 400 միլիոն մարդ՝ հիմնականում Աֆրիկայում, Ասիայում և Միջերկրական ծովի ավազանում՝ տառապում են այդ հիվանդությամբ:

Ենթադրում են, որ այդ մուտացիան առաջացել է ի պաշտպանություն մալարիայի հանդեպ:  Գ-6-ՖԴՊ տեղակայված է X քրոմոսոմի վրա և մեծամասնությամբ հիվանդությունն ախտահարում է տղամարդկանց: Այսօր հայտնի են 100-ից ավել  Գ-6-ՖԴՊ-ի տարատեսակներ: Նրանց դասակարգման հիմքում ընկած է ֆերմենտի ակտիվության մակարդակը, սակավարյունության և հեմոլիզի ծանրության աստիճանը: Հեմոլիտիկ նոպայից դուրս հիվանդները գտնվում են նորմալ վիճակում: Նրանք չունեն սակավարյունություն և հեմոլիզի նշաններ (անուղակի բիլիռուբինի բարձրացում, ռետիկուլոցիտոզ):

Հեմոլիտիկ նոպան առաջանում է վարակներից և օքսիդացնող դեղամիջոցների ընդունումից (սուլֆանիլամիդներ, ասպիրին, հակաբիոտիկներ, ացետամինոֆեն, ասկորբինաթթու և այլն), քիմիական նյութերի ազդեցությունից, վիրահատություններից հետո: Օքսիդացված հեմոգլոբինի պրեցիպիտատները էրիթրոցիտներում կոչվում են Հայնցի մարմնիկներ: Հաճախ հեմոլիտիկ նոպաներն  առաջանում են վիրուսային վարակներից հետո: Հեմոլիտիկ նոպան բնորոշվում է գունատությամբ, դեղնությամբ,  մեջքի, փորի ցավերով,   մուգ մեզով,   ռետիկուլոցիտների  քանակի  բարձրացմամբ:    Ռետիկուլոցիտներն      ունեն   Գ-6-ՖԴՀ  բավարար քանակ, որը պաշտպանում է էրիթրոցիտների թաղանթները օքսիդացնող դեղորայքի ազդեցությունից: 


Այդ պատճառով 2-4 շաբաթ հետո հեմոլիտիկ նոպան դադարում է, հեմոգլոբինի մակարդակը նորմալանում է, նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդը շարունակում է ընդունել օքսիդացնող դեղորայք: Միջերկրածովային ավազանում տարածված Գ-6-ՖԴՀ պակասի տարատեսակից է հում վիճակում ֆավա լոբազգիների ընդունումից հետո առաջացած հեմոլիտիկ նոպաները: 

Բուժումը  հեմոլիտիկ նոպաների առաջացման պատճառներից խուսափումն է:  

Պիրուվատ կինազայի պակասը՝  երկրորդ ամենատարածված ֆերմենտոպաթիան է: Ի համեմատ  Գ-6-ՖԴՀ պակասով պայմանավորված հեմոլիտիկ սակավարյունությունից, այն հանդիպում է հազվադեպ: Տարածված է Հյուսիսային Եվրոպայում և Միջերկրական ծովի ավազանում: Ժառանգվում է  աուտոսոմ ռեցեսիվ տարբերակով: