Խրոնիկական ֆարինգիտը նույնպես տարածված հիվանդություն է. այն առաջատար տեղ է գրավում դիմելիության ցուցակում: Հիվանդությունը բնորոշվում է երկարատև ընթացքով և հաճախ ընթանում է այլ ախտաբանական վիճակների, առավելապես ստամոքսևաղիքային տրակտի հիվանդությունների ֆոնի վրա: Հետևաբար, խրոնիկական ֆարինգիտը չի դիտվում որպես ըմպանի լորձաթաղանթի տեղային ախատահարում, այլ ենթադրում է ընդհանուր պատճառների հետ փոխկապակցվածության հայտնաբերում:

Վերջինս կարող է հաստատվել հետազոտման լրացուցիչ եղանակների օգնությամբ, որոնցից են գաստրոսկոպիան և ստամոքսի լորձաթաղանթի բիոպսիան: Տարբերում են խրոնիկական ֆարինգիտների մի քանի տարատեսակ՝ կատառալ, գերաճական (հիպերտրոֆիկ) և ապաճական (ատրոֆիկ): Չնայած մորֆոլոգիական տարբերություններին՝ հիվանդների գանգատները բավականին միանման են` կլլման ակտի ցավոտություն, ցավի ուժգնացում կծու, տաք կամ սառը սնունդ օգտագործելիս, կլլման ակտի դժվարացման կամ օտար մարմնի առկայության զգացում, չորության կամ ըմպանի հետին պատով մշտապես սահող արտադրություն և չոր հազ:

Կատառալ ֆարինգիտ: Բնորոշ ախտանիշներն են ըմպանի հետին պատի լորձաթաղանթի հիպերեմիան և այտուցը, լորձի առկայությունը: Նշված ախտանիշների ինտենսիվությունն աճում է սովորական մրսածության կամ ստամոքսևաղիքային տրակտի հիվանդությունների սրացման ժամանակ:

Գերաճական (հանգուցային) ֆարինգիտ: Ավշային հյուսվածքի կուտակումները խոշոր, կարմրավուն հատիկների և հետին քմային աղեղներից հետ տեղակայված գլանիկների տեսքով բնորոշ են կողմնային հիպերտրոֆիկ ֆարինգիտին:

Ապաճական ֆարինգիտը հիվանդության ամենածանր տեսակն է: Հիվանդները գանգատվում են կոկորդի արտահայտված չորությունից, որն ուղեկցվում է ցավով և կեղևների ձևավորմամբ:

Բուժումը կոմպլեքսային է և ուղղված է տեղային ախտանիշների նվազմանը և պատճառական գործոնի վերացմանը: Ֆարինգիտով տառապող բոլոր հիվանդները, անկախ դրա տարատեսակից, պետք է զննվեն քիթկոկորդականջաբանի, նյարդաբանի և գաստրոէնտերոլոգի կողմից: Մասնագիտական որոշ գործոններ, ինչպիսիք են կեղտոտ և խիստ չոր օդը, լորձաթաղանթը գրգռող գազերի առկայությունը կարող են խթանել խրոնիկական ֆարինգիտի զարգացումը: Հատուկ կարևորություն ունեն սննդի առանձնահատկությունները (կծու, տաք կամ սառը), ծխելը կամ ալկոհոլի չարաշահումը:

Տեղային դեղամիջոցները ներառում են դեղորայքները, որոնք նպաստում են ըմպանի հետին պատի խոնավացմանը և նվազեցնում այնպիսի զգացողությունները, ինչպիսիք են պարէսթեզիան` կորորդում օտար մարմնի կամ խուտուտի զգացողությունը և այլն: Կատառալ ֆարինգիտով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում կատարել ողողումներ երիցուկի և եղեսպակի թուրմով: Հիմնային ողողումները և արծաթի նիտրատի պրեպարատները (պրոտարգոլ, կոլարգոլ) նույնպես կիրառվում են չորության զգացողությունը մեղմելու համար:

Հիպերտրոֆիկ ձևերի բուժումը ներառում է գերաճած հատվածների էլեկտրոկաուստիկան. կրիոդեստրուկցիայի եղանակները ևս կիրառելի են:

Ատրոֆիկ ձևերի բուժումը գլխավորապես ախտանիշային է և ուղղված է կոկորդում չորության և ցավի վերացմանը: Նպատակին կարելի է հասնել 1%-անոց Լյուգոլի լուծույթի օգնությամբ:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին