Էզոֆագոսպազմը բնորոշվում է կերակրափողի բազմաթիվ սպոնտան կծկումներով, ինչպես նաև կլման ժամանակ միաժամանակյա ոչ պրոպուլսիվ կծկումներով: Նրանք կծկվում են բարձր ամպլիտուդով, երկարատև, կրկնվող:

Պաթոգենեզ
Առաջացման մեխանիզմները բացահայտված չեն: Նրանց հետազոտության ժամանակ դիտվում է նյարդաթելերի սեգմենտային դեգեներացիա (ի տարբերություն ախալազիայի, որտեղ տեղի է ունենում նեյրոնների մարմնի դեգեներացիա): Որոշ հիվանդների մոտ լինում են կերակրափողի բարձր ամպլիտուդային պերիստալտիկ կծկումներ: Նման կծկումներ առաջացնում են M-խոլինոխթանիչները: Էզոֆագոսպազմը կարող է լինել առաջնային կամ պայմանավորված համակարգային վասկուլիտով, դիաբետիկ նեյրոպաթիայով, ռեֆլյուքս-էզոֆագիտով, ճառագայթումով կամ կերակրափողի օբստրուկցիայով, M-խոլինոբլոկատորների ընդունումով, ինչպես նաև էմոցիոնալ ծանրաբեռնվածությամբ և ծերացումով:

Կլինիկա
Գանգատներ` ցավ կրծքավանդակում և դիսֆագիա: Ցավը հատկապես արտահայտված է կերակրափողի ամպլիտուդային երկարատև կծկումների ժամանակ: Ցավը հիմնականում առաջանում է հանգիստ ժամանակ, սակայն կարող է դրդվել կլման ժամանակ կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածությունից: Այն տեղակայված է կրծոսկրի հետևում, սակայն կարող է ճառագայթվել մեջք, կրծքավանդակի կողմնային հատված, ձեռքեր և ստորին ծնոտ: Տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, այն բավականին ինտենսիվ է` նմանվելով ստենոկարդիայի կամ միոկարդի ինֆարկտին: Դիսֆագիան հիմնականում առաջանում է կերակրափողի միաժամանակյա կծկման դեպքում: Խանգարվում է ինչպես կոշտ, այնպես էլ հեղուկ սննդի անցումը: Էզոֆագոսպազմը տարբերակում են առաջին հերթին ՍԻՀ-ից` կրծքավանդակի ցավի և դիսֆագիայի համակցումը խոսում է կերակրափողի ախտահարման մասին:

Ախտորոշում 
Բարիումով ռենտգեն հետազոտության ժամանակ կերակրափողը աորտայի աղեղից ներքև ունի խցանահանի տեսք: Սա տեղի է ունենում կերակրափողի պերիստալտիկ կծկումների փոխարինումից միաժամանակյա ոչ պրոպուլսիվով: Երբեմն կծկման ժամանակ կերակրափողի լուսանցքը լրիվ փակվում է և բարիումի հեղուկը երկու ուղղությամբ հրվում է: Ստորին կերակրափողային սֆինկտրի ֆունկցիան փոփոխված չէ: Կերակրափողի մանոմետրիայի ժամանակ կերակրափողի ստորին երրորդում դիտվում է միաժամանակյա երկարատև բարձր ամպլիտուդով կրկնվող կծկումներ: Մեկ կամ երկու հատկանիշների առկայությունը խոսում են էզոֆագոսպազմի մասին: Սակայն, քանի որ կերակրափողի սպազմը կրում է էպիզոդիկ բնույթ, հետազոտման արդյունքները կարող են լինել բացասական: Այդ պատճառով դիմում են պրովոկացիոն մեթոդների` սառը ջուրն առաջացնում է ցավ կրծքավանդակում, բայց չի առաջացնում էզոֆագոսպազմի բնորոշ ներկերակրափողային ճնշման փոփոխություն: Իսկ չոր սննդի ընդունումը և էնդրոֆոնիումի ներմուծումը առաջացնում են և ցավ, և կերակրափողի միաժամանակյա կծկումներ:


Բուժում
Էֆեկտիվ են հարթ մկանները թուլացնող պրեպարատները` նիտրոգլիցերին (0.3-0.3մգ ե/լ), իզոսորբիդ դինիտրատ (10-30 մգ սննդից առաջ), նիֆեդիպին (10-20մգ ուտելուց առաջ): Անհրաժեշտության դեպքում նշանակում են տրանկվիլիզատորներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին