Տրիկուսպիդալ անբավարարության ժամանակ տեղի է ունենում արյան հետադարձ հոսք սիստոլայի փուլում աջ փորոքի խոռոչից աջ նախասիրտ: Աջ նախասիրտ-փորոքային ելանցքի ոչ լրիվ փակվելը կարող է պայմանավորված լինել ինչպես փականի փեղկերի ախտահարումով (օրգանական անբավարարություն), այնպես էլ աջ փորոքի լայնացումով (հարաբերական անբավարարություն): Փականի փեղկերի ախտահարումը սովորաբար դիտվում է ռևմատիզմի, հազվադեպ՝ ինֆեկցիոն էնդոկարդիտի, հատկապես ստաֆիլակոկային էնդոկարդիտի ժամանակ թմրամոլների մոտ: Հնարավոր է նաև պտկաձև մկանների պատռվածք:

Եռփեղկ փականն ախտահարվում է կարցինոիդային համախտանիշով հիվանդների գրեթե կեսի մոտ լարի ֆիբրոզի հետեւանքով (հաճախ աջ նախասիրտ-փորոքային ելանցքի ստենոզի ու թոքային զարկերակի փականի արատի հետ զուգակցված): Եռփեղկ փականի բնածին փոփոխություններ հազվադեպ են հանդիպում: Սովորաբար նրա օրգանական ախտահարումը զուգակցվում է սրտի այլ արատների հետ, օրինակ՝ Էբշտեյնի անոմալիայի դեպքում: Տրիկուսպիդալ անբավարարությունը նկատվել է նաև Մարֆանի հիվանդության, ռևմատոիդ արթրիտի, ճառագայթային ախտահարման, արտանկման, պտկաձև մկանների դիսֆունկցիայի, սրտի ուռուցքների, հատկապես աջ նախասրտի միկսոմայի, էնդոմիոկարդիալ ֆիբրոզի, մետիսերգիդով պայմանավորված վալվուլոպաթիայի, համակարգային կարմիր գայլախտի ժամանակ: Եռփեղկ փականի հարաբերական անբավարարություն նկատվում է փորոքի խոռոչի արտահայտված դիլատացիայով հիվանդների մոտ, որը պայմանավորված է բարձր թոքային հիպերտոնիայով կամ սրտամկանի դիֆուզային ախտահարումով (միոկարդիտի, կարդիոմիոպաթիայի, երբեմն ծանր թիրեոտոքսիկոզի ժամանակ): Աջ նախասիրտ արյան հետադարձ հոսքի հետևանքով նրա վերջնական դիաստոլիկ ծավալը և վերջնական դիաստոլիկ ճնշումն էապես բարձրանում են, ինչը հանգեցնում է նախասրտի դիլատացիայի և նրա պատերի գերաճի: Նախասրտի սահմանափակ կոմպենսատորական հնարավորությունների պատճառով արագ առաջանում են արյան մեծ շրջանառությունում կանգի երևույթներ. բարձրանում է երակային ճնշումը, մեծանում է լյարդը, առաջանում է դրական երակային երակազարկ (լծերակների փքվածություն փորոքների սիստոլայի փուլում):

Կլինիկական պատկեր
Կրծքավանդակը զննելիս երբեմն հաջողվում է բացահայտել կրծքավանդակի առաջային պատի սիստոլիկ ներքաշում: Բնորոշ սիստոլիկ աղմուկը լավ է լսվում III կամ IV միջկողային տարածությունում կրծոսկի աջ եզրին: Այն հազվադեպ է բարձր լինում, սակայն սովորաբար գրավում է ամբողջ սիստոլան: Սուր առաջացած անբավարարության ժամանակ (ինֆեկցիոն էնդոկարդիտի կամ վնասվածքի հետևանքով) աղմուկը սովորաբար քիչ ինտենսիվ է և դիտվում է միայն սիստոլայի առաջին կեսում: Աջ փորոքի զգալի մեծացման դեպքում սիստոլիկ աղմուկը կարող է լսվել նաև կրծոսկրի ձախ եզրի մոտ, իսկ երբեմն էլ՝ գագաթին: Ի տարբերություն միտրալ ռեգուրգիտացիայի աղմուկի՝ եռփեղկ փականի անբավարարության սիստոլիկ աղմուկը շունչ քաշելու բարձրության վրա հստակ ուժեղանում է (Ռիվերո-Կարվալոյի համախտանիշ): Եռփեղկ փականի անբավարարությամբ հիվանդների մոտ սիստոլիկ աղմուկը փոփոխական է և հաճախ անհետանում է: Բնորոշ է շողացող առիթմիայի առաջացումը: ԷՍԳ-ի վրա հայտնաբերում են սրտի էլեկտրական առանցքի շեղում դեպի աջ, II-III ստանդարտ և աջ կրծքային արտածումներում P ատամիկի մեծացում: Կրծքանդավակի ռենտգենագրության ժամանակ հայտնաբերում են աջ փորոքի և աջ նախասրտի դիլատացիա: Էխոսրտագրության ժամանակ սրտի աջ խոռոչների դիլատացիայից բացի, դիտվում է միջփորոքային միջնապատի պարադոքսալ շարժում: Թոքային հիպերտոնիայի բացակայության դեպքում եռփեղկ անբավարարությունն ընթանում է առանց ախտանշանների: Սակայն թոքային հիպերտոնիայի առկայության դեպքում զարգանում է սրտային անբավարարություն (հեպատոմեգալիա, այտուցներ, ասցիտ):

Ախտորոշում և տարբերակված ախտորոշում
Եռփեղկ փականի անբավարարության ախտորոշումը բարդ է: Կրծոսկրի ստորին հատվածում սիստոլիկ աղմուկի առկայության դեպքում կարևոր է որոշել խոր շունչ քաշելիս նրա ինտենսիվությունը: Սակայն սիստոլիկ աղմուկը կարող է բացակայել, իսկ սրտի զուգակցված արատների ժամանակ այն դժվար է տարբերել մյուս աղմուկներից: Տրիկուսպիդալ անբավարարություն պետք է կասկածել այն հիվանդների մոտ, ում սիրտը, այդ թվում նաև աջ փորոքը զգալիորեն մեծացած է, մեծ շրջանառությունում կանգային երևույթների գերակշռման դեպքում: Պարանոցի երակների փքվածության, լյարդի զգալի մեծացման հետ մեկտեղ այդ հիվանդների մոտ որոշվում է նրա պուլսացիան, որը համընկնում է փորոքի սիստոլայի հետ, սիստոլիկ երակային երակազարկ, կրծքավանդակի առաջային պատի սիստոլիկ ներքաշում: Արատի ճանաչմանն օգնում է երակային երակազարկի և լյարդի պուլսացիայի գրանցումը, ինչպես նաև էխոսրտագրությամբ հաստատված աջ նախասրտերի ու փորոքների արտահայտված մեծացումը: Ախտորոշումը կարելի է ճշտել աջ նախասրտում ճնշումը արձանագրելիս: Նորմայում փորոքների սիստոլայի փուլում աջ նախասրտի խոռոչում ճնշումը կազմում է 5-6 մմ սնդ. սյան: Արտահայտված ռեգուրգիտացիայի ժամանակ այն մեծանում է մինչև 25-30 մմ սնդ. սյան, ոչ մեծի դեպքում՝ մինչև 10-15 մմ սնդ. սյուն:

Բուժում
Թոքային հիպերտոնիայի բացակայության դեպքում տրիկուսպիդալ անբավարարությունը վիրահատություն չի պահանջում (բացառությամբ ինկուրաբել ինֆեկցիոն էնդոկարդիտի): Վիրահատական բուժումը եռփեղկ փականի ձեռքբերովի անբավարարության ժամանակ ենթադրում է անուլոպլաստիկա, որի տեխնիկան կախված է արատի պատճառից:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին