Երկփեղկ փականի արտանկումը ուսումնասիրվել է վերջին տարիներին էխոսրտագրության շնորհիվ: Հաճախ երկփեղկ փականի արտանկումը հայտնաբերվում է պատահաբար սրտի գործիքային հետազոտության ժամանակ, չի ուղեկցվում ինչ-որ ախտանշաններով կամ հեմոդինամիկ խանգարումներով և, հավանաբար, բնածին է՝ երբեմն զուգակցվելով լարի անոմալ դիրքի և մյուս բնածին առանձնահատկությունների հետ՝ ներառյալ բնածին արատները: Հաճախ դիտվում է ասթենիկների մոտ: Երկփեղկ փականի արտանկումը հանդիպում է նաև ՍԻՀ-ի, ռևմատիզմի, կարդիոմիոպաթիաների, միոկարդիտի, Մարֆանի համախտանիշի, Էլերս-Դանլոյի համախտանիշի ժամանակ, մարզիկների մոտ: Միտրալ փականի արտանկումը առավել տարածված փականային ախտաբանությունն է. պոպուլյացիայում նրա հանդիպման հաճախականությունը կազմում է 3-5%. կանանց մոտ այն կրկնակի բարձր է, քան տղամարդկանց: Երկփեղկ փականի արտանկումը հնարավոր է հայտնաբերել հիվանդի մոտ ազգականների մոտ. երբեմն այն փոխանցվում է աուտոսոմ-դոմինանտ տիպով:

Ձևաբանական հետազոտության ժամանակ երկփեղկ փականի արտանկումով հիվանդների մոտ երբեմն հայտնաբերում են փականի փեղկերի միկսոմատոզ փոփոխություններ կամ լարի կոլագենի դեգեներատիվ փոփոխություններ: Երկփեղկ փականի արտանկումը կարող է զարգանալ պտկաձև մկանների վնասվածքի ժամանակ՝ նրանց դիսֆունկցիայով: Փականի ստրոմայի առավել արտահայտված միկսոմատոզային փոփոխությունների ժամանակ այն մանրադիտակով կարող է երևալ մեծացած՝ էնդոթելի փոփոխություններով, էնդոկարդիտի հատվածներով կամ թրոմբոզով: Հեմոդինամիկ խանգարումներ առաջանում են միտրալ ռեգուրգիտացիայի առկայության ժամանակ, թեպետ այն լինում է միտրալ փականի արտանկում ունեցող ոչ բոլոր հիվանդների մոտ: Երկփեղկ փականի արտանկման առավել բնորոշ աուսկուլտատիվ նշանները սիստոլայի կեսին (I տոնից հետո 0,14 վրկ անց) լրացուցիչ տոնն է և դրանից հետո առաջացող հարաճուն սիստոլիկ աղմուկը, որը շարունակվում է մինչև II տոնի աորտալ բաղադրիչը: Աուսկուլտատիվ փոփոխություններն ավելի լավ են որոշվում կրծոսկրի ստորին երրորդի ձախ եզրի մոտ: Արտահայտված միտրալ հետադարձ հոսքի ժամանակ աղմուկը կարող է շարունակվել ամբողջ սիստոլայի ընթացքում: Որոշ հիվանդների մոտ լսվում է միայն լրացուցիչ սիստոլիկ տոնը, իսկ մյուսների մոտ՝ միայն ուշ սիստոլիկ աղմուկը:

Միտրալ փականի արտանկման ախտորոշման հիմնական մեթոդը էխոսրտագրությունն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել երկփեղկ փականի փեղկերից մեկի կորացում("առագաստային փեղկ", փեղկի դուրս ցցում): Առանձնացնում են փեղկերի վաղ, միջին, ուշ և պանսիստոլիկ արտանկում, սակայն նման բաժանումը խիստ պայմանական է, քանի որ շատ բանում կախված է տվիչի դիրքից և արտացոլում է երկփեղկ փականի փեղկի տարբեր հատվածների տեղաշարժման անհամաչափությունը դեպի ձախ նախասրտի խոռոչ: Երկփեղկ փականի արտանկման ժամանակ աուսկուլտատիվ տվյալների անկայունությունն արտացոլում է դեպի ձախ նախասրտի խոռոչ արտանկման տարբեր աստիճանը, որը կախված է մի շարք պատճառներից: Օրվա տարբեր ժամերին նույն հիվանդի մոտ կարող է լինել երկփեղկ փականի արտանկման տարբեր արտահայտվածություն: Արտանկումը բացահայտման համար օգտագործում են նիտրոգլիցերինով, ֆիզիկական լարումով փորձերը, ցրտի փորձ:

Պտկային մկանների և լարի վնասվածքով պայմանավորված երկփեղկ փականի արտանկումը մշտական է: Այն կախված չէ լարումների և դեղամիջոցների փորձերից, որոնք, հավանաբար, կարող են փոխել միայն միտրալ ռեգուրգիտացիայի արտահայտվածությունը: Էխոսրտագրության ժամանակ հստակ երևում է երկփեղկ փականի չֆիքսված փեղկը, որն սխալ շարժումներ է անում դիաստոլայի ժամանակ և փորոքների սիստոլայի փուլում գլորվում//թավալվում է ձախ նախասրտի խոռոչ: M-էխոսրտագրության ժամանակ ձախ նախասրտի վերփականային տարածության հատվածում հաճախ հաջողվում է բացահայտել լրացուցիչ արձագանք//էխո-ազդանշաններ երկփեղկ փականի փեղկից: Երկփեղկ փականի լարը պոկվելիս արտանկումը միշտ պանսիստոլիկ է և ուղեկցվում է սիստոլիկ աղմուկով, որը բնորոշ է միտրալ անբավարարությանը: Երկփեղկ փականի արտանկման ժամանակ միտրալ ռեգուրգիտացիան կարող է տատանվել լայն սահմաններում և անգամ բացակայել, ընդ որում, ռեգուրգիտացիայի մեծությունը սովորաբար կախված չէ փեղկի արտանկման աստիճանից: Այնուամենայնիվ, միտրալ անբավարարության խորացումը երկփեղկ փականի արտանկման առավել լուրջ բարդությունն է և դիտվում է հիվանդների 15%-ի մոտ 10-15 տարվա ընթացքում: Դոպլերէխոսրտագրության ժամանակ երկփեղկ փականի արտանկումով հիվանդների մոտ միտրալ ռեգուրգիտացիայի նշանները հաճախ բացակայում են: Լարի պոկվելու հետ կապված արտանկումը միշտ ուղեկցվում է երկփեղկ փականի անբավարարության անուղղակի նշաններով, ձախ փորոքի խոռոչի դիլատացիայով. զգալի ռեգուրգիտացիայի ժամանակ՝ աորտալ փականի փեղկերի իջեցումով:

Երկփեղկ փականի արտանկումը կարող է բարդանալ հեմիպլեգիայի, ձեռք բերված ուղեղի իշեմիայի, ամավրոզի տեսքով նևրոլոգիական խանգարումներով, ինչը թույլ է տալիս ենթադրել ուղեղային էմբոլիաներ: Բացի այդ, այն կարող է զուգակցվել ռիթմի տարբեր խանգարումների հետ, ներառյալ էքստրասիստոլաներ, պարոքսիզմալ առիթմիաներ, սինուսային հանգուցի թուլության համախտանիշ, նախասիրտ-փորոքային պաշարում, որոնք կարող են նաև կապված չլինել արտանկման հետ: Հիվանդության ոչ առանձնահատուկ արտահայտություն կարող են լինել կրծքավանդակի ատիպիկ ցավերը, հևոցը, թուլությունը, ուշագնացությունները: Ֆիզիկական հետազոտության ժամանակ հայտնաբերում են կրծքավանդակի կառուցվածքում տարբեր շեղումներ: Ռենտգենաբանորեն հաստատում են սկոլիոզ, կրծքային կիֆոզի//կուզի բացակայություն:

Հիվանդ Ն., 55 տարեկան: 3 տարի տառապում է զարկերակային հիպերտոնիայով (մինչև 200/100 մմ սնդ. սյան), շաքարային դիաբետով: Ընդունվել է գլխացավերի, ֆիզիկական լարման ժամանակ հևոցի գանգատներով: Հիվանդը ավելորդ քաշ ունի: Շոշափելիս սրտի հատվածում դող չի զգացվում: Աուսկուլտուցիայի ժամանակ սրտի բոլոր կետերում արձանագրվում են սիստոլիկ աղմուկ՝ առավելագույնը գագաթում, որի ինտենսիվությունն աճում է II տոնում: Ռենտգենաբանորեն. ձախ փորոքի և ձախ նախասրտի մեծացում, աորտան բացված// է, վերել հատվածում չափավոր լայնացած: ԷՍԳ-ն. ձախ փորոքի չափավոր գերաճ: Ֆոնոսրտագրություն. սիստոլայի երկրորդ կեսին կոշտ աղմուկ՝ ինտենսիվության աճով II տոնի ժամանակ: Էխոսրտագրություն. ձախ փորոքի գերաճ և լայնացում, երկփեղկ փականի արտանկում: Այսպիսով, զարկերային հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, ճարպակալման ֆոնին կորոնար աթերոսկլերոզի նախնական արտահայտությունների հետ բացահայտվել է երկփեղկ փականի արտանկում, որն ուղեկցվում է միտրալ ռեգուրգիտացիայով (սրտի ձախ խորշերի մեծացում, կոշտ սիստոլիկ աղմուկ, որը տարածվում է սրտի ամբողջ հատվածի վրա և աճում II տոնին: Տվյալ դեպքում երկփեղկ փականի արտանկումն որևէ առանձնահատուկ բուժում չի պահանջում:

Հիվանդների մեծ մասի մոտ երկփեղկ փականի անախտանշան արտանկումը, որը չի ուղեկցվում արտահայտված ռեգուրգիտացիայով, ելքը բարենպաստ է: Սիստոլիկ աղմուկի առկայության դեպքում նպատակահարմար է հսկողությունը և պարբերաբար էխոսրտագրական հետազոտություն կատարել՝ արտահայտված միտրալ ռեգուրգիտացիայի զարգացումը բացառելու համար: Նման հիվանդներին անհրաժեշտ է ինֆեկցիոն էնդոկարդիտի կանխարգելում: Արտահայտված միտրալ ռեգուրգիտացիայի ժամանակ, որը հակում ունի հարաճելու (մոտավորապես հիվանդների 15 %-ի մոտ), ցուցված է երկփեղկ փականի պրոթեզավորում: Առիթմիաների առկայության դեպքում ցանկալի է ԷՍԳ շուրջօրյա մոնիթորինգի անցկացում և b-ադրենաբլոկատորների նշանակում: Երկփեղկ փականի արտանկման վիրաբուժական շտկումը առանց միտրալ ռեգուրգիտացիայի նպատակահարմար է միայն սրտի ռիթմի ծանր խանգարումների որոշ դեպքերում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին