Էրիզիպելոիդ հիվանդությունը իրենից ներկայացնում է մաշկի վարակիչ հիվանդություն: Այն նաև անվանում են խոզի կարմիր քամի, քանզի հիվանդությունն առաջացնում են խոզի կարմիր քամու ցուպիկները (բակտերիաները):
Պատճառներ
Էրիզիպելոիդ հիվանդության վարակման աղբյուր են հանդիսանում թափոններով սնվող ձկները, որոնք սովորաբար ապրում են ծանծաղ ջրերում, ինչպես նաև վարակի աղբյուր կարող են հանդիսանալ ընտանի կենդանիները (առավել հաճախ` խոզերը): Մարդը վարակվում է ձկան կամ հիվանդ կենդանիների միսը վերամշակելու ժամանակ ձեռքերը վնասելիս: Հիվանդից առողջ մարդուն հիվանդությունը չի փոխանցվում:
Պաթոգենեզ
Վնասվածքի տեղում 2-3 օր հետո առաջանում է այտուց, մաշկը դառնում է կարմրակապտավուն: Այտուցն աստիճանաբար մեծանում է, դառնում ցավոտ: Որոշ դեպքերում մեծանում են մոտակա ավշային հանգույցները, ախտահարվում են ձեռնաթաթի հոդերը և բարձրանում է ջերմաստիճանը:
Բուժում
Հում ձուկը կամ միսը մշակելիս մաշկի վնասվածքի դեպքում այտուց, կարմրություն, ցավեր առաջանալիս անհրաժեշտ է դիմել բժշկի: Հիվանդությունը բուժելի է, բայց նաև կրկնվում է:
Կանխարգելում
Հիվանդության կանխարգելման նպատակով ձուկ կամ միս մշակելիս պետք է խուսափել մաշկի վնասումներից, իսկ վնասվելու դեպքում այդ հատվածն անհրաժեշտ է անմիջապես մշակել վարակազերծող նյութերով:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին