Պնդացող էրիթեման (erythema indurativum Bazin) գրեթե բացառապես դիտվում է 16-40 տարեկան կանանց մոտ և գերազանցապես տեղակայվում է սրունքների շրջանում, որպես կանոն՝ սիմետրիկորեն։ Այլ տեղակայումները ներկայացնում են հազվագյուտ բացառություն։ Ենթամաշկային բջջանքում և դերմայի խորը շերտերում՝ գոյանում են ամուր, խոշոր սիսեռից մինչ շագանակի մեծության հանգույցներ։ Դրանց վրայի մաշկը սկզբում ունենալով բնականոն գույն, հանգույցների մեծացման հետ ձեռք է բերում կարմիր կամ կապտավուն գունավորում։ Հանգույցների շոշափումը ցավ քիչ է պատճառում։

Պահպանվելով մի քանի շաբաթ կամ ամիսներ, հանգույցներն աստիճանաբար ներծծվում են՝ իրենց տեղում թողնելով պիգմենտացիա, իսկ երբեմն` մաշկի թեթև ապաճում։ Մի շարք դեպքերում առանձին հանգույցները փափկում են ու խոցոտվում։ Գոյացած խոցերն ունեն կլոր ձև, թեթևակիորեն փորված եզրեր և դեղնակարմիր հատակ։ Բնորոշ է այն, որ հանգույցները քայքայվում են ոչ լրիվ, որի հետևանքով խոցի շուրջն ու հիմքում շոշափվում է ամուր ինֆիլտրատ։ Խոցային ձևը աչքի է ընկնում շատ թառամ ընթացքով ու ապաքինվում է դանդաղորեն, առաջացնելով մակերեսային, ապաճած սպի։ Հանգույցների քանակը լինում է տարբեր՝ 3-4-ից մինչ 10-ը և դեռ ավելի։ Տեղադրվելով սովորաբար ցրված, հանգույցները հազվադեպ խմբավորվում են կամ ընդունում փոկանման դասավորություն։ Հիվանդությունը հակում ունի կրկնումների, որոնք տեղի են ունենում աշնանն ու ձմռանը։ Ստորին վերջույթների հաճախակի սառեցումը, ինչպես նաև երկար ժամանակ ոտքերի վրա կանգնելը (կապված աշխատանքի հետ) նախատրամադրում են հիվանդությանը։ Արդեն նշվել է, որ պնդացող էրիթեման շատ անգամ զուգորդվում է պապուլո-նեկրոտիկ տուբերկուլոզի հետ։ Ինչպես և վերջինիս դեպքում՝ պնդացող էրիթեմայով հիվանդների մոտ ոչ հազվադեպ նշվում է զուգորդում ավշային հանգույցների տուբերկուլոզի, ավելի սակավ՝ ակտիվ, բայց բարորակ ընթացող թոքերի տուբերկուլոզի հետ։

Պիրկեի ռեակցիան դեպքերի մեծ մասում դրական է։ Հյուսվածաախտաբանությունը։ Պնդացող էրիթեման բնորոշվում է ենթամաշկային բջջանքում ու դերմայի ստորին հատվածներում հզոր բորբոքային ինֆիլտրատի գոյացումով՝ բաղկացած էպիթելոիդ և հսկա բջիջներից, ինչպես նաև լիմֆոցիտներից ու օջախներով դասավորված պլազմատիկ բջիջներից։ Ինֆիլտրատի կենտրոնում հայտնաբերվում է լոռանման քայքայում։ Բնորոշ է անոթների, հատկապես երակների պատերի ախտահարումը։ Նրանք խիստ հաստացած են ու թափանցված ինֆիլտրատով։ Ինտիմայի գերաճը ոչ հազվադեպ բերում է անոթների խցանման, առանձին անոթներում նշվում են թրոմբներ։ Լոռանման քայքայման կենտրոնում, էլաստիկումի նկատմամբ ներկելիս, երբեմն հաջողվում է հայտնաբերել անոթների առաձիգ թաղանթի մնացորդները։ Հիմնական օջախից ինֆիլտրատը տարածվում է լարերի ձևով, տեղադրվելով անոթների շուրջն ու գոյացնելով ցանցային գծագրություն։ Ճարպային բջջանքն ինֆիլտրատի շրջակայքում գտնվում է ապաճած վիճակում։

Ախտորոշումը։ Առավել դժվար է տարբերական ախտորոշումը պնդացող էրիթեմայի և հանգուցային էրիթեմայի խրոնիկական ձևի միջև։ Պետք է հենվել գլխավորապես հիվանդի ընդհանուր քննության տվյալների (տուբերկուլոզային ինֆեկցիայի առկայություն կամ բացակայություն), Պիրկեի ռեակցիայի արդյունքի վրա, մի շարք դեպքերում՝ սպեցիֆիկ բուժման արդյունավետության վրա։ Պետք է նկատի ունենալ, որ հանգուցային էրիթեման, ի տարբերություն պնդացող էրիթեմայի, հակում չունի դեպի քայքայումն ու խոցոտումը, ինչպես նաև դեպի հաճախակի կրկնումները։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին